Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը ամփոփեց աշխարհի առաջնության արդյունքները: Նա ասաց, որ Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ գոտեմարտը դատող դատավորի գործողությունների դեմ նամակ-բողոք կուղարկեն ըմբշամարտի միջազգային ֆեդերացիա, որպեսզի նման բաներ այլևս չկրկնվեն:
«Ցանկացած առաջնության մենք մեկնում ենք հաղթելու համար և մարտական տրամադրված: Նախօրոք ոչինչ պլանավորել չենք կարող, սա սպորտ է, և ամեն ինչ կարող է պատահել: Ընդհանուր առմամբ, գոհ եմ բոլոր արդյունքներից` չնայած մեր բոլոր մեդալակիրներն էլ արժանի էին ոսկե մեդալի և կարող էին պայքարել այդ կոչման համար:
Արսեն Ջուլֆալակյանի գոտեմարտերը բարձր եմ գնահատում: Ճիշտ է նա կրկին պարտվեց Վլասովին, սակայն այս անգամ իր իսկ թույլ տված տակտիկական սխալի պատճառով: Այո, հաղթանակի բանալին դեռ չենք գտնել, սակայն կգա ժամանակը, որ կհաղթենք: Անհնար ոչինչ չկա:
Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ գոտեմարտում մրցավարների թույլ տված կոպիտ սխալը մեզ զրկեց ոսկուց: Մենք ըմբշամարտի միջազգային ֆեդերացիային բողոք-նամակ կուղարկենք, որպեսզի նրանք այսուհետ ավելի ուշադիր լինեն, որպեսզի նման բաներ այլևս չկրկնվեն: Արթուրը վերջին վայրկյաններին չէր լսում մեր հրահանգները: Նա կարծում էր, թե հաղթում է, և դրա համար էլ չէր փորձում միավոր վաստակել:
Ռոման Ամոյանի վերադարձի համար մենք բոլորս պետք է շատ ուրախ լինենք: Այդքան դեպքերից հետո նա կարողացավ վերադառնալ, վերականգնվել և դառնալ աշխարհի բրոնզե մեդալակիր: Նորից ասեմ, որ ընդհանուր արդյունքներից շատ գոհ եմ»,- ասաց նա: