կարևոր
541 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-22 20:29
Հասարակություն Քաղաքական

Քոչարյանի «քեյսը»․ ինչո՞ւ են 8 տարի հետապնդում նախկին նախագահին

Քոչարյանի «քեյսը»․ ինչո՞ւ են 8 տարի հետապնդում նախկին նախագահին

news.am-ը գրում է.

Ինչի՞ց սկսվեց

2018 թվականի հունիսի 12-ին, ՀՔԾ նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին հատուկ քննչական ծառայության աշխատակազմին ներկայացնելիս Փաշինյանը հայտարարեց. «Ամենակարևոր գործերից մեկը, որ պետք է իրականացնի ՀՔԾ-ն՝ Մարտի 1-ի բացահայտումն է»։

Մեկ և կես ամիս անց՝ հուլիսի 26-ին, արտերկրում գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանը ՀՔԾ հրավիրվեց որպես վկա, սակայն նույն օրը նրան արդեն մեղադրանք առաջադրվեց ՔՕ 300.1 հոդվածով, իսկ ՀՔԾ-ն դատարանին միջնորդեց նրան կալանավորել։ Ըստ էության, նախագահ Քոչարյանը մեղադրվում էր 2008 թվականի մարտի 1-ին երկրում արտակարգ դրություն հայտարարելու համար։

Փաստաբանները տարակուսած էին, քանի որ հոդվածը որով մեղադրանք առաջադրվեց, նոր սահմանադրությամբ գոյություն չուներ։ Այդ տարակուսանքը դարձավ Հայաստանի նորագույն պատմության ամենաաղմկահարույց իրավական վեճերից մեկը։ Խնդիրը վերաբերում էր ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածին, որով երկրորդ նախագահին մեղադրանք առաջադրվեց «սահմանադրական կարգը տապալելու» համար՝ 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձությունների համատեքստում։ Փաստաբանները պնդում էին, որ հոդվածը գոյություն չունի. 2008 թվականի իրադարձությունների ժամանակ գործում էր 2003 թվականի խմբագրությամբ Քրեական օրենսգիրքը, որտեղ «սահմանադրական կարգը տապալելու» վերտառությամբ 300.1 հոդված ընդհանրապես չկար։ Այդ հոդվածն օրենսգրքում ավելացվել էր ավելի ուշ՝ 2009 թվականին, հետևաբար չէր կարող մեղադրանք առաջադրվել այն հոդվածով, որը ենթադրելի կատարվել էր ավելի վաղ։

Առաջին կալանքը եւ անձեռնմխելիության վեճը

Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Վաչե Մարգարյանի, Քոչարյանի նկատմամբ կիրառեց կալանավորում։ Սա նախագահի առաջին կալանավորումն էր այս գործով։ Պաշտպանները նշում էին, որ չկա հիմնավոր կասկած, փախուստի վտանգ, քննությանը խոչընդոտելու հիմնավորում։ Նախագահ Քոչարյանի կալանքից մեկ օր անց մամուլի ասուլիսով հանդես եկան Երկրորդ նախագահի փաստաբանները և գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։ Վերջինս ասաց․ «Ռոբերտ Քոչարյանին առաջադրված և՛ մեղադրանքը, և՛ նրա կալանավորումը բացարձակ ապօրինի են։ Սա ակնհայտ քաղաքական և անձնական հետապնդում է։ Եվ սա այն է, ինչը վերջերս մոդայիկ դարձած բառով կոչվում է վենդետա։ ՀՔԾ վերաբերմունքը՝ Քոչարյանին ներգրավել որպես վկա, հետո արագ մեղադրանք առաջադրել, հետո արագ կալանավորել, ինձ թվում է՝ այս երևույթները խոսուն են, նույնիսկ մեկնաբանությունների կարիք չունեն»։ Վիկտոր Սողոմոնյանը նաև նշեց․ «Այս գործը որևէ կապ չունի Մարտի 1-ի 10 զոհերի գործի բացահայտման հետ։ Կեղծ մեղադրանքներով դրվել է հստակ նպատակ՝ պարզապես հասնել Քոչարյանի կալանավորմանը։ Դուք մտածում եք՝ հիմա Մարտի 1-ն են բացահայտո՞ւմ։ Բացարձակապես, ուղիղ հետապնդում է իրականացվում»։

Օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ Ալեքսանդր Ազարյանի, փոխեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը։ Համաձայն դատավորի որոշման․ «Դատարաններն իրավասու չեն և չեն կարող քննարկել կարգավիճակից բխող արարքների համար Նախագահին, այդ թվում՝ պաշտոնաթող, կալանավորելու հարցը, քանի դեռ նա սահմանված ընթացակարգերի պահպանմամբ զրկված չէ անձեռնմխելիությունից»։ Դատարանի տրամաբանությամբ՝ Քոչարյանին վերագրվող գործողությունները կարող էին բխել նրա՝ որպես Հանրապետության նախագահի կարգավիճակից և նախագահի լիազորությունների իրականացումից։ Իսկ նրան քրեական պատասխանատվության ենթարկելու հատուկ ընթացակարգով անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց չէր իրականացվել։ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց, մեղադրանքը, սակայն, պահպանվեց։

Իշխանությունների արձագանքը բավական կոշտ էր (հետագայում այդ դրվագը դատավոր Ալեքսանդր Ազարյանը ներկայացրել է որպես դատական իշխանության վրա ճնշումների օրինակ)։ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հրապարակայնորեն հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելով Վերաքննիչ դատարանի որոշումն ապօրինի է, և հույս հայտնեց, որ գլխավոր դատախազությունը դրա դեմ Վճռաբեկ բողոք կներկայացնի։ Դատավոր Ազարյանը հայտարարեց՝ ՀՔԾ պետը նման գնահատական է տվել, դատական ակտի ամբողջական տեքստին դեռևս չծանոթացած։ Դատավորը դա համարեց անթույլատրելի միջամտություն դատարանի գործունեությանը։

Հետագայում՝ 2020թ․, Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվեց, որի մասին հաղորդում էր ներկայացրել նույն Սասուն Խաչատրյանը։ Պատճառը մեկ այլ դռնփակ դատական նիստում Ազարյանի՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հասցեին արված արտահայտություններն էին․ «Հույս ունեի, որ չէիք իջնի ՀՔԾ պետի մակարդակին և չէիք քննադատի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը»։ Ազարյանը մեղադրանքին արձագանքել էր՝ «իրերը կոչել է իրենց անուններով»։ ԲԴԽ-ն 2020 թ. հուլիսի 9-ին մերժեց դատավոր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը։

Ալեքսանդր Ազարյանը, հիշեցնենք, դատավորների գնահատման համակարգում տարիներ շարունակ ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորն էր։

Գաղտնալսումները եւ երկրորդ կալանքը

2018 թ. սեպտեմբերի 11-ին, հրապարակվեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսումը։ Խոսակցությունը տեղի էր ունեցել հենց Քոչարյանին մեղադրանք առաջադրելու օրը։

Վանեցյանը պատմում էր, որ Քոչարյանի կալանքը քննող դատավորը զանգահարել էր իրեն և ասել, որ վախենում է կալանավորման որոշում կայացնել։ Վանեցյանը պատմում է, որ դատավորին ասել է՝ «ուզես-չուզես՝ կալանքը պիտի տաս»։

Սրան հաջորդեց մեկ այլ սկանդալային՝ Փաշինյան-Վանեցյան գաղտնալսումը, որը հրապարակվեց 2018 թ. դեկտեմբերի 5-ին։Խոսակցության ժամանակ Փաշինյանը մասնակցում էր ԵԱՏՄ նիստին և խոսում էր շշուկով։ Խոսակցության մեջ Փաշինյանը հարցնում է. «Իսկ Քոչարյանի հետ կապված ի՞նչ կա, նորություն կա՞», ինչին Վանեցյանը պատասխանում է, որ Քոչարյանի հարցով դատարանում նիստը շարունակվում է։ Խոսակցության մեկ այլ հատվածում դարձյալ Փաշինյանը հարցնում է, թե ինչ եղավ Քոչարյանի կալանքի հարցը, ինչին Վանեցյանը պատասխանում է, որ «հեսա կլինի»։

Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքից ազատ արձակման որոշումը վերջնական չմնաց․ 2018 թ. նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը բեկանեց դատավոր Ազարյանի՝ օգոստոսի 13-ի որոշումը և գործն ուղարկեց նոր քննության։ 2018 թ. դեկտեմբերի 7-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, թողեց անփոփոխ առաջին ատյանի դատարանի՝ 2018 թ. հուլիսի 27-ի կալանավորման որոշումը։ Վերաքննիչ դատարանը գտավ, որ նախագահ Քոչարյանն ուներ կապեր, ազդեցություն և հեղինակություն, որոնք ազատության մեջ գտնվելու դեպքում կարող էին հնարավորություն տալ ազդելու գործով անցնող անձանց վրա։ Հիշեցնենք, սա այն որոշումն էր, որը գաղտնալսման մեջ քննարկում էին ԱԱԾ, ՀՔԾ ղեկավարները, նաև վարչապետ Փաշինյանը։ Հատկանշական է, որ Ռոբերտ Քոչարյանին երկրորդ անգամ կալանավորելու որոշում կայացրած դատավոր Ռուբիկ Մխիթարյանն ունեցավ պաշտոնեական առաջխաղացում և 2024 թվականին  ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվեց Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր։

Տեղին է հիշատակել, որ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքը պաշտպանող դատախազները ևս ունենում էին պաշտոնեական առաջխաղացումներ․ դատախազ Գևորգ Բաղդասարյանը, օրինակ, նշանակվեց գլխավոր դատախազի տեղակալ․ սակայն 3 տարի անց, երբ գործը արդեն ճանաչվել էր հակասահմանադրական, դուրս մղվեց համակարգից։ Դատախազ Կարեն Բիշարյանը նշանակվեց վերաքննիչ դատավոր։ Առաջխաղացում ունեցավ նաև մյուս դատախազը՝ Պետրոս Պետրոսյանը, որը ևս դուրս մղվեց համակարգից, իսկ հիմա աշխատում է որպես փաստաբան։

Եվ այսպես՝ 2018թ․ դեկտեմբերի 7-ին Ռոբերտ Քոչարյանը երկրորդ անգամ հայտնվեց կալանքի մեջ։

2019-ի ազատումը, դատարանների շրջափակումը և երրորդ կալանքը

Նախագահ Քոչարյանի՝ հաջորդ կալանքից ազատումը 2019թ․ մայիսի 18-ին էր։ Երևանի ընդհանուր իրավասությունների Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։

Մայիսի 14-ին ԼՂՀ նախկին և այդ ժամանակ գործող նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու երաշխավորագիր էին ներկայացրել դատարան։ Դատավոր Դավիթ Գրիգորյանը հայտնել էր, որ երաշխավորությունը ներկայացնելու համար երաշխավորները պարտադիր պետք է ներկայանան դատարան։ Նախագահները ներկայացել էին դատարան ու հաստատել իրենց երաշխավորագիրը։ Դատավոր Դավիթ Գրիգորյանը ոչ միայն ազատ արձակեց Ռոբերտ Քոչարյանին, մայիսի 20-ի առանձին որոշմամբ կասեցրեց գործի վարույթը և դիմեց ՍԴ՝ խնդրելով որոշել Քոչարյանին առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը։  

Դավիթ Գրիգորյանի այս որոշումները թանկ նստեցին ոչ միայն իր, այլև դատական համակարգի վրա։

Նույն օրը՝ 2019 թ. մայիսի 19-ին, Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հանդես եկավ  կոչով՝ մայիսի 20-ի առավոտյան ժամը 8:30-ից արգելափակել Հայաստանի բոլոր դատարանների մուտքերը։ Այդպես էլ արվեց, իր թիմակիցների կազմակերպմամբ, թեև փոքրաթիվ, սակայն ագրեսիվ մարդկանց միջոցով։ Համացանցում կան տեսանյութեր, թե ինչպես են հրում-գցում դատական համակարգում մշտապես բարձր հեղինակություն վայելող դատավոր Դավիթ Բալայանին, որը շրջափակման պայմաններում փորձում էր դատարանի շենքի պատուհանից ներս մտնել՝ իր պարտականությունները իրականացնելու համար։

2019 թ. հուլիսի 26-ին գլխավոր դատախազի պաշտոնակատարը ԲԴԽ-ին միջնորդություն ներկայացրեց՝ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու համար։ Այդ օրերին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որն անձամբ էր ներկա լինում Քոչարյանին վերաբերվող դատերին, գտնվում էր արձակուրդում, այդ օրերին նրան փոխարինում էր և ԲԴԽ-ին համապատասխան միջնորդությունը ներկայացրել էր Արմեն Խաչատուրյանը։ Գրիգորյանին վերագրվում էր Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածը։ Դա, իբրև, վերաբերում էր բոլորովին ուրիշ դատական գործի, սակայն հասկանալի էր, որ շարժառիթը Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելն է։ 2019 թ. հուլիսի 27-ին ԲԴԽ-ի որոշումը հրապարակվեց, և դրա արդյունքում դատավոր Գրիգորյանի լիազորություններն օրենքի ուժով կասեցվեցին։ Տարիներ տևած նիստերից հետո Դավիթ Գրիգորյանն արդարացվեց, իսկ պետությունը պարտավորվեց նրան վերականգնել աշխատանքի, ինչպես նաև վճարել փոխհատուցում։

2019 թ. հունիսի 5-ին, լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Ինչի էսօր Հայաստանում դատավոր կա, որ վարչապետի ասածը կարող ա չանի՞»։

Փաշինյանի այս հայտարարությունից 20 օր անց՝ հունիսի 25-ին, Վերաքննիչ քրեական դատարանը՝ Արմեն Դանիելյանի նախագահությամբ, բեկանեց առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի՝ մայիսի 18-ի որոշումը, որով Քոչարյանի կալանքը փոխարինվել էր Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ, վերացրեց այդ անձնական երաշխավորությունը, և Քոչարյանի նկատմամբ կրկին ընտրեց կալանավորումը որպես խափանման միջոց։ Դատավոր Դանիելյանի որոշման համաձայն՝ հիմնական ռիսկը այն էր, որ ազատության մեջ գտնվելու դեպքում Քոչարյանը կարող էր անօրինական ազդեցություն գործադրել գործով անցնող անձանց վրա և դրանով խոչընդոտել արդարադատության իրականացմանը։

Նիստի ընթացքում դատավոր Արմեն Դանիելյանն անգամ թույլ չտվեց պաշտպանական կողմին դիրքորոշում հայտնել և որոշում կայացրեց՝ լսելով միայն մեղադրող կողմին։ 2019թ․ հունիսի 25-ին Ռոբերտ Քոչարյանը կալանավորվեց արդեն երրորդ անգամ, այս անգամ՝ մի դատավորի որոշմամբ, որը դատական համակարգում մշտապես ուներ ամենաբացասական վարկանիշը։ Արմեն Դանիելյանը նաև բեկանեց դատավոր Գրիգորյանի մայիսի 20-ի՝ ՍԴ դիմելու և գործի վարույթը կասեցնելու որոշումը՝ գործն ուղարկելով նոր քննության։

Արմեն Դանիելյանը ևս, առաջիկայում ունեցավ աշխատանքային առաջխաղացում, և այժմ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր է։

Եվ այսպես, Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցումից հետո Ռոբերտ Քոչարյանի գործը 2019 թ. օգոստոսի 19-ին վերամակագրվեց դատավոր Աննա Դանիբեկյանին, իսկ օգոստոսի 20-ին նա գործն ընդունեց վարույթ։

Գործը ՍԴ-ում եւ Սահմանադրական դատարանի շուրջ զարգացումները

Թեև դատավոր Դանիելյանը բեկանեց դատավոր Գրիգորյանի մայիսի 20-ի՝ ՍԴ դիմելու և գործի վարույթը կասեցնելու որոշումը, սակայն ՍԴ-ն 2019 թ. հուլիսի 8-ին որոշեց Գրիգորյանի դիմումը մասամբ ընդունել քննության, մասնավորապես՝ 300.1-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականության հարցով։

Սա այն որոշումն էր, որի պատճառով, շատ իրավաբանների կարծիքով, սկսեց Սահմանադրական Դատարանի վրա իշխանական գրոհների և քանդման գործընթացը։ Իշխանությունը, ըստ ամենայնի, բարձր դատարանին չներեց, Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործը վարույթ ընդունելու որոշումը։ Սկսվեց ՍԴ անդամների և նախագահի փոփոխման գործընթացը։ 2020թ. փետրվարի 6-ինԱզգային ժողովը որոշեց Սահմանադրության մեկ հոդվածի փոփոխություն դնել հանրաքվեի, որը հնարավորություն կտար ազատվել դատավորների մեծ մասից։ Նախատեսվում էր, որ երկար տարիներ պաշտոնավարած, հին կարգով նշանակված ՍԴ անդամների լիազորությունները կդադարեն։ Փաշինյանը ԱԺ-ում այդ օրը հայտարարեց, որ հանրաքվեն պետք է լուծի ՍԴ-ի «հարցը»։Հանրաքվեն նշանակվեց 2020 թ. ապրիլի 5-ին։Սակայն Covid-19 համաճարակի պատճառով իրավիճակը փոխվեց։ Մի քանի քարոզչական հավաքից հետո Փաշինյանը, ի վերջո, տեղի տվեց, և մարտի 16-ին Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրություն։ Քանի որ արտակարգ դրության պայմաններում հանրաքվե անցկացնելն արգելված էր, ապրիլի 5-ի հանրաքվեն չկայացավ։ ԿԸՀ-ն մարտի 17-ին հայտարարեց հանրաքվեի գործընթացի կասեցման մասին։ Հանրաքվեն ի վերջո չեղարկվեց, հունիսի 25-ին, իսկ դրանից 3 օր առաջ՝ 2020թ․ հունիսի 22-ին, Ազգային ժողովն ընդունեց Սահմանադրության փոփոխությունը խորհրդարանով, որով փոխվեց 213-րդ հոդվածը։ Նոր կարգավորմամբ՝ մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված եւ ընդհանուր առմամբ առնվազն 12 տարի պաշտոնավարած ՍԴ անդամի լիազորությունները համարվում էին ավարտված։ Հունիսի 26-ին այս փոփոխության ուժով դադարեցվեց երեք ՍԴ դատավորների պաշտոնավարումը՝ Հրանտ Նազարյան, Ֆելիքս Թոխյան, Ալվինա Գյուլումյան։ Միաժամանակ դադարեցվեց Հրայր Թովմասյանի՝ որպես ՍԴ նախագահ պաշտոնավարումը։ Պետք է նշել, որ այդ ընթացքում իշխանությունը քանիցս գործարք առաջարկեց ՍԴ անդամներին՝ հրաժարական տալ և ստանալ բարձր թոշակ։ Սակայն մերժում ստացավ։

Այդ գործընթացում իր դերակատարումն ունեցավ նաև խորհրդարանական ընդդիմությունը։ ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն, կասկածի տակ դնելով փոփոխությունների սահմանադրականությունը, բոյկոտեցին հունիսի 22-ի քվեարկությունը։ ԲՀԿ-ն փորձեց փոփոխությունները վիճարկել Սահմանադրական դատարանում, սակայն անհրաժեշտ 27 ստորագրությունից հավաքվեց 26-ը, իսկ ԼՀԿ-ն այդ պահին հրաժարվեց միանալ՝ հայտարարելով, որ ՍԴ կդիմի Ռոբերտ Քոչարյանի գործով քննության ավարտից հետո, փաստացի ծառայություն մատուցելով իշխանությանը։ Արդյունքում փոփոխությունների ուժի մեջ մտնելու պահին ընդդիմադիր դիմումը չունեցավ անհրաժեշտ թվով ստորագրություններ, և երեք դատավորների լիազորությունների ու Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահի պաշտոնավարման դադարեցումն արդեն փաստ դարձավ։ Օգոստոսին ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն արդեն միասին դիմեցին ՍԴ, սակայն այդ պահին փոփոխություններն ուժի մեջ էին մտել, իսկ պաշտոնավարումների դադարեցումն արդեն տեղի էր ունեցել։

Այսպիսով՝ հանրաքվեի հարցը փաստացի լուծվեց ոչ թե հանրաքվեով, այլ Ազգային ժողովի կողմից Սահմանադրության փոփոխության ընդունմամբ, ինչ ևս բազմաթիվ իրավաբանների պնդմամբ անօրինական էր։ Այնուհետև, արդեն, ՍԴ դատավորներ նշանակվեցին միայն ՔՊ-ին եւ Փաշինյանին հավատարիմ եւ նրանց համար ցանկալի անձինք՝ անկախ նրանց մի մասի՝ դատավոր չլինելու հանգամանքից։

2019-ի սեպտեմբերի 17-ին դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց Քոչարյանին կալանքից ազատելու հերթական միջնորդությունը, և նախագահը շարունակեց մնալ կալանքի տակ։ Նույն թվականի հոկտեմբեր–դեկտեմբեր ամիսներին երկրորդ նախագահի առողջական խնդիրների պատճառով նա մի քանի անգամ տեղափոխվեց հիվանդանոց, այդ թվում՝ վիրահատության անհրաժեշտության պատճառով, սակայն հետագայում վերադարձվեց կալանավայր։

Մեկ տարի անց՝ ազատում կալանքից

2019թ․ հունիսյան կալանքից 1 տարի անց՝ 2020 թվականի հունիսի 18-ին, ՀՀ երկրորդ նախագահը ազատ արձակվեց կալանքից, այս անգամ՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի որոշմամբ։ Գրավի չափ սահմանվեց 2 միլիարդ դրամը։ Դատարանի պատճառաբանությամբ՝ Քոչարյանի ազատության պայմաններում գործի քննությանը խոչընդոտելու որոշակի ռիսկ կար, սակայն դատարանը գտավ, որ 2 մլրդ դրամ գրավը կարող է այդ ռիսկը նվազեցնել։ Համաձայն Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի պարզաբանման, գրավի շուրջ 500 մլն դրամը հավաքվել է ընտանիքիմիջոցներով, այդ թվում՝ գրավադրելով իր և քրոջ՝ Գայանեի բնակարանները, իսկ մոտ 1.5 մլրդ դրամը տրամադրել էին բարերարներ։

Գլխավոր դատախազությունը, բողոքարկեց դատարանի այս որոշումը։ 2021թ. հուլիսի 30-ին, Վճռաբեկ դատարանը մերժեց դատախազության բողոքը։

Դատավոր Արսեն Նիկողոսյանի՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու որոշումից հետո նրա անձնական հեռախոսահամարը, բնակության հասցեն որոշ մարդիկ տարածեցին համացանցում՝ բռնության կոչերով։ Թեև իշխանությունն ինքը հրապարակայնորեն չքննադատեց դատավորի որոշումը, սակայն համացանցային հարձակումները հենց իշխանական պատվերի տպավորություն էին թողնում։ Այդ որոշումը կասեցրեց դատավոր Նիկողոսյանի հետագա աշխատանքային առաջխաղացումը՝ ի հակադրություն կալանքի որոշում կայացնող դատավորների, որոնք ունենում էին առաջխաղացում։

300.1 հոդվածը ճանաչվում է հակասահմանադրական

Այուամենայնիվ, չնայած, որ Սահմանադրական դատարանի կազմը լուրջ փոփոխության էր ենթարկվել  եւ նշանակվել էին իշխանության ճաշակով դատավորներ, 2021-ի մարտի 26-ին Սահմանադրական դատարանը որոշեց Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը ճանաչել Սահմանադրության 78-րդ  եւ 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր։

Սա Ռոբերտ Քոչարյանի գործի համար առանցքային իրավական շրջադարձ էր, որովհետև նրան առաջադրված հիմնական մեղադրանքը հենց 300.1-րդ հոդվածի հիման վրա էր։

Մեղադրանքը փլվեց

ՍԴ որոշման հրապարակումից հետո դատարանի շենքից դուրս Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ Սահմանադրական դատարանը փաստացի հաստատեց այն, ինչ պաշտպանական կողմն ու Ռոբերտ Քոչարյանը պնդում էին գործի հենց սկզբից՝ 300.1 հոդվածը չէր համապատասխանում իրավական որոշակիության պահանջներին։ «Ցավում եմ, որ այդ ամենը տևեց երեք տարի… Ի վերջո, ճշմարտությունը հաղթեց»,- ասաց Վարդևանյանը՝ ընդգծելով, որ ՍԴ որոշումից հետո այդ հոդվածով քրեական հետապնդումն այլևս ենթակա էր դադարեցման։

Իրոք՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ մեղադրանքի հենց առաջին օրից նախագահ Քոչարյանն ինքը և փաստաբանական կողմը բազմիցս հայտարարել է անհիմն եւ հակասահմանադրական լինելու մասին։ Սակայն դա պաշտոնապես արձանագրվեց շուրջ երեք տարի անց՝ ՀՀ երկրորդ նախագահին երեք անգամ ընդհատումներով՝ 540 օր ապօրինի կալանքի տակ պահելուց հետո։

2021 թ. մարտի 26-ի ՍԴ որոշումից հետո Երևանի առաջին ատյանի դատարանը 2021 թ. ապրիլի 6-ին Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի նկատմամբ 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցրեց։

Գործի վերադարձը եւ նոր մեղադրանքը

Այդ որոշումը դատախազությունը բողոքարկեց, և երեքուկես տարի անց՝ 2024 թ. սեպտեմբերի 12-ին, Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատը բեկանեց 2021թ. ապրիլի 6-ի որոշումը և գործն ուղարկեց Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։

Դատախազությունը 2024 թ. հոկտեմբերի 11-ին որոշումներ ընդունեց նախկին 300.1 հոդվածով ներկայացված մեղադրանքի իրավական գնահատականը փոխելու և Քոչարյանին ու մյուսներին 2003 թվականի ՔՕ 309-րդ հոդվածի 3-րդ մասով նոր մեղադրանք ներկայացնելու վերաբերյալ։ Այդ հոդվածը վերաբերում է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորություններն անցնելուն։

Հակակոռուպցիոն դատարանում նոր փուլով առաջին նիստը տեղի ունեցավ 2024թ. նոյեմբերի 28-ին, դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ։ Այդ նիստում դատախազը միջնորդեց նոր մեղադրանք ներկայացնել Քոչարյանին և մյուսներին։ Դատախազության հիմնական իրավական տրամաբանությունը հետևյալն էր. ՍԴ-ն 2021-ին 300.1 հոդվածը ճանաչել էր Սահմանադրությանը հակասող և անվավեր, բայց դա ինքնին չէր նշանակում, որ նկարագրված արարքները չեն կարող քրեաիրավական այլ գնահատական ստանալ։

Քոչարյանը և նրա պաշտպանները հենց սկզբից վիճարկեցին հենց այն, որ եթե 300.1 հոդվածը ճանաչվել է հակասահմանադրական և դրա հիմքով նախկին հետապնդումը դադարեցվել է, ապա ինչպե՞ս է նույն գործի շրջանակում հնարավոր նոր մեղադրանք առաջադրել։

Նույն դատական նիստում նախագահ Քոչարյանը զարմանքով արձագանքեց․ «Առանց հոդվածի չի լինում մեղադրանք, առանց մեղադրանքի չի լինում մեղադրյալ»։ Նա հարցականի տակ դրեց իր՝ որպես մեղադրյալի կարգավիճակը։

Ամիսներ շարունակ պաշտպանական կողմը վիճարկեց նոր մեղադրանքի իրավաչափությունը։ Մեղադրանքը դատարանը հաստատեց միայն 2026թ․ հունվարի 16-ին՝ 1 տարի երկու ամիս դատական նիստեր անելուց հետո։

Քոչարյանի հակափաստարկները

Ռոբերտ Քոչարյանը բազմիցս մեղադրանքն անվանել է անհեթեթություն և վիճարկել արտակարգ դրության մասին հրամանագրի ապօրինի լինելու վերաբերյալ մեղադրանքի տրամաբանությունը։ Նրա հիմնական միտքն էր՝ եթե նույնիսկ իրավական խնդիր կա, ապա արտակարգ դրության հրամանագիրը հաստատվել էր Ազգային ժողովի կողմից, իսկ այն ժամանակ գործող Սահմանադրության անցումային դրույթներով նախագահը նման պայմաններում ունեցել է արտակարգ դրություն հայտարարելու իրավասություն։

«Այս մեղադրական եզրակացությունը քաղաքական փաստաթուղթ է, չի գրվել իրավաբանների կողմից, սա քաղաքական սենյակներում գրված է, կան անհեթեթություններ»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Նա առանձնացրեց մեղադրանքի մեջ նշված երկու ենթադրյալ «շարժառիթները»՝ «ցանկալի իշխանական համակարգը պահելու» նպատակը, «ամեն գնով իշխանությունը փոխանցել իր մերձավոր Սերժ Սարգսյանին»։ Քոչարյանը հարցադրում էր անում՝ ի՞նչ է նշանակում «ցանկալի իշխանական համակարգ», և նշում էր, որ նույնիսկ քննիչից չի ստացել այդ ձևակերպման բացատրությունը։

Սեպտեմբերի 8-ի ելույթում Քոչարյանը հատուկ անդրադարձավ Սերժ Սարգսյանին իշխանությունը «փոխանցելու» ձևակերպմանը։ Նրա փաստարկը հետևյալն էր՝ նախագահը իշխանությունը պարզապես «չի փոխանցում» հաջորդ նախագահին։ Ըստ Քոչարյանի՝ նախագահական ընտրություններն իրականացնում է ԿԸՀ-ն, ընտրված նախագահի իշխանության ստանձնումը տեղի է ունենում Սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգով, նոր նախագահը երդվում է Ազգային ժողովում, իսկ գործող նախագահի պարտականություններից մեկն է ապահովել, որ իշխանությունը փոխանցվի օրինականորեն ընտրված անձին։

Նախագահ Քոչարյանը հենց այս պատճառով հարցադրում էր անում՝ եթե Սերժ Սարգսյանի ընտրությունը մեղադրանքի մեջ չի ներկայացվում որպես ապօրինի կամ կեղծված, ապա ինչպե՞ս կարող է գործող նախագահի՝ ընտրված նախագահին իշխանության փոխանցումը ներկայացվել որպես հանցավոր նպատակ։ Նույն ելույթում Ռոբերտ Քոչարյանը նաև ասաց հետևյալը․  «7 տարի է՝ չգիտեմ, թե իրավապահ համակարգը, ՀՀ իշխանությունն ի՞նչ է ուզում ինձնից»։

2025թ. հուլիսի 11-ի դատական քննարկման ժամանակ Քոչարյանն ասաց՝ տպավորություն է, թե մեղադրականը կազմողները այն ժամանակվա Սահմանադրությանը ընդհանրապես ծանոթ չեն կամ չեն հասկացել, թե ինչ է գրված։

Ռոբերտ Քոչարյանի այլ գնահատականներ և հակափաստարկները՝ «Մարտի 1»-ի գործի վերաբերյալ․

1․ Միանգամից տպավորություն ձևավորվեց ինձ մոտ, հետագայում հիմնավորվեց, որ այս քննչական խումբը նպատակ չունի այս գործը բացահայտելու, այլ կա նշանակված մեղավոր, և իրենք ամեն ինչ պետք է անեն այդ մեղքն ապացուցելու համար։

2․ Սահմանադրական կարգի նկատմամբ ոտնձգությունը կատարվել է Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների կողմից, ովքեր հայտարարում էին, որ պետք է կազմալուծեն պետական համակարգը։ Սահմանադրական ի՞նչ կարգ ենք մենք տապալել։ Միայն հիվանդ երևակայությամբ մարդը կարող է ենթադրել, որ դա հնարավոր մի բան է։

3․ Մի քանի տասնյակ մեքենա արդեն հրկիզված էր, բարիկադները կառուցված էին, ներքին զորքերի վրա ուղղակի հարձակվում էին, սա էր վիճակը։ Ես պետք է հանգիստ նայե՞ի՝ ինչպես է կազմալուծվում պետական համակարգը։ Արտակարգ դրություն չհայտարարելն այսօր կդիտվեր անգործություն նախագահի կողմից։

4․ Մարտի 1-ին ցուցարարների միջից են ավտոմատով կրակել դեպի ոստիկանական շարքերը, բազմաթիվ տեսանյութեր կան այդ մասով։ Առաջին զոհը եղել է ոստիկան։ Որևէ ընդդիմադիր դեմք որևէ վնասվածք չի ստացել։

Չորրորդ կալանքը՝ 2026 թվական

ՀՀ երկրորդ նախագահի 4-րդ կալանավորումն արդեն, տեղի ունեցավ 2026 թվականին։ Նա, ըստ էության, մեղադրվում է նախագահ եղած ժամանակահատվածում կառավարության կողմից ներկայացված որոշումը վավերացնելու մեջ։ Օգոստոսի 24-ին ԱԺ-ում տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյան-Լևոն Քոչարյան սուր հարցուպատասխան, որի ընթացքում Լևոն Քոչարյանը Փաշինյանին մեղադրեց Արցախի կորստի և հազարավոր զոհերի համար՝ նշելով, որ ընդդիմությանը ձայն տված ավելի քան 500 հազար մարդ Փաշինյանին անվանում է «պիղծ դավաճան»։ Այս ձևակերպումից հետո Փաշինյանի նյարդերը տեղի տվեցին և նա ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ Քոչարյանները «պիտի նստեն և ունեզրկվեն»։ Հայտարարության հենց հաջորդ օրը՝ օգոստոսի 25-ի առավոտյան ժամը 7-ին հակակոռուպցիոնը, ԱԱԾ հատուկ ջոկատայինների հետ գործողություններ սկսեց Քոչարյան ընտանիքի դեմ։

Իրականացվեցին խուզարկություններ Ռոբերտ և Լևոն Քոչարյանների բնակարաններում, ինչպես նաև նրանց պատկանող կամ նրանց հետ փոխկապակցված ընկերություններում, մասնավորապես՝ «Toyota Yerevan»-ում, «Pregomesh»-ում, «Orange Fitness»-ում, «Play City»-ում, սակայն հանցակազմ պարունակող ոչինչ չհրապարկվեց։

Նույն օրը Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվեցին և տեղափոխվեցին Հակակոռուպցիոն կոմիտե։

Հակակոռուպցիոն կոմիտեում նախագահ Քոչարյանի ինքնազգացողությունը վատացավ, և նա տեղափոխվեց բժշկական կենտրոն։ Պարզվեց, ՀՀ երկրորդ նախագահը սույն իրադարձություններից մոտ 1-2 շաբաթ առաջ ենթարկվել էր սրտի վիրահատության և համաձայն բժշկի ցուցումի՝ մոտ մեկ ամիս պետք է գտնվեր հանգիստ վիճակում։

Այս հանգամանքը, սակայն, չխանգարեց իրավապահ համակարգին․ օգոստոսի 26-ին նրան ներկայացրեցին Հակակոռուպցիոն դատարան, որտեղ քննվում էր կալանավորելու միջնորդությունը։

Հատկանշական է, որ կալանքի հարցի քննության ընթացքում Քոչարյանը կրկին տեղափոխվեց հիվանդանոց, և դատարանը նիստը շարունակեց առանց նրա մասնակցության և օգոստոսի 27-ի լուսադեմին դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ կիրառեց երկամսյա կալանք՝ քննությանը չխոչընդոտելու հիմքով։

Այստեղ կարևոր է նշել, որ նախորդ բոլոր կալանքների և դրանց միջև ընկած ժամանակահատվածների ընթացքում Ռոբերտ Քոչարյանի վարքագիծը՝ քննությանը խոչընդոտելու կամ թաքնվելու տեսանկյունից, բողոքի առիթ չէր տվել, իսկ պաշտպանական կողմը մշտապես ընդգծել է նրա պատշաճ վարքագիծը։

Փաստաբանների գնահատամամբ՝ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է իր սահմնադրական պարտականությունները կատարելու մեջ։

«Քոչարյանի նկատմամբ կալանքի համար անհրաժեշտ հիմքը՝ հիմնավոր կասկածը, առկա չէ։ Պաշտպանական կողմը ներկայացրել է իր դիրքորոշումը՝ պնդելով, որ հիմնավոր կասկած առկա չէ, իսկ առաջադրված մեղադրանքն ունի բազմաթիվ իրավական և փաստական խնդիրներ։ Մեղադրանքը վերաբերում է նրան, որ Ռոբերտ Քոչարյանը, լինելով նախագահ, կատարել է իր սահմանադրական պարտականությունը՝ վավերացրել է կառավարության որոշումներ»,- նշել է Արամ Օրբելյանը, ապա հավելել՝ «Ինչո՞վ Ռոբերտ Քոչարյանը կարող է խոչընդոտել, իր միակ գործողությունը կառավարության որոշումը վավերացնելն է, այսինքն՝ պետք է գնար կառավարության արխիվ՝ ջնջե՞ր»։

Այս ամենի համադրությամբ, Քոչարյանի կալանքը դժվար է դիտարկել միայն որպես հերթական քրեական գործընթաց։ Գործի հետ կապված շրջանառվում է 3 հիմնական վարկած.

Ինչու՞ են «բռնում» Քոչարյանին

1․ Ներքաղաքական գործ՝ նոր զիջումների ֆոնին․ Քոչարյանի կալանքը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ընդդիմադիր դաշտում ակտիվորեն քննարկվում էին իշխանության հնարավոր նոր զիջումները Ադրբեջանին և սահմանային ու տարածքային հարցերում սպասվող որոշումները։

Այս պայմաններում Քոչարյանի նման քաղաքական գործչի մեկուսացումը ներկայացվում է որպես քաղաքական հաշվարկ՝ հեռացնել այն մարդկանց, որոնք կարող են կազմակերպել դիմադրություն կամ համախմբել դժգոհ հասարակությանը։

2․ Աշխարհաքաղաքական գործ․ Քոչարյանի թիմակիցները նրա վերջին կալանավորումը դիտարկում են ոչ միայն ներքաղաքական, այլև Հայաստանի շուրջ ընթացող աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում։ Նրանց գնահատմամբ՝ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության, հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման և Բաքվից հնչող նոր պահանջների պայմաններում իշխանությունը փորձում է մեկուսացնել այն քաղաքական ուժերին և գործիչներին, որոնք կարող են դիմադրել այդ օրակարգին։ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը չորրորդ կալանավորումն ուղղակիորեն անվանել է «բացառապես աշխարհաքաղաքական» և այն կապել Բաքվից եկող պահանջների հետ։

3․ Ալիևի պահանջ․ Քոչարյանի ձերբակալման որոշումը կայացվեց օգոստոսի 26-ին՝ Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի ծննդյան հաջորդ օրը։ Հաշվի առնելով՝ Արցախի նախագահների Բաքվում բանտարկված լինելու, արցախյան պատերազմի մասնակիցներին Ալիևի կողմից ահաբեկիչ համարելու հանգամանքները, ինչպես նաև նախորդ տարիների փորձը, համաձայն որոնց Փաշինյանը կատարում է Ալիևի պահանջները, այս կալանավորումը ևս կապվում է Ադրբեջանի պահանջի հետ։ 2018-ից մինչև 2026 թվականը տեղի ունեցած իրադարձությունների ամբողջ հաջորդականությունը ցույց է տալիս մի բան․ Քոչարյանի գործը Հայաստանում վաղուց միայն մեկ մարդու քրեական գործը չէ։ Այն դարձել է հետհեղափոխական Հայաստանի իշխանության՝ կեղծիքների, քանդումների, հանձնումների, կոռուպցիայի, հանրությանը խաբելու, պառակտման  խորհրդանիշ։ Այս քրեական գործերը թեև չունեն հեռանկար, ինչպես պարզվեց հակասահմանադրական ճանաչված գործի օրինակով, նաև փլում են նախագահ Քոչարյանի վերաբերյալ կառուցված մի շարք միֆեր։