կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-15 15:25
Առանց Կատեգորիա

Անկախության լավը...

Անկախության լավը...

Ինտերնետ ակումբի զուգարանում խնդրում են. «Թուղտը գցել աղբի մեջ»: Ես հասկանում եմ «թուղտ» եւ «աղբ» բառերի ձեւաբանական եւ իմաստաբանական անճշտությունները, բայց «գցել» բայի ճշգրտությունը չեմ հասկանում: Թեպետ ենթադրելի է, որ «գրողը» գցել բառը գրելիս կողմնորոշվել է «թուղտ» եւ «աղբ» բառերի հետ ոչ մի ընդհանրություն չունեցող «քցել» բայով: «Թուղտը» քցել հնարավոր չէ, բայց դիցուք, «թղտով» քցել հնարավոր է: Ի՞նչ է կոռուպցիան` «թղտով» քցելու գործընթաց, այլապես որտեղի՞ց առաջացավ օլիգարխիան:

 

Ուղիղ 20 տարի առաջ Հայաստանն անկախացավ: Նշանակում է, հայն այսուհետեւ գործ ունի մի կյանքի հետ, որտեղ ոչ ոք նրան չի թելադրում, թե ինչպես ապրել: Այսուհետեւ պարզ էր, որ անկախությունը հենց ապրելու հոմանիշն է: Իսկ ինչպես ապրելու համար անկախությունը հնարավորություն է տալիս ձեւավորել սեփական խորհրդարան, սեփական կառավարություն, որտեղ յուրաքանչյուրին, ըստ իր արժանապատիվ գոյելու ձգտումների, հայ մարդը գիտի դեմքով: Իր պատկերով եւ նմանությամբ է նա ստեղծում իր իշխանությունը: Նա ուզում էր, որպեսզի իր իշխանության հետ երկիր կայացնելու ճակատագրակից լիներ: Արցախյան ազատամարտը այդ ճակատագրակցությունը շոշափելու լավագույն հնարավորությունն էր, որն, ի վերջո, ավարտվեց ճակատագրի եւ բախտի միջեւ գծված ջրբաժանով:

 

Բախտը մնաց իշխանությանը, ճակատագիրը` ժողովրդին: Ապրելը դարձավ մարտական անհրաժեշտություն, իսկ կյանքը մնաց իբրեւ մարտադաշտի չնվաճված մի բարձունք:

 

Այդ բարձունքը տեսանելի էր ապրողներից շատերին, որոնք ոչ թե ձգտում էին նվաճել այն, այլ  ուզում էին հասկանալ, թե անկախության էության մեջ ո՞րն է բարձունքի առաջացման տրամաբանությունը: Կյանքն այլեւս հարեւանցի մի արժեք էր, որը չափազանց սուղ էր բոլորի վրա տարածելու համար: Ի՞նչ էր բարձունքը, եթե այն Հայրենիքի մի կտորն էր: Բարձունքը դարձավ լավ կյանքի լավագույն կտորը, որը նույնպես նվաճել էր պետք: Իր պատմական տարածքները վերստին ձեռք բերած երկիրը փոքրանում էր վերածվելով մեն մի բարձունքի, որին հասնելու բոլոր միջոցները դարձան ընդունելի: Այժմ արդեն ապրողները դեմքով գիտեին միայն նրանց, ովքեր բարձունքում են: Նրանց հետ լինելը դարձավ հրամայական, քանի որ բարձունքից հեռու մարդն իրեն քցված էր զգում: Նրանց հետ լինել, նշանակում էր լինել ավելին, քան սոսկ ապրողներ, նշանակում է, այսուհետեւ խոսքն ամեն ինչի մասին է, բայց ոչ անկախության իբրեւ երկիր կայացնելու արժեքի, քանի որ երկիրը, ճշտեցինք, մի կտոր բարձունք էր: Նշանակում է, գնում էր դեպի բարձունքը, որ ինքն էլ քցի կամ քցելով է գնում: Ուրեմն, եթե անկախությունն ապրելու հոմանիշն է, ապա ինչի՞ հոմանիշն է քցելը:  Եկեք հասկանանք:

 

Սերժ Սարգսյանը երեկ անկախության օրվա առիթով հայտարարել է. «Ցավոք, ահագնացել ու բազմացել են ստեղծագործ կյանքով ապրող շինարար ժողովրդի խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող մարտահրավերները»: Ու եզրակացրել, որ դրանց դիմակայելու համար պետք է բարձր պահենք բանակի ոգին: Լավ: Իսկ որեւէ մեկին հայտնի՞ է որեւէ զորամասում որեւէ ցուցահանդես կամ ստեղծագործական որեւէ միջոցառում կազմակերպելու դեպք, երբ այս Հայաստան աշխարհի ինտելեկտները իրենց միտքը կամ ստեղծագործությունը ի ցույց կդնեին զինվորականներին, որոնց պարտական են խաղաղ պայմաններում դրսեւորվելու համար: Իսկ ես կարծում էի, թե երկրի առաջին դեմք համարվող մարդը պիտի խոսի բանակի ներքին սպառնալիքների մասին, որից փախչելու համար հայ մայրը արդեն մի ելք ունի` ընդհանրապես փախչել երկրից: Սպանել զինվորին, նշանակում է արտաքսել նրա մորը: Ասում են, չէ՞, մի սեւացրեք ամեն ինչ, նկատեք նաեւ լավը: Ու եթե անկախության լավը հարցեր է առաջացնում... Քցելու հոմանիշը, ամփոփենք, «երկրից ռադ էղի» կոչի հոմանիշն է:

 

«Արմենիա» նավի կապիտան Սամվել Կարապետյանը շուրջերկրյա ճանապարհորդության բոլոր կանգառներում տեղացիների մոտ հպարտանում էր. «Հայաստանը ծով չունի, բայց նավ ունի»: «Ունի, ունի»,- հավանաբար արձագանքել են բոլոր երեք օվկիանոսների ալիքները, որոնցով անցել է «Արմենիան»` ակնարկելով, որ Հայաստանը շուտով ժողովուրդ էլ չի ունենա, թեպետ 20 տարի է, երկիր ունի:

 

Սեյրան Հանոյան