Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Քաղաքական գործիչը պետք է մի քիչ զարմանալի լինի: Հակառակ պարագայում` ձանձրույթն ապահովված է: Այս տեսանկյունից, ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը, իսկ իմ հաստատ համոզմամբ` ՍԻՄ նախկին փոխնախագահը, բացառիկ դեմք է:
Տիեզերագնացության դասագրքում այսպիսի տողեր կան` քանի չես հասել Մարսին, մի ասա` հոպ: Հայկ Բորիսովիչ Բաբուխանյանն այդ «հոպ»-ն ասում է երկրից դեռ չթռած: Ո՞նց է, զարմանալի՞ է: Ահա, ուրեմն, եթե Հայկ Բաբուխանյանը չհայտարարեր, որ ինքը նաև տիեզերագնաց է, նրա շուրջը պարզապես տաղտուկ էր լինելու:
Կատակը մի կողմ` ո՞րն է նրա շուրջ այսօր տիրող աժիոտաժի պատճառը:
Դրսում նախընտրական տարի է: Քաղաքական գործիչները տենդագին լծվել են մրցավազքին ու նրանցից յուրաքանչյուրն ուղիներ է փնտրում իր կամ իր կուսակցության տեղն այս արևի տակ պահպանելու համար: Հայկ Բաբուխանյանին, կարծես, այդ ամենը չի հետաքրքրում ոչ իր եւ ոչ էլ հարազատ կուսակցության մասով: Կարծիք կա նաև այն մասին, որ Հայկ Բաբուխանյանն ընտրել է դատական պրոցեսներով քարոզարշավի գումարներ վաստակելու ուղին, բայց ես դրան քիչ եմ հավատում: Իմ կարծիքով` մարդն ուղղակի ընկել է դատարաններն ու «պրծել» (չակերտների մեջ առնված բառերն ու բառակապակցությունները վերցավծ են ՍԻՄ-ի «Իրավունք» թերթից, այդ թերթում այլ մարդկանց հասցեին արված արտահայտություններից, որոնք, ըստ «Իրավունք»-ի` զուտ ճշմարտություններ են եւ ոչինչ ճշմարտությունից բացի):
Հուսով եմ, հարգելի ընթերցող, արդեն հասկացար, որ այս հոդվածով չեմ պատրաստվում Հայկ Բաբուխանյանի «ճակատից մեդալ կախել»: Բայց դա չի նշանակում, թե նրան հանիրավի մեղադրելու եմ բաների մեջ, որոնք իր նկարագրի հետ կապ չունեն, կամ որակումներ եմ շռայլելու նրա հասցեին: Պարզապես ես ցանկանում եմ, որ բոլորը համոզվեն, թե որքան հանճարեղ է մեր ժողովուրդը, երբ ասում է` մի դատիր, որ չդատվես: Խոսքն արդար դատավորին ու արդար դատին չի վերաբերում, հասկանալի է, բայց միանգամայն տեղին է նրանց համար, ովքեր դատարանին էլ դատավորի հետ կդատեն, եթե այդ իրավունքը ունենան:
Եվ այսպես` Հայկ Բորիսի Բաբուխանյանը «փիս խասյաթ» ունի դատարաններում «թրև գալու»: ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի սրտին երևի երկու մատ յուղ կանգնեց իմ այս հայտարարությունից, չէ՞: Բայց նա էլ թող չմոռանա, որ նույն բանն իրեն ասել է «Իրավունք» թերթը:
Իմ հաստատ համոզմամբ` «Իրավունք» թերթն ու ես այս պարագայում, գրողը տանի, ճիշտ ենք, որովհետև քաղաքական գործիչներ Հայկ Բաբուխանյանի ու Տիգրան Արզաքանցյանի դեպքում գործ ունենք մարդկանց հետ, ում հանդեպ հասարակությունը հետաքրքրության բավարարման որոշակի պահանջարկ ունի, քանի որ նրանք (երկուսն էլ) «շուկայի կանաչի վաճառող չեն»: Ես եւ «Իրավունք» թերթը, փաստորեն մեր գործն ենք անում` հասարակությանը ծանոթացնելով նրա երևելի դեմքերի հետ, ինչի իրավունքն ունենք ՄԱԿ-ի փաստաթղթերց մինչև մեր ազատ երկրի Սահմանադրության ու Քյավառի տարածաշրջանի ամենահեռավոր գյուղերի ծխական մատյաններում ամրագրաված օրենքներով:
Հայկ Բաբուխանյանի եւ Տիգրան Արզաքանցյանի տարբերությունն այն է, որ դատական պրոցեսներում պատգամավորը չկարողացավ եւ հավանաբար չի էլ կարողանա որևէ մեկին զարմացնել, իսկ ահա կուսակցապետ Հայկ Բաբուխանյանն արդեն հասցրել է զարմացնել հասարակությանը: Նման բան երևի տեղի չունենար նրա հետ, եթե չմոռանար ժողովրդական հայտնի խոսքը` մի դատիր, որ չդատվես: Ինքը դատեց Report.am-ին, իսկ դրանից հետո «Իրավունքին» (Հայկ Բաբուխանյանը նաև այս թերթի խմբագրական խորհրդի նախագահն է) դատեց Արզաքանցյանը: Եվ ստեղծվեց մի իրավիճակ, որ Հայկ Բաբուխանյանն, ստիպված, մի օր պիտի հանդես գա որպես լրագրող, իսկ մյուս օրը` որպես քաղաքական գործիչ, իսկ ավելի ճիշտ` որպես «օլիգարխատիպ ընկալումների տեր մարդ»:
Շատերը գուցե զարմանքից ափիբերան կմնան, բայց ես, որ այդ մարդուն սկսել եմ ավելի լավ ճանաչել (մի քանի ամիս շարունակ ինտերնետից տուն չեմ գալիս, որ նրա մասին ճանճի տզզոցն անգամ հանեմ` առաջիկա դատավարություններն արագացնելու նպատակով), դա համարում եմ նրա համար բնական վիճակ: Հավանաբար նրան շատ կսազեր «երկերեսանի» որակումը: Բայց ես Հայկ Բորիսի Բաբուխանյանի համար ընտրեցի «զարմանալի գործիչ»-ը եւ չեմ էլ զղջում ընտրությանս համար: Չէ, վախից չէ, որ ընտրեցի առավել մեղմը, այլ մտավախությունից, որ երես բառը նրա մոտ կարող է ՍԻՄ գրասենյակակռվից հիշողություններ արթնացնել, իսկ ինձ պետք է, որ այդ հիշողություններն արթնանան դատարանում: Այդպես է կամեցել Հայկ Բաբուխանյանը, իսկ այն երկիրում, որտեղ ես ծնվել եմ, սովորություն կա հարգելու թեկուզ դուշման` լավ արարքը, լավ մարդուն:
Իսկ լա՞վ մարդ է Հայկ Բաբուխանյանը: Դե գիտեք, ոնց… ոչինչ: Օրինակ, երբ հանդես է գալիս որպես լրագրողների եւ ազատ խոսքի պաշտպան, ինձ համար (ես էլ եմ, չէ՞ լրագրող) նա լավ մարդ է, բայց երբ նայում եմ, որ այդ լավ մարդն ինձ դատի է տվել ու էն էլ ինչի համար…
Վերջին անգամ եմ հայտարարում` ես իրեն երբեք չեմ ասել, որ ինքը շուն է: Ո՞վ է նրա ուղեղը մտցրել այդ ցնդաբանությունը: Նորից եմ կրկնում. «Ժողովրդական հին խոսք կա` եթե նայելով սովորեին, ղասաբի շունը վաղուց ղասաբ էր դարձել: Հայկ Բաբուխանյանն այդպես էլ քաղաքական գործիչ չդարձավ»: «Հայոց լեզվին ամբողջ ծավալով» չտիրապետելու ինչպիսի՞ մակարդակ է հարկավոր մարդուն, որ նա, այս ամենը կարդալով, մտածի, թե իրեն շուն են ասել: Բայց, երբ գալիս է «Իրավունքի»-ի իրավունքը պաշտպանելու պահը, Հայկ Բաբուխանյանն ինքն է ուրիշներին մեղադրում հայերենի չիմացության ու ազատ խոսքի դեմն առնելու այկնհայտ նկրտումների մեջ:
Դուք ըմբոշխնեք մամուլի իրավունքների պաշտպան Հայկ Բորիսովիչի հայտնած վերջին լուսավոր մտքերը, իսկ ես գնամ ինտերնետ, հայցվորիս մասին «ուրիշ» տեսակ բաներ փնտրելու: Վաղը էլի դատի եմ, դատարկ ձեռքով հո չե՞մ գնալու:
«Հավանաբար պատգամավորը (նկատի ունի Տ. Արզաքանցյանին, Էդ. Ա.) չի տիրապետում հայոց լեզվին ամբողջ ծավալով եւ վիրավորվում է այնպիսի բառերից, որոնք իրականում վիրավորական չեն: Կարծում եմ` լրատվամիջոցները չպետք է սահմանափակեն իրենց կողմից օգտագործվող բառերը, ընդհուպ մինչև որոշ օլիգարխատիպի յուրօրինակ ընկալումները: Այդ դեպքում հայոց լեզուն եւ հատկապես լրագրողական հայերենը կվերածվեն պրիմիտիվ եւ սահմանափակ բառերի հաջորդականության: Հավանաբար հենց այդ վիճակում են ուզում տեսնել հայ լրագրությունը առանձնակի կրթվածությամբ չփայլող օլիգարխանման երևույթները: Սակայն եթե ակնհայտ ճշմարտություն գրելիս ամեն անգամ պատգամավորը պետք է վեր կենա եւ դատարան տանի մամուլին, ապա կստացվի, որ Հայաստանում խոսքի ազատություն չպետք է լինի, իսկ ՀՀ իշխանավորներն էլ մամուլի հետ կվարվեն այնպես, ինչպես իրենց սիրտն է ուզում… Բա էլ ո՞ւր են մնում խոսքի ազատության իրավունքի ապահովման երաշխիքները, երբ լրագրողը որպես հասարակական պարտք կատարող անձ, պետք է պաշտպանվի ՀՀ օրենսդրությամբ» (Իրավունք, 14-16 հունիսի, 2011թ., էջ 4):
Էդիկ Անդրեասյան