կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-29 16:24
Հասարակություն

Արամ Մանուկյանի կնոջ գերեզմանը՝ վանդալիզմի զոհ (լուսանկարներ)

Վերջին տասնամյակի ընթացքում Երեւանի կենտրոնական (Թոխմախի) գերեզմանատանը վանդալիզմի զոհ են դարձել տասնյակից ավելի մտավորականների շիրմաքարեր: Վանդալների ձեռքով գերեզմանաքարերից անհետանում են պղնձե ձուլվածքներ ու բրոնզե քանդակներ: Այս տարիների ընթացքում վանդալիզմի զոհ են դարձել լեզվաբան Հրաչյա Աճառյանի, պրոֆեսորներ Ռուբեն Յոլյանի, Արշակ Հակոբյանի, Խորեն Երիցյանի, ակադեմիկոս Միխայիլ Թումանյանի, գիտության վաստակավոր գործիչ Արտաշես Մելիք-Ադամյանի և այլ հայտնի ու քիչ հայտնի գործիչների գերեզմանաքարեր:

Ահա այսօր նկատեցինք, որ այդ շիրմաքարերի շարքն է համալրել նաև Հայաստանի Առաջին հանրապետության ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի կնոջ՝ Առաջին հանրապետության խորհրդարանի առաջին կին պատգամավորներից` բժշկուհի Կատարինե Զալյանի գերեզմանաքարը: Նրա տապանաքարից գողացել են բժշկությունը խորհրդանշող բրոնզե խորհրդանշանները:

«Սա խոսում է մեր հասարակության մեջ ապրող, քոչվորի հոգեբանություն ունեցող շերտի գոյության մասին, ովքեր այս կերպ անարգում են հայ գործիչների, մտավորականների հիշատակը»,- yerkir.am-ի հետ զրույցում ասաց պատմաբան, ՀՅԴ պատմության թանգարանի տնօրեն Անուշ Ամսեյանը:

Նշենք, որ Արամ Մանուկյանը Կատարինե Զալյանի հետ ծանոթացել է Ղուրդուղուլիում (ներկայումս՝ Արմավիր քաղաք), որտեղ Կատարինեն աշխատում էր որբանոցում` որպես բժշկուհի: Ամուսնացել են 1917-ին: 1919-ին Հայաստանի Հանրապետության առաջին խորհրդարանի 80 պատգամավորներից 3-ը կին էին, նրանց թվում էր նաև Կատարինե Զալյանը: Դառնալով պատգամավոր` Կատարինեն աշխատում է առողջապահության հանձնաժողովում՝ որպես Հայաստանի ամերիկյան որբանոցների համակարգող: Նա ամբողջությամբ նվիրվել էր գաղթականների ու որբերի օգնությանը՝ զօրուգիշեր պայքար մղելով իրար ետևից երկրում բռնկվող համաճարակների դեմ: Բոլշևիկյան իշխանության քաղաքական հետապնդումների արդյունքում Կատարինեն դստեր՝ Սեդայի հետ մեկնել է Կրասնոդար, սակայն 1927-ին, երբ Հայաստանը մասնագետ բժիշկների խիստ կարիք էր զգում, նա վերադարձավ Երեւան: Կատարինե Զալյանը մահացել է 1965-ին և թաղվել Երևանի Կենտրոնական գերեզմանատանը՝ այնտեղ, որտեղ նրա ջանքերով 3-րդ անգամ վերահուղարկավորել էին ամուսնուն:

Կատարինե Զալյանի շիրմաքարի վրա նրա մահվան տարեթիվը նշված է` 1951, թեև որոշ աղբյուրների համաձայն` նա մահացել է 1965-ին Մոսկվայում:

Մանրամասները՝ yerkir.am-ի տեսանյութում: