կարևոր
3436 դիտում, 2 տարի առաջ - 2022-09-26 12:53
Աշխարհ

Էդիրնեքափըում Փարամազի գերեզմանը ճանապարհի տակ է մնացել

Էդիրնեքափըում Փարամազի գերեզմանը ճանապարհի տակ է մնացել

Վերջին մի քանի տարիներին հարձակվել են Վանի Տուշպայում գտնվող հայկական գերեզմանների, Հաթայի աշխատանքային թաղամասի հուդայական գերեզմանների, Ադըյամանի Մարա թաղամասում գտնվող ասորական գերեզմանոցների և Անկարայում Սինջանի հայկական գերեզմանատան վրա։

Սայաթ Թեքիր

«Հարգանք և արդարություն հանգուցյալներին» նախաձեռնությունը հավաքվել է 2021 թ. հունվարից։ Քննարկումներից ութերորդը, որը սկսվեց 2021 թ. ապրիլի 10-ին, «Փորձառություններ և վկայություններ. ընտանիքները պատմում են հանգուցյալների նկատմամբ բռնության մասին» խորագրով էր:

«Փորձառություններ և վկաներ. ընտանիքները պատմում են հանգուցյալների նկատմամբ բռնության մասին» քննարկումը տեղի ունեցավ 2022 թ. ապրիլի 25-ին։ Բուրջու Չելիքի կողմից համակարգվող ծրագրի շրջանակներում ելույթ ունեցան Ալաաթթին Թուղլուքը, Նեդիմե Էրդողանը, Էրսին Ումութ Գյուլերը, Հալիսե Աքսոյը, Սիդիքա Սևիլգենը, Թուլայ Սավաշը, Իհսան Սեվիքթեքը, Սայաթ Թեքիրը, Լեզգին Բինգյոլը, Հիզնի Դողանը։ Այս շարքում հրապարակում ենք քննարկման ելույթներում առաջարկվող լուծումները ։

«Հանգուցյալների նկատմամբ բռնությունը Թուրքիայում», «Տարբեր հավատքներ դվանողները խոսում են հուղարկավորությունների և գերեզմանատների վրա հարձակումների մասին», «Օրենսգետները խոսում են հանգուցյալների հանդեպ հարգանքի և արդարության մասին», «Հանգուցյալների նկատմամբ բռնության տեղը մամուլում» և «Հարգանքը և արդարությունը հանգուցյալների նկատմամբ՝ դատաբժշկական համակարգի շրջանակներում», «Սուգ, հիշողություն և քաղաքականություն» և «Հանգուցյալների մարմինների նկատմամբ բռնության սեռի մասին» վերնագրերով քննարկումները նաև կարող եք կարդալ և դիտել հետևյալ հղումով՝ https://bianet.org/konu/oluye-saygi-ve-adalet-inisiyatifi :

Ուզում եմ՝ բոլորդ իմանաք, որ այս պայքարը բոլորինս է, և ձեզանից ոչ ոք մենակ չէ։ Որպես ձեր հայ եղբայր՝ խոսքս հատկապես ձեզ եմ ուղղում։ Ելույթս սկսեմ մի քիչ հետ գնալով: Սկսեմ հարյուր տարի առաջվա դեպքերից:

Սակայն նախ ուզում եմ հետևյալն ընդգծել․ ասեցին՝ հայկական համայնք, բայց գուցե լավ կլիներ մի փոքր ուղղում անել։ Ինչպես որ չենք օգտագործում «Թուրքիայի թուրքական համայնք» կամ «քրդական համայնք» սահմանումները, այնպես էլ հայերի համար ավելի նպատակահարմար կլինի «համայնքի» փոխարեն «ժողովուրդը» կիրառել:

1909-ի, 1884-ի, 1986-ի ջարդերի և 1915-ի Հայոց ցեղասպանության պես տարեթվեր գիտենք: Անշուշտ, մեր տարածաշրջնում ոչ մահմեդական բնակչության դեմ իրականացված այլ կոտորածների մասին էլ ենք տեղյակ: Պոնտոսի ժողովրդի ջարդերը և այս ջարդերից հետո գանգերի աշտարակների կառուցումը, օրգանների, մարմինների և դիերի ցուցադրման նման դեպքեր էլ են պատահել:

Ըստ էության, այդ ժամանակաշրջանում պետության համար ողջ մարդիկ ու նրանց մարմիններն անգամ կարևոր չէին, ուր մնաց՝ դիերը: Սակայն այսօր՝ 100 տարի անց, երբ նայում ենք, ցավոք տեսնում ենք, որ Թուրքիայում ոչինչ չի փոխվել, որ հանգուցյալներն ու թաղվածները սրբություն չունեն, հատկապես եթե նրանք քրիստոնյա կամ հուդայական են՝ շատ նշանակություն չունեն:

Դիերին ի՞նչ պատահեց

Ըստ էության անցյալից մինչ մեր օրեր եթե նայենք, հատկապես 1915 թ․ շատ վայրերում տեղի ունեցած կոտորածների մասին բազմաթիվ պատումներ կան: Պատմություններ ենք լսել անդունդներից նետված, կոկորդը կտրելով մի ժայռի հետևում սպանված մարդկանց կամ էլ արյան հանգույն օրերով հոսած գետերի մասին, անգամ նկարներ կան: Դրանք գրավոր աղբյուրներում էլ կարող ենք գտնել։

Սակայն ի՞նչ եղավ այդ դիերի հետ։ Դժվար է գտնել դրանք․ շատ քիչ են: Շատերին հոշոտել են կենդանիները, և իրականում սա այն է, ինչ տեղի է ունեցել հարյուր տարի առաջ, բայց երբ անդրադառնում ենք դրանից հետո հանրապետության ​​շրջանին, ապա տեսնում ենք, որ տասը տարին մեկ Թուրքիայում ասորիները, հայերը, հրեաները, հույները կամ ուղղափառները մեծ տառապանքներ են ապրել:

Շատ ջարդեր, խտրական օրենքներ են կիրառվել, սակայն այն, ինչ ամենաշատն ենք հիշում, և նրանք, դեռևս մեր ընտանիքներում ապրողներն են հիշում՝ 1955 թ. սեպտեմբերի 6-ի և 7-ի դեպքերն էին: Երկու ամիս առաջ սա բավականին առօրեական էր։ Այն Թուրքիայում առօրեական դարձավ Netflix-ով հեռարձակվող սերիալի միջոցով (նկատի ունի «Ակումբ» (“Kulüp”) սերիալը-Ակունքի խմբ

Անկասկած, 1955-ի սեպտեմբերի 6-7-ին մարդիկ սպանվեցին, բռնաբարվեցին, ծեծվեցին, հարձակումներ կատարվեցին տների և աշխատատեղերի վրա, այրվեցին եկեղեցիներ, սինագոգներ և վանքեր։ Մինչ նման բաներ էին կատարվում, գերեզմանոցները, անշուշտ, անտեսվեցին։ Գերեզմանատներում, ցավոք, տապանաքարեր են ջարդել, փորձել են քանդել։

Հարձակումներ գերեզմանատների վրա

Հատկապես գերեզմանատների դեմ այս հարձակումները, առաջինը չէին, վերջինն էլ չեղան, երբ նայում ենք վերջին յոթ տարիներին՝ սկսած 2015 թվից, հատկապես հունիսի ընտրություններից հետո, հապա էլ ինչպե՞ս կարող եմ ավելին ասել Թուրքիայում։

Ֆաշիստական ​​կարգերին վերադարձով Թուրքիայի շատ ժողովուրդների նկատմամբ մարդկության դեմ լուրջ հանցագործություններ կատարվեցին։ Երբ դիտարկում ենք, ցավոք, այս վերջին յոթ տարիների ընթացքում մեկ անգամից ավելի՝ հարձակումներ են տեղի ունեցել գերեզմանատների և փոքրամասնությունների գերեզմանների վրա։

Հարձակվել են Վանի Տուշպայում հայկական գերեզմանների վրա, Հաթայի աշխատանքային թաղամասում գտնվող հրեական գերեզմանների վրա, Ադըյամանի Մարա թաղամասում գտնվող սիրիական գերեզմանների վրա և Անկարայի Սինջանում գտնվող հայկական գերեզմանների վրա։ Սրանք միանգամից հիշվող դեպքերն են: Եթե սրանց ավելացնենք հարձակումները եկեղեցիների կամ ընդհանուր ու մշակութային տարբեր կոթողների վրա, այս անգամ, ցավոք, հարձակումները տարեկան երեքով, չորսով կաճեն։

Խոսքը խիստ հակասական վիճակի մասին է: Կասկածից վեր է, որ «Շատ ներողություն՝ հայ» կամ էլ տեսակ-տեսակ ռասիստական, խտրական և ատելության արտահայտություններ պարունակող խոսույթները չեն պակաս չեն եղել քաղաքական գործիչների, հատկապես Էրդողանի շուրթերից։

Միայն պետությունը չէ

Եվ նրանց լսող մարդիկ, ցավոք սրտի, իրականացրեցին այդ հարձակումները։ Այստեղ ամենացավալին այն է, որ այդ հարձակումները միայն պետության աջակցությամբ կամ պետության կազմակերպմամբ չեն եղել։ 1915-ին էլ էր այդպես:

Ցավոք սրտի, եղբայրական ժողովուրդներից էլ մարդիկ ի սրտե մասնակցեցին այդ հարձակումներին։ Վերջին բանը, որ հիշում ենք, Քուզգունչուք եկեղեցու խաչի հանվելն էր։ Նկարներ կան, այդ խաչը Մազլում Սերինն է հանել։ Դատապարտվեց մեկ տարի չորս ամիս ժամկետով։ Հետո այս պատիժը չեղարկվեց, քանզի անձը խելապակաս էր։

Կարող է պատահել, այսինքն՝ տվյալ անձը կարող է խելապակաս լինել, կամ Թուրքիայի դատարաններն էլ կարող է խելապակաս լինեն։ Որովհետև, ցավոք սրտի երկիրը, որտեղ մենք ապրում ենք, այժմ մի վայր է, որտեղ դատարանների դահլիճները վերածվել են թատրոնի, և քանի որ դա այդպես է, այդ վիճակից շահել է հանցագործը: Գտնվում ենք մի մակարդակում, որտեղ ոչ մի դատավարություն չի անցկացվում այն ​​իրադարձությունների առնչությամբ, որոնք հենց նոր նշեցին մեր ընկերներից շատերը:

Փարամազի գերեզմանը

Անհրաժեշտ է նաև խոսել այն մասին, որ այսօր փոքրամասնությունների գերեզմանոցներից մի քանիսը վերացվել են ճանապարհների ու շինարարության պատճառով։ Հայտնի, կարևոր հայ հեղափոխական Մատթեոս Սարգսյանը հայտնի է Փարամազ անունով։ Նրա մասին բազմաթիվ գրքեր են հրատարակվել։ Էդիրնեքափըի գերեզմանատան նրա գերեզմանը, ցավոք, այժմ գտնվում է ճանապարհի տակ։

Ճանապարհ անցկացնելու համար գերեզմանատան մի մասը վերացրել են։ Կամ էլ Գեզի զբոսայգին նախկին Սուրբ Հակոբ հայկական գերեզմանոցն է։ Այստեղի գերեզմանաքարերն օգտագործվել են Գեզի այգու աստիճանների վրա, ինչպես գիտենք։ Այս առումով, որտեղ էլ որ փորենք, կարող ենք գտնել հայերի գերեզմաններ կամ զանգվածային գերեզմաններ Թուրքիայում, Անատոլիայում կամ Ստամբուլում, և ցավոք, այս բարբարոսությունը շարունակվում է։

Հատկապես այսօր հարձակումները իրականացվում են գանձագողության անվան տակ։ Գնալով բազմաթիվ հայկական գերեզմանատներ դառնում են գանձագողերի թիրախ: Մարդկանց դիերը տեղահանվում են նույնիսկ ոսկե ատամների համար, գերեզմանաքարեր են ջարդվում։ Ցավոք սրտի, շատ ենք հանդիպում նման դեպքերի։

Մարիցա Քյուչյուք

Երկու եզակի դեպքից էլ խոսեմ և ավարտեմ խոսքս: 2012 թ. Ստամբուլի Սամաթյա թաղամասում իրար հաջորդած մի շարք հարձակումներ տեղի ունեցան։ Հայ տարեց կանանց դեմ: Մի կնոջ առևանգման փորձ է արվել: Փողոցի մեջտեղում կանանցից մեկը հարձակման էր ենթարկվել ու կորցրել աչքը: Մի կին էլ սպանվել էր։

Ցավոք, Մարիցա Քյուչյուքն սպանվել է իր տանը։ Գործի առթիվ նրա որդին՝ Մասիս Քյուչուքը հայտնել է, որ մոր կրծքին խաչ է նկարված եղել։ Չգիտենք՝ դա արվել է նրա սպանվելուց առաջ, թե հետո, քանի որ ոստիկանությունը ծածկադմփոց է արել և ոչ մի լուսանկար ցույց չի տվել։

Մինչդեռ նրա որդին ասում էր, որ նման բան է պատահել, իսկ ոստիկաններն ասում էին, թե նման բան չի եղել ու լուսանկարները ցույց չին տալիս․ գործը հնարավորինս շուտ փակեցին լրատվամիջոցների առաջ։

Հետո արդեն դուք բոլորդ հետևել եք: Թաղամասում մեկ այլ հայ գտնվեց: Թմրանյութերից կախվածություն ունեցող մի հայ հայտնաբերվեց, և այս գործն էլ այսպես փակվեց: Այսինքն փակվեց, որովհետև հայն էր հայի սպանել: Բայց, ենթադրաբար, սպանությունից հետո դանակով կրծքին գծված խաչի թեման փակվեց-գնաց: Այսօր սա էլ է դարերով շարունակվող երևույթի ապացույցը:

Դիրիլ զույգը

Անհրաժեշտ է խոսել ասորի Դիրիլ զույգից: Խոսքը Շիմունի Դիրիլի եւ Հուրմուզ Դիրիլի մասին է։ Ինչպես հայտնի է, նրանց առևանգել էին երկու տարի առաջ, և Հուրմուզ Դիրիլին դեռևս չեն կարողանում գտնել: Շիմունի Դիրիլը գտնվեց առևանգվելուց 70 օր անց։ Իրենց գյուղի մոտ, գետի ափին է գտնվել։ Շիմունի Դիրիլի դուստրը հայտնել է, որ իրենց մոր մարմինը ամբողջական չի եղել։ Այսինքն նշանակում է, որ նրա վերջույթները կտրվել են։ Նա նշել է, որ նրան խոշտանգել են:

Շիմունի Դիրիլը 65 տարեկան էր: Այսինքն, անկախ երիտասարդ թե տարեց լինելուց, այս ռասիստական, ֆաշիստական ​​կարգը Թուրքիայում, ցավոք, գործում է՝ առանց հայ, ասորի, հրեա, քուրդ ու ալեւի հաշվի առնելու։ Բոլորիս ձգտում են մի ձևով ոչնչացնել: Այս առումով, կարծում եմ, այն, ինչ պետք է անենք, միավորումներ հիմնելն ու միասին պայքարելն է, ինչպես անում ենք այսօր։

Այս առումով, մի կողմից շատ տխուր եմ՝ այստեղ գտնվող մարդկանց պատմությունների պատճառով այստեղ գտնվելուս համար։ Մյուս կողմից ուրախ եմ, որ մեզանից ոչ ոք մենակ չէ։ Կարծում եմ՝ բոլորս միասին կփոխենք այս ճնշող կարգը։ Շատ շնորհակալ եմ:

https://m.bianet.org/bianet/yasam/267205-paramaz-in-edirnekapi-daki-mezari-yol-altinda-kaldi

Թարգմանեց Տիգրան Չանդոյանը

Akunq.net