Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջերս տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Երեւանի կոյուղու համակարգն ամենավատն է ողջ հանրապետությունում:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Երեւան ջուր» ընկերության «Արեւելք» եւ «Արեւմուտք» շահագործման տնօրենները թեեւ ընդունեցին, որ համակարգում խնդիրները բազմաթիվ են, բայց չհամաձայնեցին, որ Երեւանի կոյուղին հանրապետությունում ամենավատն է:
Ընկերության «Արեւմուտք» շահագործման տնօրեն Արամ Սահակյանի խոսքերով` «Երեւան Ջուր» ընկերությունը, լինելով շահագործող, կոյուղատարերի վիճակի մասին ուսումնասիրություն չի կատարել, եւ նման տվյալ չի փոխանցել, իբր համակարգի 75 տոկոսը քայքայված է:
Սահակյանը նշեց, որ մայրաքաղաքում կոյուղու տարեկան 10 հազար վթար են վերացնում, ուստի համակարգը չի կարող ավելի վատը լինել, քան մարզերում:
Ի տարբերություն անցած տարիների` 2011-ին ներդրումների կեսը կոյուղու համակարգի վրա են ծախսելու: 2011-2012-ին գումարը կկազմի մոտ 300 մլն դրամ: Սահակյանը նշեց, որ հաջորդ տարիներին գումարը էականորեն կավելանա:
«Երեւան Ջուր» ընկերության «Արեւելք» շահագործման տնօրեն Կարապետ Օհանյանն էլ հավելեց, որ առավել վատ վիճակում են փոքր տրամագծի կոյուղագծերը: Խոցելի են հատկապես Շենգավիթ, Շահումյան եւ Էրեբունի վարչական շրջանները:
Օհանյանը նշեց նաեւ, որ Ֆրանսիայի կառավարության հետ վարկի տրամադրման բանակցություններ են ընթանում, որոնց հաջող ավարտի դեպքում հնարավոր կլինի շարունակել կոյուղու համակարգի մաքրման կայանի վերակառուցման աշխատանքները: