կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2011-10-18 10:47
Առանց Կատեգորիա

ԱՊՊԱ-ն աշխատում է գերշահույթով

ԱՊՊԱ-ն աշխատում է գերշահույթով

9,5 ամիս է արդեն, ինչ Հայաստանում ներդրվել է ավտոմեքենաների պետական պարտադիր ապահովագրությունը. համակարգն այն բացառիկներից էր, որ կարողացավ կարճ ժամանակում ստանալ գերշահույթ: Այս տարվա առաջին 9 ամիսներին Հայաստանում առկա 450 000 ավտոտրանսպորտային միջոցներից սեպտեմբերի 30-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեն 376 հազար 351 ավտոմեքենա, որոնցից ընդհանուր հաշվեգրված ապահովագրավճարները կազմում են 13 միլիարդ 515 միլիոն 433 հազար դրամ: Եթե առաջին 6 ամիսներին հատուցման համար ավտոապահովագրող ընկերություններին դիմել են 10 513, բավարար պատասխան ստացել 9574 վարորդ, ապա 9 ամիսներին, արդեն, դիմողների թիվը եղել է 18 454, որից հատուցում են ստացել 15 050-ը: Հատուցման ընդհանուր գումարն էլ կազմել է 3 միլիարդ 343 միլիոն 727 հազար դրամ, որից 1,4 միլիարդը բաժին է ընկնում վերջին երեք ամիսներին:

 

Ըստ թվերի՝ վթարները փոքր-ինչ շատացել են, ինչը, սակայն, զարմանալի է, քանի որ սովորաբար վթարները շատ են լինում ձմռան ամիսներին, իսկ մեզ մոտ՝ օգոստոսին, երբ փողոցները հիմնականում դատարկ էին: Ընդ որում` հատուցման գումարը չափազանց փոքր է եւ քաղաքացու կրած վնասին ոչ համապատասխան. միջին վճարման հատուցումը կազմում է 200 հազար դրամ, գույքային վնասի գծով վճարված առավելագույն ապահովագրական հատուցման գումարը` 1,5 միլիոն:

 

Փաստորեն, հավաքագրված 13,5 միլիարդ դրամից ընդամենը հատուցվել է մոտ 3,4 միլիարդ դրամ: Մնացած 10 միլիարդ դրամի մի մասն էլ վճարվում է բոլոր ընկերությունները միասին վերցված` մոտ 500 աշխատողներին եւ ըստ գործարքի` մոտ 5000 գործակալներին: Այդ դեպքում եւս, սակայն, գերշահույթի փաստն ակնհայտ է:

 

Մինչ ԱՊՊԱ համակարգի ներդրումները  Հայաստանում տարեկան հաշվվում էր առավելագույնը 2000 ավտոտրանսպորտային պատահար: Կենտրոնական բանկը ԱՊՊԱ-ն ներդնելու ընթացքում հայտարարեց, որ ակնկալվում է մինչեւ 30 հազար պատահար: Դա ավելի քան 15 անգամ ավելի հաշվարկ էր, քան կատարվում է աշխարհում: Հաշվարկի նպատակը, ըստ վերլուծաբանների, ԱՊՊԱ-ի բարձր վճար սահմանելն էր: ԿԲ-ի կողմից ապահովագրական ընկերությունների համար սահմանած ԱՊՊԱ-ի սակագներում վարչական ծախսերը պետք է կազմեն ընդամենը 22-25 տոկոս: Այնինչ այժմ, ըստ ընկերությունների գնահատման, կազմում է 52 տոկոս: ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը սեպտեմբերի 26-ին ԱԺ-ում կայացած լսումների ժամանակ հայտարարեց, թե ԱՊՊԱ համակարգի ներդրման արդյունավետության մակարդակն առավել տեսանելի կլինի երեք տարի անց:

 

Իսկ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը հայտարարեց, թե սակագների հնարավոր փոփոխության հարցը արդիական կլինի առնվազն մեկ տարվա վիճակագրությանը ծանոթանալուց հետո: Հայաստանում ԱՊՊԱ ոլորտում առաջատար «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերության տնօրեն Գագիկ Գրիգորյանը հոկտեմբերի 17-ին հանդիպելով լրագրողներին՝ նախ հայտարարեց, թե կունենան մեծ շահույթ, իսկ սակագների իջեցման մասով էլ ասաց. «Մեր առաջարկությունն է՝ սպասել մինչեւ տարեվերջ եւ ամփոփել բոլոր թվերը: Համաշխարհային պատմության պրակտիկայում չկա մի դեպք, որ 6-7 ամիս հետո ինչ-որ բան ամփոփեն, հատկապես ապահովագրական շուկայում: Իրավիճակը պատկերացնելու համար պետք է անցնի 2-3 տարի: Բայց անգամ հիմա մենք չենք համարում, որ գները բարձր են»:

 

«ԻՆԳՈ Արմենիա» ապահովագրական ՓԲԸ տնօրեն Լեւոն Ալթունյանն էլ օրերս հայտարարեց. «Հայաստանը տարածաշրջանի քիչ երկրներից է, որտեղ ԱՊՊԱ-ն առաջին տարում գերշահույթներ չստեղծեց»: Սա ակնհայտորեն չի համապատասխանում իրականությանը: Այստեղ նկատվում է վտանգավոր միտում՝ «համբերել» մինչեւ տարեվերջ, երբ արդեն կսկսվի նոր ապահովագրման շրջանը՝ հին, ակնհայտորեն բարձր թվերով: Ընդ որում՝ ոչ միայն չկա խոսք իջեցման մասին, այլեւ ավտոապահովագրող ընկերությունների ներկայացուցիչները խոսում են գները բարձրացնելու մասին, իսկ հունվարից իրատեսական է համարում երթուղայինների եւ տաքսիների համար վճարների բարձրացումը, քանի որ նրանց մասնակցությամբ առավել հաճախ են տեղի ունենում ՃՏՊ-ները:

 

ԱՊՊԱ-ի վերաբերյալ վերջին 9 ամիսների հաշվետվությունը հստակ ցույց է տալիս, որ կարիք չկա մինչեւ տարեվերջ եւ առավել եւս՝ Գագիկ Մինասյանի հայտարարած 2-3 տարին սպասել, համոզվելու համար, որ ԱՊՊԱ-ի վճարները ենթակա են իջեցման: Այդ երեք տարում ընկերությունների գերշահույթը կբազմապատկվի՝ քաղաքացիներիս գրպանի հաշվին: Այսօր արդեն ակնհայտ է, որ ավտոապահովագրության վճարը կարելի է նվազեցնել առնվազն 30-40 տոկոսով:

 

Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ