Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դատելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Գերմանիա կատարած այցի շրջանակներում Բեռլինից հնչած հայտարարությունների բովանդակությունից՝ այցը հիմնականում կապված էր ԼՂ կարգավորման առաջիկա զարգացումների հետ:
Ալիևի այս այցին նախորդել էր մայիսի վերջին և հունիսի սկզբին նախ` Ադրբեջանի, ապա` Հայաստանի արտգործնախարարների հետ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը, որից հետո, սակայն, այդպես էլ հասկանալի չդարձավ՝ ե՞րբ է պլանավորվում նախագահների հերթական հանդիպումը: Հունիսի 2-ին Փարիզում երեք համանախագահների հետ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպման կապակցությամբ ՀՀ ԱԳՆ-ի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում էր, որ քննարկումը վերաբերել է «զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնման վերաբերյալ համանախագահների առաջարկների մանրամասներին»։ Դրանից պարզ է դառնում, որ համանախագահներն արդեն հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված միջոցառումների առումով առաջարկությունների ինչ-որ փաթեթ են փոխանցել կողմերին: Ըստ ամենայնի՝ ներկայումս թե' Երևանը և թե' Բաքուն այդ փաթեթի վերաբերյալ դիրքորոշումները հստակեցնելու փուլում են:
«Ինտերֆաքս»-ին երեկ տված հարցազրույցում, անդրադառնալով այս հարցին, ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովն ասել է. «Գերմանիան, որպես ԵԱՀԿ գործող նախագահող և ՄԽ մաս կազմող երկիր, անմիջական մասնակցություն ունի վիեննական պայմանավորվածությունների իրականացման գործընթացում, որը կապված է հակամարտող կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդմանը»: Հիշեցնենք, որ Վիեննայում մայիսի 16-ին կայացած` Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ հրադադարի ամրապնդման մեխանիզմների ստեղծմամբ պետք է զբաղվի ԵԱՀԿ նախագահող Գերմանիան: Պետք է ենթադրել, որ Ալիևի՝ Գերմանիա կատարած այցը պայմանավորված է եղել հենց շփման գծում խաղաղության ամրապնդմանն ուղղված առաջարկվող միջոցառումների կապակցությամբ Բեռլինից որոշակի պարզաբանումներ ստանալու հետ: Դրանցից էլ, թերևս, կախված կլինի առաջարկությունների վերաբերյալ պաշտոնական Բաքվի վերջնական դիրքորոշումը:
Բեռլինում կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Ալիևը հայտարարել է «օկուպացված տարածքների» վերադարձման և ստատուս քվոն փոխելու անհրաժեշտության մասին, ինչից կարելի է ենթադրել, որ նա գերմանական կողմից փորձել է երաշխիքներ ստանալ, որ միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծման, ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի մոնիթորինգային թիմի ընդլայնման միջոցառումները չեն ծառայելու ներկայիս ստատուս քվոյի շարունակմանը:
Ուշագրավ է այն հանգամանքը, որ թե' Մերկելը և թե' Ալիևը հատուկ շեշտել են, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացում վճռորոշ դերակատարություն է ունենալու Ռուսաստանը: Ալիևը նաև հավելել է, որ Ադրբեջանը Ռուսաստանին դիտարկում է որպես իր ռազմավարական գործընկեր, և որ Մոսկվայի ներկայիս վարքագիծը լիովին համապատասխանում է այդ կարգավիճակին: Ընդ որում` ո'չ Մերկելը և ո'չ էլ Ալիևը որևէ ակնարկ չեն արել հրադադարի ամրապնդմանն ուղղված մեխանիզմների մասին: Այս ամենից հետևում է, որ պաշտոնական Բեռլինը բանակցությունների շարունակման և հանգուցալուծման հիմնական պատասխանատվությունը, անկախ կողմերին ներկայացված հրադադարի ամրապնդման մեխանիզմների գործարկման հանգամանքից, գցում է Ռուսաստանի վրա: Ակնարկն ավելի քան պարզ է՝ որպեսզի Հայաստանը, առանց այդ մեխանիզմների ներդրման կամ դրա ընթացքին զուգահեռ, մտնի հայտարարված` հունիսից մեկնարկող ԼՂ կարգավորման, այսպես կոչված, «սուբստանտիվ» բանակցությունների մեջ, ապա Բաքուն պետք է հոգա, որ Մոսկվան ճնշում գործադրի Երևանի վրա:
Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Գերմանիան այսպես վարվում: Պետք է ենթադրել՝ դա պայմանավորված է նրանով, որ Երևանը փորձում է չհրաժարվել հրադադարի ամրապնդման մեխանիզմների տեղակայումը որպես մադրիդյան սկզբունքների հիման վրա բանակցությունները շարունակելու նախապայման ներկայացնելու՝ դեռ Վիեննայի գագաթաժողովում արտահայտած դիրքորոշումից: Դրա մասին է խոսում այն հանգամանքը, որ համանախագահների և Էդվարդ Նալբանդյանի՝ հունիսի 2-ին Փարիզում կայացած հանդիպման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրության մեջ ոչինչ չկար նախագահների մակարդակով բանակցությունների կազմակերպման մասին: Բացի դրանից՝ արդեն հունիսի առաջին տասնօրյակն անցնում է, սակայն ո'չ կողմերը և ո'չ էլ միջնորդները չեն հստակեցնում, թե ե՞րբ են նախագահները հանդիպելու, կամ, ընդհանրապես, այս ամիս նման հանդիպում կկայանա՞, թե՞ ոչ:
Այն, որ բանակցությունների հարցում անորոշությունը պահպանվում է հենց հայկական կողմի համառության պատճառով, անուղղակի հաստատել է նաև ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը: Նա, ըստ 1in.am-ի, նշել է, որ Գերմանիան հիմա փորձում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման համար ֆինանսական աղբյուրներ գտնել, ապա հավելել է. «Թեպետ պայմանավորվածությունից հետո շփման գծում արտառոց դեպքեր տեղի չեն ունեցել, եւ տիրում է հարաբերական անդորր, բայց իրականում 1994 թվականին կնքված հրադադարի համաձայնագիրը պետք է կայուն մնա: Միաժամանակ, առանց հետաձգելու պետք է վերսկսվեն քաղաքական բանակցությունները խնդրի կարգավորման շուրջ»: Քիսլերի ակնարկը Երևանին առավել քան թափանցիկ է՝ բավարարվել զուտ նրանով, որ հիմա սահմաններին, ընդհանուր առմամբ, խաղաղություն է և, չսպասելով իր առաջադրած նախապայմանների կատարմանը, որն ակնհայտորեն ուշանում է, գնալ նախագահների նոր հանդիպմանը:
Այս ամենը հաշվի առնելով՝ կարելի է չկասկածել, որ վիեննական պայմանավորվածությունների պատճառով կաշկանդումների մեջ հայտնված Ալիևը Գերմանիայից վերադառնալուց հետո սկսելու է դրդել Ռուսաստանին՝ ճնշում գործադրել Երևանի վրա, որպեսզի վերջինս համաձայնի Ալիև-Սարգսյան հանդիպման կազմակերպմանը: Հարցն այն է՝ ինչպիսի՞ն կլինի Մոսկվայի արձագանքը: Չի կարելի բացառել, որ դրանից կախված կլինի, թե որքան կտևի շփման գծում տիրող անդորրը:
Գևորգ Դարբինյան