կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-19 15:08
Հասարակություն

Տարեկան 527.000 երեխա է մահանում ռոտավիրուսից

Տարեկան 527.000 երեխա է մահանում ռոտավիրուսից

Աշխարհում երեխաների շրջանում տարեկան 527.000 մահվան դեպք է արձանագրվում ռոտավիրուսային վարակից:

Ռոտավիրուսային վարակի դեմ պայքարի փորձը փոխանակելու եւ դիարեային հիվանդությունների կանխարգելման ու վերահսկման ինտեգրացված մոտեցման հարցերը քննարկելու համար այսօր Երեւանում մեկնարկել է երկօրյա խորհրդակցություն: Այն կազմակերպվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի աջակցությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի երկրների, ինչպես նաև ԱՀԿ եվրոպական և ամերիկյան տարածաշրջանային գրասենյակների, PATH միջազգային կազմակերպության, ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների ներկայացուցիչները:

Պատահական չէ միջազգային մասշտաբի խորհրդակցության անցկացումը Երևանում, քանի որ վերջին տարիներին ՀՀ-ում արձանագրվել են զգալի հաջողություններ վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործում, ինչը փաստվել է նաև ԱՀԿ-ի և ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների կողմից` բարձր գնահատականի արժանացնելով իմունականխարգելման գործընթացը մեր երկրում: Հարկ է նշել, որ ռոտավիրուսները մինչև 5 տարեկան երեխաների շրջանում ծանր ընթացքով լուծերի հիմնական պատճառն են:

ՀՀ-ում 2009 թ. փետրվարից մինչև այսօր իրականացվում է ռոտավիրուսային վարակների համաճարակաբանական հսկողություն. մինչև 60 ամսական (5 տարեկան) երեխաները հոսպիտալացվում են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում և «Արաբկիր» բժշկական համալիրում, ենթարկվում են ռոտավիրուսային վարակների նկատմամբ լաբորատոր հետազոտությունների:

Ռոտավիրուսային վարակներին բնորոշ է աշուն-ձմեռ սեզոնայնությունը: Հիվանդությունն ակտիվանում է նոյեմբեր-մայիս ժամանակահատվածում` գագաթնակետին հասնելով ապրիլին: