Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունը լավագույն բանը չէր, որը կարող էր մեզ պատահել: Մի կողմից` թուրքական դատը, մյուս կողմից` ուժեղ մրցակիցները:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանն անհաջող մեկնարկեց:
55 կգ քաշային Ռոման Ամոյանը, ումից սպասելիքները չեմպիոնական էին, 1/8-րդ եզրափակչում միավորներով պարտվեց Կորեայի ներկայացուցիչ Գյու Ջին Չոյին:
66 կգ քաշային Արման Ադիկյանը 1/16-րդ եզրափակչում պարտվեց ֆրանսիացի Ստիվ Ժենոյին:
Իսկ մեծահասակների հավաքական վերջերս տեղափոխված գյումրեցի` 96 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը քառորդ եզրափակչում զիջեց թուրք Ջենկ Իլդեմին. այս մարտի ժամանակ մրցավարը ջանքեր չխնայեց մեր ըմբիշին ձեռնունայն թողնելու համար:
2-րդ օրը միջազգային տատամի դուրս եկավ 84 կգ քաշային Արթուր Շահինյանը, ով հենց սկզբի մենամարտերից մեկում լքեց գորգը` պարտվելով ավստրիացի Ամեր Հրուստանովիչին։
1/16-րդ եզրափակչի արգելքը չկարողացավ հաղթահարել նաև 60 կգ քաշային Վահան Ջուհարյանը: Նա միավորներով պարտվեց Վենեսուելայի ներկայացուցիչ Լուիս Իգնասիո Լիենդոյին։
120 կգ քաշային Յուրի Պատրիկեևը իր սկզբունքային հակառակորդ և ազգակից Հասան Բարոևին ստիպված չեղավ բախվելու, վերջինս վնասվածքի պատճառով չէր մասնակցում առաջնությանը: Սակայն 1/8-րդ եզրափակչում հայաստանցի ըմբիշը չկարողացավ հաղթահարել կուբացի Միջայի Լոպես Նունիեսի արգելքը։ Իսկ բրոնզե մեդալի համար պայքարում Պատրիկեևը պարտվեց շվեդ Յոհան Մագնուս Էվրունին:
Միջազգային դիմակայության 3-րդ օրը հայերը վերջապես ուշքի եկան: 74 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը, չնայած այն բանին, որ պարտվեց թուրք Սելջուկ Ջեբիին` հնարավորություն ստացավ պայքարելու 3-րդ տեղի համար և 2:0, 1:0 հաշվով առավելության հասավ Ղազախստանի ներկայացուցիչ Ասխադ Դիլմուխամեդովի նկատմամբ: Հունահռոմեականներից նա միակն էր, ով օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց:
Սեպտեմբերի 16-ին մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունից վերադարձանք միայն մեկ ուղեգրով:
55 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը առաջին իսկ գոտեմարտում պարտվեց աշխարհի գործող չեմպիոն ռուսաստանցի Վիկտոր Լեբեդևին: Մեդալ նվաճել չհաջողվեց, սակայն Լոնդոն-2012-ի մեկ ուղեգիր արդեն մեր գրպանում է:
60 կգ քաշային Նարեկ Սանոյանը առաջին իսկ գոտեմարտում տատամին լքեց պարտված, նրա մրցակիցն էր գերմանացի Տիմ Սկլեյչերը:
84 կգ քաշային դաղստանցի Հաջիմուրադ Նուրմագամեդովը, ով ներկայացնում էր Հայաստանը` զիջեց Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Բոկեյին:
66 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը պարտություն կրեց առաջին իսկ մարտում ռուսաստանցի Ադամ Բատիրովից:
74 կգ քաշային դաղստանցի ըմբիշ Մուսսա Մուրթազալիևը, ումից սպասելիքները շատ էին, քառորդ եզրափակչում պարտվեց ադրբեջանցի Աշրաֆ Ալիևին:
96 կգ քաշային Հարություն Ենոքյանը, ով մեկնեց առաջնության եղբոր` Էդգարի փոխարեն (վերջինս վիրահատության էր ենթարկվել) 1/16-րդ եզրափակչում զիջեց Հնդկաստանը ներկայացնող Մուսամ Խատրիին:
Վերջին օրը Հայաստանի ըմբիշներից մեդալին առավել մոտ էր 120 կգ քաշային Ռուսլան Բասիեւը, սակայն բրոնզե մեդալի համար պայքարում պարտվեց մոնղոլ Չուլուունբատ Յարգալսայխանին:
Անի ՄԵՋԼՈՒՄՅԱՆ