Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Մենք չենք կարող կանխարգելել ՀՀ-ում կատարվող խոշտանգումները, քանի դեռ բանակում խաղաղ պայմաններում զինվորներ են մահանում»,- կարծում է ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանը:
ՄԻՊ-ը տեղեկացրեց, որ հինգ զոհված զինծառայողների` Տիգրան Օհանջյանի, Գեղամ Սարգսյանի, Անդրանիկ Հայրապետյանի, Արտակ Նազարյանի, Անդրանիկ Սարգսյանի ծնողներն արդար քննության համար դիմել են ՄԻՊ կառույցին: «Բանակում կարգապահության բաց լինելու խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է հասարակության վստահությունը: Դրանց միակ լուծումը հասարակության հետ սերտ համագործակցության մեջ է»,-հավելեց նա:
Կարեն Անդրեասյանը նաեւ ընդգծեց, որ բանակում կատարվող դեպքերի մեջ մեղավոր են պետական մարմինները: «Բանակում կատարված բռնությունների համար յուրաքանչյուրն ունի իր մեղքի բաժինը»,-ասաց նա: Պաշտպանը նշեց, որ ամենից շատ խոշտանգումներ եւ բռնություններ են լինում փակ հիմնարկներում` ոստիկանությունում, բանակում, կալանավայրերում:
Կ. Անդրեասյանը նկատեց, որ չնայած ՄԻՊ գրասենյակը բավական հաջող համագործակցում է պաշտպանության նախարարության հետ, բայց ոստիկանության հետ համագործակցել կարծես թե այնքան էլ չի ստացվում:
Այնուամենայնիվ, Անդրեասյանը տեղեկացրեց, որ իր պաշտոնավարման 6 ամիսների ընթացքում ՄԻՊ-ն արձանագրել է ԶՈՒ համակարգում մարդու իրավունքների խախտման 50 դեպք, որից 26-ն արդեն իսկ դրական լուծում են ստացել: Համեմատելու համար ուղղակի նշենք, որ 2005թ. արձանագրվել է 62 դեպք, որից ընդամենը 2-ն են լուծում ստացել, 2007-ին`10 դիմում` 4 դրական լուծմամբ, 2009-ին` 51 դիմումից 15-ն են լուծում ստացել, իսկ 2010-ին` 31-ից 9:
Վերջին ժամանակներում բանակում տեղի ունեցած եւ ի հայտ եկած ողբերգական դեպքերը հանգեցրին հասարակություն-բանակ աննախադեպ ճգնաժամի: Գիտակցելով իր պատասխանատվությունն դրա հաղթահարման, ինչպես նաեւ զինված ուժերում տիրող մթնոլորտի առողջացման հարցում, «Չենք լռելու»-ն մշակել է բանակի հասարակական վերահսկողության մոդել, որը ներկայացնելու համար Լեհաստանից վերադարձից հետո հանդիպում էր խնդրել պաշտպանության նախարար Ս. Օհանյանի հետ:
Սակայն երեկ նախաձեռնությւոնն իր համար սենսացիոն բան է պարզվել. պաշտպանության նախարարությունն արդեն երկու տարի է` ունի հասարակական խորհուրդ: Պարզվում է` այն բաղկացած է 12 անձից, ունի գրասենյակ Մոսկովյան փողոցի վրա, ֆինանսական ռեսուրսներ:
«Հետաքրքիր է` որտե՞ղ են թաքնվում այդ խորհրդի անդամները հասարակություն-բանակ այս աննախադեպ ճգնաժամի օրերին: Այնպիսի տպավորություն է, որ նրանք ոչ միայն հայտնի չեն, այլեւ գաղտնի են: Ինչո՞ւ նրանց մասին չկա որեւէ տեղկատվություն թերթերում, լրատվական կայքերում, ռադիոյով եւ հեռուստատեսությամբ»,-հարցնում են «Չենք լռելու» նախաձեռնության անդամները:
«Չենք լռելու»-ն առաջարկում է պաշտպանության նախարարությանը շտապ վերանայել իր հանրային քաղաքականությունը` կենդանացնելով գոյություն ունեցող հասարակական խորհուրդը կամ ստեղծել մեկ այլ միավոր.«Միաժամանակ հուսով ենք, որ մեր այս հայտարարությունը ճանաչում կբերի ՊՆ-ին կից հասարակական խորհրդին»:
ՊՆ հասարակական խորհդի նախագահ Գեղամ Հարությունյանը հերքեց շրջանառվող լուրերը, որ իրենք ոչինչ չեն անում: «Մենք այսօր զբաղված ենք իրավիճակից բխող եւ իրավիճակի հաղթահարմանն ուղղված միջոցառումների մշակմամբ: Ծանրաբեռնված ենք այս խնդրով, գրեթե ավարտին է հասել միջոցառումների ծրագիրը, եւ մենք պատրաստվում ենք այն ներկայացնել պաշտպանության նախարարին»,-ասաց Հարությունյանը:
Անդրադառնալով երջին օրերին բանակում տեղի ունեցող միջադեպերին, Հարությունյանը նշեց, որ շատ վատ է վերաբերվում երեւույթին եւ, առհասարակ, բռնությանն ու արժանապատվության ոտնահարմանը, որոնք էլ բերում են մահվան դեպքերի: «Որեւիցե այլ վերաբերմունք ունենալ հնարավոր չէ: Սա այլեւս պետք է ընկալվի ոչ թե որպես կարեւոր խնդիր, այլ մարտահրավեր` ուղղված բանակի դեմ: Մեր բանակը պետք է հաղթի ոչ միայն սահմանում, այլեւ իր ներսում»,-ասաց Հարությունյանը` հավելելով, որ ցանկալի է, թե բողոքի ալիքի հետ միաժամանակ հասարակությունը ունենա նաեւ գործնական առաջարկություններ:
Ստացվում է` բոլորն էլ մտահոգ են խաղաղ պայմաններում զինվորների սպանության հարցով. վատ է, երբ հարցը հուզում է բոլորին, քանի որ եթե իմանայինք, որ չեն մտահոգվում` կարող էինք եւ պատասխանել, թե որն է դրանց պատճառը, իսկ այս դեպքում` պատասխան չունենք...
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ