Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հոկտեմբերի 10-ին Ջերմուկում կազմակերպված Գյուղական համայնքների առաջին համաժողովի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը, խոսելով տարածքների համաչափ զարգացման, գյուղերում նկատվող բարեփոխումների, մարզերում կրթական, սոցիալական, մշակութային ոլորտներում ներդրումների մասին, ասաց. «Գյուղական համայնքը պարտքով չպետք է ապրի. դա անպատասխանատու վերաբերմունք է»:
Տվյալ պարագայում նախագահի խոսքն ուղղված էր գյուղի` սեփական եկամուտների հավաքագրմանը, այնինչ մինչեւ հարկերի հավաքագրման մասին խոսելը պետք է հասկանալ, արդյո՞ք հարկերը մեր գյուղացիների միակ պարտքերն են: Այցելեք ցանկացած գյուղ եւ կտեսնեք, որ գյուղացին կքում է պարտքերի ծանրության տակ` սկսած բանկերից վերցրած վարկերից, սերմացուի, պարարտանյութի, տեխնիկայի համար ունեցած պարտքերից, վերջացրած կրպակներին ունեցած պարտքերով:
Կոտայքի մարզի Ֆանտան գյուղում, օրինակ, միայն խանութներին մարդկանց պարտքը գերազանցում է 3 միլիոն դրամը: Գյուղում կա 5 խանութ: Ամենաքիչ պարտքեր ունեցող խանութի տիրոջ խոսքերով, ինքը վատամարդ է լինում, շատերին «նիսյա» ապրանք չի տալիս, մի մասից էլ փորձում է կոպտորեն «գանձել» պարտքը: «Ասենք, մարդը եկավ խանութ 5000-անոցը ձեռքին, ուզած ապրանքը տալիս եմ, զդաչին չեմ տալիս, պարտքն եմ ջնջում»,- ասում է ու արդարացնում իրեն. «Բա ի՞նչ անեմ, ումի՞ց փող վերցնեմ, որ խանութս ապրանքից չխեղճանա»:
Արմենի խանութում կան տարիներով կուտակված պարտքեր: «Եթե 1 միլիոնից քիչ լինեին, մաղարիչ կանեի»,- ասում է նա ու կարդում ցուցակը. «Հեսա, էսօր եկան-տարան ու 36 հազարը սարքին 41 հազար, 92 հազար…»: Որ պարտքերն ուզում է` նեղանում են: Կան նաեւ մարդիկ, որ արդեն «սեւ ցուցակում» են, ասել է, թե հույս չկա որ կվերադարձնեն, ու նրանք էլ խանութից ապրանք վերցնելուց են հույսը կտրել:
Անիկի խանութում էլ նույն իրավիճակն է, ու նա արդեն չգիտի` ապրանքը պարտքով չտալն արդարացնի՞, թե՞ ճարահատ գյուղացիներին, որ գալիս են ու պարտքով կես կիլոգրամ մակարոն ուզում: «Պիտի աշխատեն, որ բերեն փակեն,- ասում է Անահիտը,- որ աշխատանք չկա, որտեղի՞ց բերեն: Աշխատողներ կան, որ հլա աշխատավարձ չեն ստացել: Մեկն էլ իմ տղեն ա, մի ամիս տունը նստել-սպասում ա, որ փողը տան, չեն տալիս: Մեր մոտ մենակ հացահատիկ ա աճում, ջուր չկա, ոռոգում չկա: Էնքան մարդ կա, որ դուռ-լուսամուտը փակել-գնացել ա, էնքանից շատ»:
Նշված խանութներում վաճառվում են միայն ամենաէժան ապրանքները: Այս խանութում, օրինակ, ամենաթանկ սիգարետն արժե 250 դրամ, օղին` մինչեւ 1400, այն էլ` միայն երկու օրինակից: Թանկը չեն գնում. կարեւորը, որ «իրենց հանձնեն» սպիրտին` չհիշելու համար թեկուզ պարտքերը: «Որ փող չենք տալիս, չենք բերում, քիչ ենք բերում, բայց որ ապրանք լինում ա, ամեն բան էլ առնում են: Քիչ ենք բերում, որ հա՛մ իրանց պարտքերը չշատացնենք, հա՛մ էլ մերը,- ասում է Անիկն ու հավելում, հրեն, տետրակը վերջացնում եմ»:
Գյուղացիներից շատերն արդեն, չորս խանութներում ունենալով պարտքեր, ամաչում էին նորից գնալ ու «վիզ ծռել», ու «փրկության հասավ» գյուղապետը` Նորայր Կարապետյանը` մի խանութ էլ ինքը բացելով: Խանութը մեծ է, գյուղում սուպերմարկետ են ասում: Այստեղ էլ ապրանքը լցնելու օրն արդեն մի մեծ տետր են վերցրել` պարտքի ցուցակ կազմելու համար: «Որ կարողանան աշխատել` կտան, բայց որ չեն կարում, մենք էլ բանկերից վերցնում ենք վարկեր, անասուն ենք մորթում, որ դնենք խանութի վրա, էն էլ` պարտքեր պարտքերի հետեւից»,- ասում են վաճառողները:
«Ի՞նչ անեմ, չգիտեմ էլ ում քըֆրեմ: Գործ չկա, սպասում եմ տղես փող ուղարկի (տղան էլ արդեն երկու տարի է, ինչ փող չի ուղարկում. Ս.Հ.), որ պարտքերս տամ: Սաղ խանութներում էլ պարտքեր ունեմ, խանութներն էլ էնքան մոտ են, որ էնօր կանգնեցի, մինչեւ Արմենը (մեր հիշատակած խանութպանը. Ս.Հ.) մտավ ներս, նոր մտա գեղապետի խանութը»,- իր վիճակից էր բողոքում գյուղացիներից մեկը:
Շատերը կան, որ արդեն գյուղի խանութներն ամաչում են մտնել ու շտապում են Չարենցավան` Լեւոն պապիկի խանութը: Բարի մարդ է, տալիս է՝ ինչ ուզում են: «Ցուցա՞կ, աո՜՜ւ, մի դաստա»,- ասում են այս խանութում: Կան նաեւ ֆանտանցիներ, որ թեեւ փող ունեն, բայց խանութից գնում են պարտքով, որ չմտածեն, թե հարուստ են... Գողություն կա, պարտք ուզել կա, բան կա... Մարդկանց պարտքերը փակելու հույսը նպաստն է, թոշակը, աշխատավարձը ու, վերջապես, խոպանչի հարազատները: Հա, մեկ էլ` ընտրությունները: Օրինակ, նախորդ խորհրդարանական ընտրություններին քիչ չէին դեպքերը, երբ պատգամավորության թեկնածուն, որպես «լավություն»` գյուղերի կրպակներում վճարել էր գյուղացիների` մինչեւ 20 հազար դրամ ունեցած պարտքերը: Ափսոս, որ ընտրությունները 5 տարին մեկ են:
Մենք ներկայացրինք միայն Ֆանտանի պարտքերը: Իրավիճակը, սակայն, նույնն է բոլոր գյուղերում, առանց բացառության, Երեւանում` նույնպես: Այստեղ էլ պարտքերի կուտակումից խուսափում են, թերեւս, միայն սուպերմարկետները: Թանախչի գյուղում, օրինակ, հարուստ է համարվում այն ընտանիքը, ով խանութում պարտքեր չունի: Խանութի պարտքերը, սակայն, գյուղացու ունեցած պարտքերի մի մասն են միայն: Գյուղացիները պարտք են գյուղի տրակտորիստ-կոմբայնավարներին, կան մարդիկ, որոնք անգամ երեք տարի առաջ արած խոտի փողը չեն տվել: Գյուղացիները կանխիկ գումար չունենալով` պարարտանյութն ու դեղերը թանկ են գնել: Ու եթե այս ամենին գումարում ենք վարկերը, որոնց տակ կքում է գյուղացին, բնական է դիտվում, որ վարկերի ու պարտքերի տակ կքած գյուղացին արդեն ուժ չի ունենա վճարելու նաեւ տեղական հարկերը: Ու այդպես համայնքը պարտքեր է կուտակում:
Երկրիս վարչապետը նույն գյուղական համայնքների առաջին համաժողովի իր ելույթում նշեց, թե պետք է ոչ միայն գյուղատնտեսությունը զարգացնել, այլեւ գյուղը: Լավ մտադրություն է, անկասկած, սակայն այս ելույթից հասկանալի չէ, սակայն, թե ինչպես է դա պատրաստվում անել կառավարության ղեկավարը: «Պետք է»-ի տակ եթե հստակ ռազմավարություն չի դրվում, այդ «պետք է»-ն վերածվում է դատարկ լոզունգի:
Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ