Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առավոտյան երթուղայինում երկու կին զրուցում էին անցած տոներից: Մեկը դժգոհում էր, որ վարկով են Ամանորը նշել, մյուսն էլ` վարկով չէ, բայց պարտքով էր նշել: Խոսակցությանն այլ մարդիկ էլ սկսեցին խառնվել, ու պարզվեց, որ 15 հոգանոց երթուղայինում բոլորն իրենց ճոխ Ամանոր են թույլ տվել` ամեն ինչով, տեղը-տեղին, բայց մեծ մասը՝ պարտքով` հետ չմնալու համար: «Մեր գյուղում, օրինակ, խանութ կար, որի տերը չկարողացավ Զատիկի համար ապրանք բերել, որովհետեւ ապառիկը շատ էր, ու չէին տալիս, որ ապրանքի գնա»,- ասում էր մի երիտասարդ:
Որ մենք չենք սիրում հարեւանից հետ մնալ ու փորձում ենք սեղանը ծանրաբեռնել, ոչ մի խոսք, սակայն այստեղ ցուցամոլությանը չէ, որ ուզում ենք անդրադառնալ, այլ բազմիցս չարչրկված` աշխատատեղերի ու արժանապատիվ վարձատրության բացակայությանը:
Մարդն աշխատում է 12 ամիս ու չի կարողանում Ամանորը նշելու համար անհրաժեշտ գումար հետ գցել, ստիպված է պարտքի տարբերակներ մտածել: Ծիծաղելի է, երբ աշխատողի եկամուտի 60 տոկոսից ավելին սնունդի վրա է ծախսվում, ու քաղաքացին չի կարողանում տարվա ընթացքում 300 հազար դրամ գումար կուտակել:
Տոներն ավարտվել են, սակայն դեռ հեռուստատեսությամբ գովազդվում է, որ այս ու այն բանկը գումար է տալիս Ամանորը նշելու համար: Յուրաքանչյուր բանկում սպառողական վարկերի թիվը դեկտեմբեր ամսին ավելանում է մինչեւ 40 տոկոսով` ոսկու գրավ, ապառիկ վարկավորում, սուպերմարկետների հետ պայմանավորվածություն՝ ապառիկ ապրանք վաճառելու վերաբերյալ: Հետո մարդիկ աշխատում են կլոր տարին՝ 24 տոկոս վարկը մարելու համար:
Մեր երկրում աշխատողների 10 տոկոսը ստանում է նվազագույն աշխատավարձ. բազմաթիվ են ընտանիքները, որոնցում աշխատում է մեկ հոգի, այն էլ՝ նվազագույն աշխատավարձով: Երբ ընտանիքի հայրը ստանում է ոչ թե նվազագույն՝ 35 հազար դրամ, այլ 150 հազար դրամ, 4 հոգանոց ընտանիքը հազիվ է կարողանում յոլա գնալ այդքան գումարով: Այս պարագայում` թեկուզ 300 հազար դրամ վարկը՝ ամանորյա ճոխ սեղան փռելու համար, ընտանիքը կկարողանա մարել հազիվ մեկ տարում՝ առօրյա ծախսերը կրճատելով: Այլ ելքը Ամանորը չնշելն է:
Մեր երկրում բացված բազմաթիվ ռեստորանները, ձմեռային հանգստի գոտիները բնավ մեր քաղաքացիների համար չեն, ուստի եւ կիսադատարկ էին տոն օրերին: Իհարկե, ոմանք Ամանորին առավել քիչ ծախսելու համար դուռը կողպում են եւ մի քանի օրով հյուր գնում գյուղական բարեկամի տուն կամ, որ դարձյալ էժան է լինում, հարեւան Վրաստան: Սակայն չգնացողների մեծ մասն այս ծախսերը հոգում է ուժերի գերագույն լարումով: Խոսքը վերաբերում է մեր բնակչության ավելի քան 35 տոկոսին, որոնք ապրում են աղքատ:
Ինչեւէ, տոներն ավարտվեցին. վերադարձանք իրականություն, եւ մարդիկ պետք է աշխատեն օրնիբուն՝ պարտքերը փակելու համար:
Ահարոն ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ