կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2011-10-22 11:11
Քաղաքական

Հիմա ո՞վ է ռամկավարը

Հիմա ո՞վ է ռամկավարը

Երեկ տեղի ունեցավ ՀՌԱԿ արտահերթ համագումարի  երկրորդ նիստը` այս անգամ ատենապետ Էդվարդ Անտինյանի գլխավորությամբ: Հիշեցնենք, որ օրեր առաջ համագումար էր արել նաեւ ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանի թիմը եւ վերջինիս դարձյալ ատենապետ էր ընտրել:

Այս համաժողովի ընթացքում, թեեւ օրակարգով նախատեսվում էր, որ Անտինյանը պիտի կուսակցության գործունեության երկու տարիների հաշվետվություն ներկայացներ, սակայն դա տեղի չունեցավ. փաստաթղթերն ու կուսակցության կնիքը ՀՌԱԿ մյուս ատենապետ Հարություն Առաքելյանի մոտ են:

Երեկվա համագումարին մասնակցում էին 151 «մանդատ ունեցողներ», ովքեր էլ միաձայն ընտրեցին ՀՌԱԿ նոր վարչություն: Ի դեպ, մանդատները եւս կնքված չէին: «Հայաստանում վաղուց արդեն կնիքը չի կարեւորվում, կարեւորվում է ստորագրության առկայությունը, անգամ հաշվետվությունների տակից, պաշտոնական բոլոր փաստաթղթերի տակից է կնիքը հանվել»,- պարզաբանեց Էդվարդ Անտինյանը` այդպես էլ չպատասխանելով հարցին, թե եթե կնիք հարկավոր չէ, ապա ինչո՞ւ են իրենք պայքարում Հարություն Առաքելյանից կնիքը հետ ստանալու համար. «Դե, մի բանի համար պետք կգա, էլի»,- ասաց նա:

Իր ելույթում Էդվարդ Անտինյանը անդրադարձավ Առաքելյանական թեւի տարածած այն խոսակցություններին, թե իրենց աջակցում են իշխանությունները. Հարություն Առաքելյանն իշխանություններին դեմ է, իսկ ինքը` Էդվարդ Անտինյանը` կողմ:

«Իշխանությո՞ւնն է ինձ ատենապետ դարձրել: Ինձ ատենապետ առաջարկել է Հարություն Առաքելյանը, երկարատեւ քննարկումներից հետո»,- ասաց նա` հատ՟հատ հիշեցնելով Առաքելյանի թերություններն ու թերացումները:

Անտինյանը մասնավորապես նշեց, թե իրեն «իշխանականության» մեջ մեղադրող Առաքելյանն ատենապետ ընտրվելուն պես  նամակ ուղարկեց ՀՀ նախագահի աշխատակազմինՙ առաջարկելով ՀՀԿ-ի հետ համագործակցության հուշագիր ստորագրել: Մերժում ստանալուց հետո դիմեց ԲՀԿ-ին, հետո էլ` ՕԵԿ-ին:

Ամեն դեպքում, Էդվարդ Անտինյանն իրատես է եւ չի կարծում, որ որեւէ մեկին կհաջողվի ՀՀ ներքաղաքական կյանքի օրակարգ մտցնել ռամկավարի հարցը:

«Տեսեք, քաղաքական տիտաններն ինչ են անում: Ի՞նչ է, ռամկավարի համար տեղ են թողել, որ մենք էլ իրար ուտենք: Սա ծիծաղելի է»,- ասել է Անտինյանը` շեշտելով, որ ժողովրդի համար շատ ավելի կարեւոր խնդիրներ կան, քան որոշելը, թե ով է իրական ռամկավարը` Անտինյանը, Առաքելյանը թե՞ Ավետիքյանը:

Իրենց նպատակը համախմբվելն ու միասին ընտրություններին գնալն է: Իսկ այն, որ նախորդ ընտրություններին ՀՌԱԿ-ը չի մասնակցել, Անտինյանի համոզմամբ, դարձյալ 8 տարվա ատենապետ Հարություն Առաքելյանն է մեղավոր: