Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության նիստից հետո գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ գյուղատնտեսության ոլորտում ջրային համակարգի խնդիրներին: Նա նշեց, որ շարունակում է օրակարգային մնալ խորքային հորերի խնդիրը:
Գյուղնախարարի խոսքով` անցյալ տարի Սևանա լճից ավելի ջուր է բաց թողնվել, գումարը գնացել է արտաբյուջետային հաշվին: «Կարծում եմ` այդ գումարն օգտագործելով խորքային հորերից ջուր հանելու վրա, ճիշտ կլինի թե' Սևանի, թե' գյուղատնտեսության համար»,- ասաց նա:
Հարցին, թե արդյո՞ք քննարկվում է Սևանա լճից լրացուցիչ ջուր բաց թողելու հարցը, նախարարը նշեց. «Սևանից մի կաթիլ ավելի ջուր բաց թողելու համար պետք է լինի ԱԺ որոշում: Այսօրվա դրությամբ կառավարության կողմից նախաձեռնություն չի եղել, որ ավելի շատ ջուր բաց թողնվի»:
Խաչատրյանի խոսքով` ջրային համակարգը խիստ արմատական բարեփոխումների կարիք ունի, ջրի 70 տոկոսը կորչում է, քանի որ չի չափվում, ջրաչափ չկա, և դա ընդունելի չէ գյուղատնտեսության նախարարի համար` որպես պատասխանատուի:
«Եթե գյուղացին ունի 3 հեկտար հող, որի վրա պոմիդոր է աճեցնում, դրա համար նախատեսված է նորմատիվով ջուր, բայց եթե ջրաչափ չկա դրված, խնդիր է առաջանում: Ուստի ազնիվ լինելու համար` սպառված ջրի դիմաց ճգրիտ վճարում պետք է իրականացվի: Եթե ջրի հետ կապված այս խնդիրները լուծվեն, ապա տարին բարեհաջող է գյուղատնտեսության համար, կարկուտն էլ այդքան վնասներ չի հասցրել»,- ասաց նախարարը: