կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2011-10-15 15:40
Առանց Կատեգորիա

Մահացու Հայրենիքը

Մահացու Հայրենիքը

Երբ ծեծում ես մարդուն, նշանակում է հարցեր չունես, ինքդ քո հետ կռիվ չունես: 19-ամյա զինծառայող Ժորա Մկրտչյանին ծեծած զինվորները սահմանի բերանին կռիվ են փնտրել: Ովքե՞ր են կռիվ փնտրողները: Ենթադրենք գյուղացի տղաներ են:

 

Գյուղից քաղաք եկող մարդը կռիվ ունի տալու, եթե նրա «տեսլականները» լավ կյանքն է, սիրուն աղջիկը, հեղինակությունը եւ, ի վերջո, իշխանությունը: Գյուղից քաղաք գալը բանակ մտնելու նման մի բան է, քեզ տեղաշարժում են քո բարդույթները: Այսինքն, բարդույթները տեղաշարժող բան են, ինչքան բարդույթավորված ես, այնքան կռիվդ ուրիշի հետ է: Եվ զինվորներն, ուրեմն, կռիվ ունեն:

 

Ցանկացած իրադարձություն միշտ քեզանից դուրս է տեղի ունենում, եթե ներաշխարհ չունես: Այս զինվորները, նաեւ նրանք, ովքեր իրենց տարեկիցներին հասցնում են ինքնասպանության, ներաշխարհ չունեն: Այսինքն, հայր ունեն, մայր ունեն, միգուցե ունեն նաեւ սիրած աղջիկ, գրկել են հարեւանի փոքրիկին, շոյել են, միգուցե, բակի շանը, հնարավոր է, որ ամաչել են դասարանի աղջիկներից, գլուխը կախել են ուսուցչուհու նկատողությունից, բայց ներաշխարհ, միեւնույն է, չունեն: Որովհետեւ նրանց յուրացրած միակ դասը թասիբն է: Բայց բոլոր մարդասպանները եւ անգրագետները հո գյուղացի չե՞ն: Քաղաքացին նույնպես բանակ է գնում: Նա էլ ունի սիրած աղջիկ, նրա հետ այգի է գնում, բացառված չէ, որ տանը թութակ է պահում, ունի մեծ գրադարան եւ նույնիսկ սիրած գրողներ, կարող է մեջբերել Շիրազին: Նրա ամբողջ ունեցվածքը տունն է, հոր հազիվ 100 հազար դրամանոց աշխատավարձը եւ, ասենք, հիվանդ մայրը, որի անզոր ժպիտն իր հերթին ներաշխարհը տակնուվրա անող հարցաշար է:

 

Որո՞նք են նրա գլխում առաջացած հարցերը, ի՞նչ է մտածում  երիտասարդը, երբ նրա շենքի մոտով անցնում է գիտակից կյանքի առաջին Ջիփը:  Ու՞մ հետ է նրա կռիվը, երբ հայրն ասում է, որ ընկերների հետ սրճարան գնալու ցանկություն ունեցող դպրոցական որդու համար սրճարանի փող չունի: Բանակում ոչ ոք, ոչ մի սպա, ոչ մի հրամանատար, ոչ մի հոգեբան, ոչ մի բժիշկ, ժամանակ չունի հասկանալու, թե ովքե՞ր են մարդասպանները սպանությունից առաջ: Բայց բոլորը սպանությունից հետո հարցերից շատ պատասխանների են տիրապետում, թե ով է զոհը:

 

Բոլորը գիտեն, որ զոհը միշտ մենակ է, սակայն ու՞մ մտքով կանցնի, որ մարդասպանը կոլեկտիվն է: Ի՞նչ գործ ունի 18-ամյա խարբերդցին իր հասակակից ինչ-որ երեւանցու հետ, որոնք միասին ճանապարհ չեմ գնացել, ընդհանուր գաղտնիքներ չունեն, եւ կյանքը կազմակերպելու տարբեր հարթություններ են շոշափում: Նրանք արդեն գիտեն, որ բանակում պետք է տղամարդ լինել, այլ հրամայական չկա: Եվ այս մտայնությունը բանակ է ուղարկում ոչ թե պատանու, այլ կոտոշներ, որոնք պետք է կարողանան դիմագրավել մեկ ուրիշի կոտոշներին: Սակայն բանակում գրանցված գրեթե բոլոր դեպքերը ցույց են տալիս, որ զոհերը կոտոշներ չունեն: Որովհետեւ զոհ լինել, նշանակում է նահանջել: Իսկ կոտոշավորը չի նահանջում: Կոտոշավորը ծառայության է մտնում իր կոտոշների մեջ միայն մեղադրանքներ եւ դատավճիռներ ամփոփած:

 

Ուրեմն, ի՞նչ անել: Փոխեք բանակի մասին պատկերացումը: Սպան ո՞վ է, որ ապտակի «իր կրծքով չկերակրված» ուրիշի երեխային: Դա մահացու Հայրենիքի ծանր ձեռքն է: Հանուն հայրենիքի ապագա զոհերի միջից հանեք միտքը, որ մեռնելը ցանկացած դեպքում է մեռնել: Նախ տվեք նրանց Հայրենիքը: Մի ծեծեք այնպես, որ երազի Հայրենիքներից ամենաքնքուշի՝ մոր փեշի մասին, այլ վերաբերվեք այնպես, որ նրա մեջ ապրի Հայրենիքներից ամենաառնականի՝ խաղաղության տեսիլքը: Որովհետեւ եթե նրա ձեռքը զենք եք տալիս, որպեսզի նա դիմագրավի սահմանի մյուս կողմում կանգնած թշնամուն, պարտավոր եք ապահովել, որ նա սահմանի այս կողմում դեմ դիմաց կանգնի ներքին խաղաղությանը:

 

Սեյրան Հանոյան