կարևոր
4219 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-15 14:50
Հասարակություն

ՀԳՄ-ում՝ 527 գրող, լուրջ բանակ՝ առանց ազգային հրամանատարի՞

ՀԳՄ-ում՝ 527 գրող, լուրջ բանակ՝ առանց ազգային հրամանատարի՞

Ծանր ժամանակներում մտավորականությունը մշտապես պետք է իր ձայնն ավելի հնչեղ  դարձնի, խոսի և իր խոսքով ժողովրդին համախմբի։ Այսօր հայ մտավորականները, իսկ ավելի կոնկրետ՝ գրողները, մեղմ ասված, պասիվ են, շատերն անգամ չեն էլ խոսում Արցախի կորստի, արյամբ ու տասնյակ հազարավոր զոհերի, զրկանքների գնով ազատագրված հայրենիքի հանձնման մասին։ Փորձել ենք պարզել՝ ովքե՞ր են խոսում այս մասին, ի՞նչ են ասում, ովքե՞ր են լռում այս ծանրագույն  օրերին:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը մեզ հետ զրույցում  նշեց, որ «Գրական թերթն» անվերջ արծարծումներ է անում Արցախի թեմայի շուրջ։

«Ես ինքս հոդվածների գիրք եմ հրատարակել։ Բազմաթիվ մրցույթներ ենք կազմակերպում, որպեսզի Արցախի գրողները ևս դրան ներգրավվեն, իսկ իրենց ստեղծագործությունները հրատարակելու համար պետական աջակցության ծրագիր է հարկավոր։ Բոլոր գրողները չեն կարող Արցախի մասին գրել, դա որոշում է տվյալ գրողը, և հետո ամեն մարդ չէ, որ կարող է հետաքրքիր ու լավ գրել, կարող է տվյալ թեման գեղարվեստորեն տապալել: Ով ասելիք ունի ասում է, «Գրական թերթն» էլ դա տպագրում է, պարտադիր չէ, որ բոլորը այդ թեմայով գրեն,  ի՞նչ պիտի ասի գրողը, որ արցախցին կամ երևանցին կարդա, գրողը քաղաքագետ չէ, նա կարող է  ընդամենն իր կարծիքն արտահայտել»,- ասաց ՀԳՄ նախագահը։ 

Հայաստանի և Արցախի գրողների միության անդամ, «Ազատ Արցախ» թերթի գլխավոր խմբագիր Նորեկ Գասպարյանն այն կարծիքին է, որ գրողն իր կարծիքը, իր ասելիքը պետք է մատուցի իր ստեղծած գրականությամբ, նկարիչը՝ իր կտավներով, երաժիշտը՝ երաժշտությամբ, և ամենևին էլ պարտադիր չէ բարձր բեմահարթակներից երկրի ցավի, կորցրածի ու ողբերգության մասին խոսելը:

«Ես համոզված եմ, որ մենք ամեն վայրկյան, ամեն օր ու ժամ պետք է մտածենք վերադարձի մասին և պարտավոր ենք ապրել, որպեսզի կարողանանք վերադառնալ: Այլ տարբերակ ուղղակի գոյություն չունի»,- ասաց արցախցի գրողը:

Գրող, հրապարակախոս Ռուզան Ասատրյանն էլ փաստում է, որ մտավորականությունն   ակտիվ չի եղել ոչ ՀՀ-ում, ոչ էլ ժամանակին Արցախում։  

«Հայաստանի  գրողների միությունում 527 գրող կա, մեկն էլ կա` Աբգար  Ափինյանի`  Համահայկական  գրողների   միությունը, նրանց  թիվը չգիտեմ, և սա մտավորականության լուրջ բանակ է, սակայն ազգային առաջնորդ-հրամանատարը չկա...  Այս տարի տպագրվեց իմ «Մեռած ողջեր» յոթերորդ հատորը, որը ճիշտ այդ մասին է.  այնտեղ բազում նյութեր կան, ամրագրված են Հայաստանի  ներքաղաքական կյանքին առնչվող բոլոր օրերի գործողությունները և  աշխարհում Հայաստանի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները: Մի չորս հոգի ունենենք այդ մեծ բանակում, շատ  քիչ  թիվ  է: Ես  նրանց  փոխարեն չեմ կարող  ասել` ինչու՞, սակայն տեղյակ եմ պահում, որ ամեն օր  առաջնագծում եմ եղել և՛  խոսքով, և՛ գործով, այսօր  էլ համապատասխան խնդիրների շուրջ  այցելում եմ սահմանապահ մեր զինվորներին: Պայքարողը  պայքարում է  չարիքի դեմ, հերոսը  պատերազմի դաշտում  է ծնվում... Խեղճացել  է  ժողովուրդը,  գրողը նկարիչը, մի ակտիվ  խումբ  էլ  չդիմանալով երկրի  ցավին՝ լքեց  Հայրենիքը»,- նշեց գրող Ռուզան Ասատրյանը: 

Գրողը ասում է, որ սոցցանցերում, թերթերում, տարբեր հեռուստաեթերներով իր ունկնդիրներին և ընթերցողներին ամեն օր որպես ճշգրիտ ուղղորդում ազդարարում է օրախնդրի ոգեկոչման իր փողը և մշտապես պատրաստ է դրան։

«Թելադրելով  չէ,  ում մեջ  Հայրենիք  կա, նա  պայքարի  առաջնագծում  է: Եթե Վազգեն Սարգսյանը, Լևոն  Խեչոյանը, Սամվել  Շահմուրադյանը որպես գրչի մարդ ողջ լինեին՝  ինչպե՞ս կարձագանքեին Արցախը էթնիկ զտման ենթարկելուն. սա միջազգային հանցագործություն էր, գրողական  բոլոր միավորումները  միացյալ  պետք  է դիմեին  աշխարհի  բոլոր  գրական ընկերություններին՝ միջազգային  գրական  միավորումներին: Ո՞վ արեց դա, ու՞մ  հույսին էինք թողել։ Ես գոնե 2020 թ. սեպտեմբերի 28-ին իմ ղեկավարությամբ ստեղծված «Մայր Հայաստան» կանանց 400 անդամներով  ՄԱԿ-ի գրասենյակի առջև  ցույցի  ելա, Գուտերեշին  ուղղված դիմումներ  հանձնեցինք, այնուհետև օրեր շարունակ հիվանդանոցներում էինք, վիրավորների կողքին, նույնիսկ  մեր  նկարիչներին էինք ոգևորում, և նկարների ու  գրքերի  ցուցահանդես վաճառք  կազմակերպելով՝ ստացված գումարը «Զինվորի Տուն» վերականգնողական կենտրոնին հանձնեցինք։ Ազգովի համախմբված  պետք է գործեինք, մենք մեզ նման չենք, ու՞ր է հայի, հայ մտավորականի արժանապատվությունը… Արթնանալ է անհրաժեշտ։  Գրող  լինելուց  առաջ, երկրի քաղաքացի պետք  է  լինել», - եզրափակեց գրողը:

Գրող, Հայաստանի ազգային գրադարանի նախկին տնօրեն Դավիթ Սարգսյանը չի կարծում, որ Արցախը կորցրել ենք:

«Ես հավատում եմ Արցախի վերադարձին, միգուցե չենք էլ կորցրե՞լ այն, միգուցե չե՞նք հավատում այդ իրողությանը, մենք ազգի գիտակցության բարձրացման խնդիր ունենք։ Գրողների միությունը չի կարող միատարր լինել, ամեն գրող ունի իր տեսակետը, բայց եթե միությունը կարող է միաձայն շատ որոշումներ ընդունել, օրինակ՝ նախագահ ընտրել, չի՞ կարող միաձայն տեսակետ հայտնել այսօրվա հասարակական-քաղաքական իրավիճակի մասին, ինչու՞ չենք կարող միանալ և ասել, որ իշխանությունը դավաճանել է երկրին, և մենք պահանջում ենք նրանց հեռացումը, ինչու՞ չենք կարող, վախենու՞մ են, ուրեմն գրող չեն, կարկամու՞մ են տեսակետ հայտնել, ուրեմն գրող չեն, ուրեմն ժողովուրդը պիտի իրենց խոսքին կարոտ չլինի, ինչպես հիմա կարոտ չէ։ 50 տարի գրողների միության համագումարներ եմ տեսել, որտեղ երկիրը դղրդում էր գրողների խոսքից, գրողի խոսքը իմաստուն է, այդ խոսքին ժողովուրդը սպասում է, բայց հիմա չկա այդ գրողը: Անհնար է առանց Փանջունիների, բայց այն հասարակությունը, որը կստեղծի «Քաջ Նազարներ», նրանց ձեռքը հետո «կրակը» կընկնի»,- հավաստեց Դավիթ Սարգսյանը։

 

Անժելա Սեդրակյան

Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ, 

կուլտուրայի ֆակուլտետ,

լրագրության բաժին, 3-րդ կուրս