կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-08 17:48
Հասարակություն

Բթացնել, բթացնել, բթացնել. սա է խնդիրը

Բթացնել, բթացնել, բթացնել. սա է խնդիրը

«Երկխոսություն» կոչված շոուից հազիվ շունչ քաշած ու Ճանապարհային ոստիկանության նախկին ու ներկա պետերի «հարցը լուծած» հայ ժողովուրդը շատ շուտով ներքաշվեց նոր շոուի մեջ. բառացիորեն ամեն օր հայաստանյան մամուլը հեղեղված է դերասանուհի Անժելա Սարգսյանի մերկ լուսանկարների, նրա նախկին ընկերոջ ու «չկամ» գործընկերուհիների մասին պատմող լուրերով ու ասեկոսեներով: Ասում են նույնիսկ, որ «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ո՞ւր է իմ տղամարդը» հեռուստասերիալի վարկանիշը, շնորհիվ այդ աղմուկի, կտրուկ բարձրացել է` իր հետ բարձրացնելով նաեւ սերիալի ընթացքում ցուցադրվող գովազդի արժեքը: Ու հիմա, ինչպես ընկերներիցս մեկը կատակով ասաց` մնում է, որ երկրի գլխավոր դեմքն էլ իր խոսքն ասի դերասանուհու վարքագծի ու անցյալում գործած սխալների մասին եւ հարցը լուծված կհամարենք:

Սա դեռ քիչ էր, հասարակության համար մի նոր գլխացավանք գտան. «Չենք լռելու» նախաձեռնությունն օրերս որոշեց հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Աննա» սերիալին տալ «աղբ եթերից» մրցանակը, ինչը զայրույթ առաջացրեց տնային տնտեսուհիների շրջանում եւ նրանց ուշադրությունը կենցաղային բազմաթիվ հոգսերից շեղելով` դարձավ հարեւանուհիների հետ սուրճի սեղանի շուրջ մի քանի օր շարունակ քննարկվող թեմա:

Ամենեւին չցանկանալով վիրավորել մեր հասարակության սերիալասեր հատվածին` չեմ կարող նաեւ չզարմանալ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի «մակարդակի» վրա:

«Ես վստահ էի, որ եթե ցանկացած մրցույթ լինի հեռուստատեսային սերիալների միջեւ, անկախ բնույթից, «Աննա» հեռուստասերիալը միշտ առաջին տեղում է լինելու, եւ նույնիսկ եթե սերիալներում խաղացող աղջիկների միջեւ գեղեցկության մրցույթ լինի, վստահ եմ, որ «Աննա» սերիալից ինչ-որ մեկը կհաղթի»,- երեկ ասուլիսում հայտարարել էր նա, ու հավելել, որ «Աննա»-ն շատ լավ գովազդ էր այդ երիտասարդական նախաձեռնության համար, որը միանգամից հայտնվեց մամուլի եւ լրատվական կայքերի թոփ լուրերի մեջ, ու դա «Աննա»-ի կողմից որպես հումանիտար օգնություն մեծահոգաբար նվիրել էր «Չենք լռելու» շարժմանը:

Զարմանում, բայց մյուս կողմից էլ փորձում եմ չզարմանալ նման պարզամիտ մտածողության ու խոսքերի, նաեւ` դրանց հեղինակի ճաշակի վրա: Փորձում եմ ինձ մխիթարել` միգուցե մարդն այսպես է արտահայտվում, որովհետեւ զբաղեցրած դիրքն է դա պահանջում: Բայց, միեւնույն է, հակված եմ մտածել, որ երկրի դեմքը ներկայացնող Հանրային հեռուստաընկերության նախագահին նման էժանագին հնարքները չեն սազում:

Ու նախանձելի է, թե որքան հեշտությամբ է հաջողվում ժողովրդին ներքաշել այս եւ նման այլ դատարկ իրավիճակների մեջ, բթացնել ու շարունակ բթացնել նրան:

 

Շուշան ՇԱՀՎԵՐԴՅԱՆ