Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայաստանը ես չեմ, որովհետեւ ես բոմժ եմ: Հայաստանը հզոր երկիր ա»,- զրուցակիցս 54-ամյա մի տղամարդ է, ում հանդիպել եմ Արամի փողոցում: Նա էլ իր պարզ պատմությունն ունի. կինը մահացել է 90-ականների վերջին, հետո իր բնակարանը վաճառել է` գումարի մի մասը տվել որդուն, իսկ իր բաժինը խմելուն է տվել.
«Ես կորած մարդ եմ, հասկանու՞մ ես, քուր ջան: Կորած մարդը չի կարա Հայաստան լինի: Հայաստանը Տիգրան Մեծն էր, Աշոտ Երկաթն էր, Մոնթեն էր, Գորգիսյանն էր, որ առաջինը մեռավ էս անկախ երկրի համար, Դեւն էր: Դեւի՞ն գիտես»: Հարցնում եմ, թե հիմա էլ Հայաստաններ չկան, ասում է, թե կան. «Ով հզոր ա, Հայաստան ա: Բայց դե փողը չէ էլի: Մարդը, մարդու մասին եմ ասում»:
Ընդամենը օրեր առաջ մարդիկ կառավարության շենքի մոտ բողոքի ցույցեր էին անում, իրենց ցավուդարդին դարման ուզում, իսկ այսօր արդեն քաղաքում միայն գույներ են, դրոշներ ու ամեն անկյունից հուշում են, թե «Հայաստանը դու ես»: Բայց արդյո՞ք անտուն, աշխատանք չունեցող, տարիներով իրենց թոշակից զրկված մարդիկ, ապամոնտաժված կրպակների տերերը իրենց Հայաստան են զգում:
57-ամյա Մելանյա Սարդարյանն արդեն չորրորդ օրը թոքաբորբով հիվանդ պառկած է իր վառված տան բակում: Իսկ Կորյունի 23 հասցեում գտնվող տունը վառվել է նոյեմբերի 24-ին բռնկված մեծ հրդեհից: Դրանից հետո ինքն էլ տուն կորցրած մյուս ընտանիքների հետ մեկ ամիս ապրել է նույն տարածքում ամրացված վրանում: Հետո քաղաքապետի խիղճը շարժվել էր, ութ ամիս գումար էին հատկացնում, որ վարձով բնակվեն այս ընտանիքները:
Իսկ ահա օգոստոսի 20-ին վարձակալության ժամկետը լրացել է, իսկ քաղաքապետարանից այլեւս գումար չեն փոխանցում: Նորից մնացել են իրենց եղունգի հույսին. քաղաքապետարանը հույս է տալիս, թե այսօր-վաղը կառուցապատողը գալու է, բանակցի իրենց հետ: Բայց այդ կառուցապտողն այդպես էլ չի հայտնվում: Ինչեւիցէ, եթե նույնիսկ հենց վաղն էլ նա գա, Կորյուն 23-ում կառուցվելիք բազմաբնակարն շենքը մեկ օրում չէ կառուցվելու: Որքա՞ն ժամանակ են դեռ այս մարդիկ փողոցում ապրելու ու սնվելու քաղաքապետարանի «այսօր-վաղը մի բան կանենք»-ով:
«Իրենք տոն են անում, ուրախանում են, իսկ ես թոքաբորբով պառկած եմ էս ցեմենտ-բետոնին, տաքությունս 40 աստիճանից չի իջնում: Ես երկու զինվոր տվեցի Արցախին, բայց էսօրվա դրությամբ էստեղ եմ քնում: Իմ երկու տղեն դոշ են տվել Հայաստանի համար, բայց հիմա ընկել են չոլերը իրենց երեսից»,- ասաց տիկին Մելանյան:
Այս մարդկանց համար անկախության տոն չկա. աչքներին տոն չի երեւում, երբ տուն չկա: Արթուր Սարգսյանի հինգ հոգանոց ընտանիքն էլ ապրում է իրենց այրված տնից քիչ թե շատ անվնաս մնացած մեկ սենյակում: Նրա կինը` Մարիա Աղաջանյանը, պատմում է, որ տեղանքը «կենդանաբանական այգի է դարձել»` մողեսներ, կարիճներ, մկներ ու խավարասերներ: Իսկ եթե կծում են, մի միջոց կա. «Քացախը դնում ենք վրեն, անալգին-դիմեդրոլ ենք խմում, պրծավ-գնաց»:
Հարցնում եմ, թե ո՞նց են նշելու ՀՀ 20-ամյակը, Արթուրը պատասխանում է. «Ի՞նչ անկախության օր: Մենք չէինք ուզում էս անկախ Հայաստանը, որ մարդիկ մնան դուրսը, գնան երկրից: Մի քանի հոգու համար է անկախ Հայաստանը: Ումի՞ց ենք անկախացել: Իրենք էսօր անկախացել են մեզնից»:
Տիկին Կարինեն մի քանի ամիս է, ինչ զուգարանում է աշխատում, իր ասելով, «զուգարանի տոմս ծախող» է: Երբ հարցնում եմ անկախությունից, ծիծաղում է, թե իր գործն ու անկախությունը «իրար հեչ չեն բռնում», բայց չի ամաչում դրանից, շատ էլ գոհ է, որ աշխատանք ունի. «Հա, էդ որ ասում են` Հայաստանը դու ես, ես ընդունում եմ: Ես հայ եմ, ուրեմն` Հայաստանն էլ եմ էլի»: Իսկ հարցին, թե Հայաստանն արդյո՞ք էն մարդը չի, ով կարող է մի բան փոխել էս երկրում, ասում է. «Ես էս երկրի համար աշխատել եմ, հիմա էլ եմ աշխատում, դրանով երեւի մի բան փոխվում է: Եթե մեկն էլ իմ ասած լավ բանից ծիծաղի, էդ էլ է լավ, չէ՞»:
Արամ Հակոբյանն իրեն էլ Հայաստան չի զգում, որովհետեւ այստեղ ճնշված է զգում իրեն: Արդեն որերորդ անգամ է, ինչ վարչական շրջանի աշխատակիցները գալիս են ու սպառնում ապամոնտաժել իր` Աբովյան պուրակում գտնվող կրպակը: Ապամոնտաժել ցանկացողներից փաստաթուղթ է պահանջում, թե ի՞նչ հիմքով են ուզում քանդել կրպակը, սակայն որեւէ փաստաթուղթ ցույց չեն տալիս, միայն ասում են, թե մյուս անգամ երբ են գալու: Վերջին անգամ էլ ասել են, թե ամսի 22-ին են գալու: Այսպես սթրեսային վիճակում էլ մարդիկ դիմավորում են անկախության տոնը:
Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ