Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսը անսպասելիորեն մեծ արձագանք է ունեցել միջազգային լրատվամիջոցներում: «Սոցիոմետր» հետազոտական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ իրենց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հայկական զորահանդեսի մասին հրապարակումները անգլալեզու մամուլում 850-ն են:
Իսկ Ադրբեջանի վերջին զորահանդեսի վերաբերյալ անգլերեն լեզվով 98 հրապարակում է եղել, սակայն սեպտեմբերի 21-ից հետո նրանց զորահանդեսին անդրադարձ անող հրապարակումների թիվը հասել է 830-ի: «Այսինքն` մենք կամա, թե ակամա ադրբեջանական ռազմական ուժի մեծ PR ենք արել»,- ասաց սոցիոլոգը:
Նա նշեց, որ թեեւ կային ե'ւ թշնամական, ե'ւ բարեկամական հրապարակումներ, սակայն ավելի գնահատելի են չեզոք գնահատականները, որոնք տրվում էին հիմնականում արեւմտյան փորձագետների կողմից:
Վերջիններս նշում են, որ ադրբեջանական եւ հայկական զինված ուժերի միջեւ հավասարակշռվածությունը պահպանվում է: Իսկ դա, ըստ ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանի, արդեն իսկ դրական գնահատական է:
Բանն այն է, որ առնվազն տասը տարի Ադրբեջանի իշխանությունները խաբել են իրենց ժողովրդին` ասելով, թե տարեցտարի իրենց բանակը հզորանում է եւ իր պոտենցիալով մի քանի անգամ գերազանցում է հայկականին: Եվ ահա այս զորահանդեսից հետո այդ փուչիկները պայթեցին, եւ այժմ ադրբեջանական կողմը խորը ճգնաժամային վիճակում է:
Ադրբեջանում պարբերաբար սկանդալային հրապարկումներ են լինում` կաշառակերության դեպքերի հետ կապված, երբ հսկայական գումարներ են ծախսվում ռազմամթերք գնելու համար, իսկ հետո պարզվում է, որ գնվածը հին է: Այս ամենից ժողովրդի ուշադրությունը շեղելու համար ադրբեջանական քարոզչամեքենան ավելի մեծ թափով է գովերգում իր հզոր բանակը եւ նույնիսկ այդ նույն ցեխը փորձում է քսել հայկական բանակի վրա:
Սակայն իրականությունն այն է, որ ադրբեջանական կողմն ավելի շատ խոսում է` ի հակադրություն հայկականի, որը հիմնականում լուռ է, սակայն գործով է ցույց տալիս: Սրա վառ օրինակը, ըստ Ա. Ադիբեկյանի, հայրենական արտադրանքի անօդաչու սավառնակների ցուցադրումն էր զորահանդեսի ժամանակ: Մինչ այդ երբեք չէր խոսվել այն մասին, թե Հայաստանում արտադրվում է նման ռազմական տեխնիկա: Իսկ ահա Ադրբեջանը բազմիցս խոսել է իր կողմից անօդաչու սավառնակների արտադրության մասին, սակայն դրանք դեռեւս չեն ցուցադրվել:
Հոգեբան Սամվել Խուդոյանը նշեց, որ չեզոք դիրքորոշում ունեցող փորձագետներին ավելի շատ հետաքրքրել է այն, ինչը նորություն է եղել, օրինակ` հոգեւորականների ներկայությունը, ինչի մասին հիացմունքով խոսել են անգլիացիները, չինացիները: Իսկ ռուսներն ավելի շատ գրել են հայկական զորահանդեսին ռուս զինվորականների մասնակցության մասին: Եվ դա համարել են որպես դաշնակից երկրի` իրենց հանդեպ մեծ նվիրվածության նշան:
Հոգեբանը նշեց, որ ադրբեջանական կողմի ենթագիտակցական արձագանքներից երեւում էր Ալիեւի անվստահությունը, իսկ ահա հայերի շրջանում հզոր բանակի ցուցադրությունը ապահովության եւ վստահության զգացում է առաջ բերել: