կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-01 12:26
Առանց Կատեգորիա

Սեւազգեստ ծնողները` ԱԺ-ում

Սեւազգեստ ծնողները` ԱԺ-ում

Բանակում մահացած ժամկետային զինծառայողների ծնողները, ովքեր տարիներ շարունակ բողոքում են իրենց որդիների մահվան հանգամանքները խեղաթյուրելու եւ կոծկելու դեմ, երեկ հնարավորություն ստացան իրենց բողոքները նորից ներկայացնելՙ այս անգամ էլ  ԱԺ պատգամավորներին:

 

Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ փոխխոսնակ Սամվել Նիկոյանը, պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության եւ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովների նախագահներ Հրայր Կարապետյանը եւ Արամ Սաֆարյանը, ինչպես նաեւ Մարդու իրավունքների ներկա ու նախկին պաշտպանները` Կարեն Անդրեասյանն ու Լարիսա Ալավերդյանը:

 

Հանդիպմանը հրավիրված էին նաեւ լրագրողներ, սակայն Սամվել Նիկոյանը չցանկացավ շարունակել հանդիպումը լրագրողների ներկայությամբ, չնայած զոհվածների ծնողները դեմ չէին, որից հետո լրագրողները դուրս հրավիրվեցին:

 

Ի դեպ, նույն հորդորով լրագրողներին դիմեց նաեւ Կարեն Անդրեասյանը` խոստանալով, որ հանդիպումից անմիջապես հետո ճեպազրույց կանցկացնի: Լարիսա Ալավերդյանն էլ հավելեց, որ դրա մեջ վատ բան չկա` փակ, աշխատանքային հանդիպում է:

 

«Ձեզ դիմում են մարդու իրավունքների երկու պաշտպանները, կարող ենք խնդրել, որ Բիշքեկից զանգի նաեւ երրորդ պաշտպանը»,- ասաց Կարեն Անդրեասյանը:

 

Ինչեւէ, թեեւ լրագրողները դեռեւս շարունակում էին սպասել դրսում, սակայն այստեղ էլ լսելի էին զոհվածների սեւազգեստ ծնողների բորբոքված ելույթները: Ի վերջոհանդիպումը կիսատ թողնելով` դուռը շրխկացրեց եւ դուրս եկավ սպանված զինծառայողի հայր Ռոբերտ Միրզոյանը: «Ես ավարտեցի իմ քննարկումը, ո՞նց չբորբոքվեի, բա իմ միակ զավակին տանեն գնդակահարեն ու էսօր ոչ մի բան չանե՞ն»,- բորբոքվեց նա:

 

Հետո էլ անկեղծացավ, թե ինքն այս հանդիպումից առանձնապես լուրջ ակնկալիքներ չուներ: Խորհրդարան եկել էր` հիմա էլ խոշոր կուսակցությունների ներկայացուցիչների մոտ իր բողոքն արտահայտելու: Ռոբերտ Միրզոյանը հիշեցրեց, որ  ավելի բարձր ատյանից` նախագահի  կողմից ամիսներ առաջ արված քայլն արդյունք չի տվել: Զինվորի հայրը նաեւ իր առաջարկությունն ունի, ասում է` թող ԱԺ կանչեն գլխավոր դատախազին ու զինդատախազին:

 

Երեկվա հանդիպման նախաձեռնողը Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն էր, ով հանդիպումից հետո տեղեկացրեց, որ   ծնողներն ու  ՄԻՊ գրասենյակը որոշել են յուրաքանչյուր գործի վերաբերյալ տեղեկանքներ պատրաստել եւ ներկայացնել ԱԺ պատգամավորներին: Դրանից հետո ԱԺ հանձնաժողովները գրություն են ներկայացնելու այն մարմիններին, որոնցից սպանված զինվորների ծնողները դժգոհություն ունեն:

 

«Աշխատանքն արդյունավետ կլինի, երբ սպանված զինվորների ս¨ազգեստ ծնողները տարբեր տեղեր չեն կանգնիՙ  իրենց բողոքն արտահայտելու»,- ասաց Կարեն Անդրեասյանը` տեղեկացնելով, որ թե՛ զինվորների ծնողները, թե՛ իրենք արդեն հստակ գիտեն իրենց հետագա անելիքները, իսկ սա` միայն սկիզբն է:

 

«Յուրաքանչյուր գործ մինչեւ վերջ պիտի քննվի, ոչ մի գործ չպիտի այն վիճակում մնա, որ ծնողների մոտ կասկածների տեղիք տա, մտածեն, թե քննությունն անարդար է եղել, ինչ-որ բաներ կոծկվել են. սա է մեր խնդիրը»,- իր հերթին խոստացավ ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հանձնաժողովի ղեկավար Հրայր Կարապետյանը:

 

Սեւազգեստ ծնողները երկար ժամանակ չէին հեռանում Ազգային Ժողովի շենքի մոտից. հետագա անելիքներն էին քննարկում:

 

«Պայքարելու եմ մինչեւ վերջ»,- ասաց բանակում զոհված Տիգրան Օհանջանյանի մայրը` Գոհար Սարգսյանը, եւ պատմեց, թե ինչպես է տարիներ շարունակ Ռուսաստանում ապրող որդին վերադարձել Հայաստան` պարտքը կատարելու: «Բայց հայոց բանակի բորենիները հոշոտեցին իմ երեխուն եւ դրա համար Հայաստանի իշխանությունները` նախագահ-գերագույն հրամանատարի գլխավորությամբ, պետք է պատասխան տան»,- վրդովված ասում է նա` պնդելով, թե չի հավատում պաշտոնական` որդու էլեկտրահարվելու մասին վարկածին:

 

Սպանված Նարեկ Գալստյանի հորաքույրն էլ է բողոքում. իրենց ընտանիքն էլ քայքայվել է այն ժամանակ, երբ «գերդաստանի միակ ճրագն է մարել», իսկ Նարեկ Գալստյանի մայրն էլ կատարվածի պատճառով կորցրել է հոգեկան հավասարակշռությունը: «Ո՞ւր էր կառավարությունը, ինչի՞ պիտի մեր տղան հենց մայիսի 9-ի տոնական օրը սպանվեր, գոնե մահվանից հետո ո՞վ պիտի պատասխան տա»,- հարցնում է նա ու դարձյալ չի հավատում պաշտոնական վարկածին, թե Նարեկը մահացել է բենզինի գողություն անելու ընթացքում` բենզինի մեջ խեղդվելով:

 

Երեկ խորհրդարան եկած սեւազգեստ մարդկանց ցանկացած խոստում հույս է ներշնչում: Ու թեեւ բոլորն էլ հիշում են նախագահից մինչեւ նորանշանակ զինդատախազի անկատար խոստումները, սակայն դեռ հուսով են, որ կհասնեն իրենց նպատակին։

 

Մարիա ԿԱՐԱԹՈՐՈՍՅԱՆ