կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-03 11:56
Հասարակություն

Նոր 10 պատվիրանները

Նոր 10 պատվիրանները

Drugs.am-ը ներկայացնում է 10 պատվիրան` հատուկ առաջին դասարանցի ունեցող մայրիկների եւ հայրիկների համար:

Առաջին անգամ` առաջին դասարան. դա միայն տոն չէ, այլև մեծ սթրես: Նախադպրոցականին հատուկ անհոգությունը, խաղով լի օրը փոխարինվում է պահանջներով, պարտականություններով ու սահմանափակումներով: Հիմա երեխան ամեն օր պետք է դպրոց հաճախի, պարբերաբար ու լարված աշխատի, հետևի օրակարգին, զանազան օրենքների ու կանոնների, պահանջներ կատարի: Բժիշկները նշում են, որ առաջին քառորդի վերջում շատ երեխաներ նիհարում են, բողոքում գլխացավից ու դառնում քմահաճ:

Ճիշտ է, որ տարրական դասարանի երեխան պառկի քնելու ժամը 21-ին: Հակառակ դեպքում երեխայի օրգանիզմը լիարժեք չի վերականգնվում, հետևաբար` նոր լուրջ ծանրաբեռնվածությանը չի դիմանում: Այս օղակում երեխայի նորմալ զարգացման համար հանգիստը միակ նախապայմանը չէ: Կարևոր է նաև ճիշտ ու առողջ սնունդը: Երեխայի օրաբաժնում պետք է պարտադիր 400 գ միրգ ու բանջարեղեն լինի, ինչպես նաև կաթ ու կաթնամթերք: Երեխայի նորմալ աճի համար պարտադիր են միսը (ամեն տեսակի), ձուկն ու ձուն: Ցանկալի է օգտագործել յոդացված աղ:

Հոգեբանները թախանձագին խնդրում են ծնողներին` երբեք ձեր երեխայի արդյունքները մի համեմատեք ավելի հաջողակ երեխաների ձեռքբերումների հետ: Ավելի լավ կլինի ընդհանրապես չհամեմատել ինչ-որ մեկի հետ: Հիշեք ձեր մանկությունը:

10 պատվիրան մայրիկների ու հայրիկներ համար.

1. Սկսեք «մոռանալ», որ ձեր երեխան փոքր է: Տանը նրան իր ուժերի ներածին չափով գործի դրեք: Եվ, որ կարևոր է, մի կարգադրեք, արեք դա մեղմորեն, ասենք. «Այնքան մեծացել ես, որ նույնիսկ կարելի է քեզ վստահել այս գործը» (փոշին մաքրել կամ էլ` ափսե լվանալ):

2. Որոշակիացրեք ձեր հետաքրքրությունների շրջանակը. դրանք կարող են լինել ճանաչողական (սիրելի մուլտֆիլմեր, հեքիաթներ, խաղեր ) և կենցաղային (ընտանեկան հոգսերի քննարկումներ): Մասնակցեք ձեր երեխաների սիրած զբաղմունքներին կամ էլ պարզապես ոչ թե նրանց կողքին եղեք, այլ նրանց հետ: Դրա համար բավարար է, ասենք, միասին ֆիլմ դիտելը կամ խաղալը: Երեխայի հետ զրուցեք նրան հուզող հարցերի շուրջ: Շփվեք նրա հետ, դրա պակասն ընտանեկան դաստիարակության գլխավոր արատներից մեկն է:

3. Երեխային մասնակից դարձրեք ընտանիքի տնտեսական խնդիրներին: Սովորեցրեք համեմատել գները, կողմնորոշվել ընտանեկան բյուջեում (ասենք` դրամ տվեք երեխային պաղպաղակի համար` համեմատելով դրա գինը այլ մթերքի գնի հետ): Միասին խանութում գնումներ կատարեք:

4. Մի խրատեք ու, առավել ևս, մի նախատեք ուրիշների ներկայությամբ: Հարգեք ձեր երեխայի զգացմունքներն ու կարծիքը: Նույնիսկ ուսուցչի դիտողությանը պատասխանեք. «Շնորհակալություն, մենք տանն այդ հարցը կքննարկենք»: Հիշեք հայտնի մանկավարժական օրենքը` վստահել, վատը չհամարել, հավատալ հաջողությանն ու ունակությանը («դու կարող ես, ես քեզ հավատում եմ» խրախուսական խոսքերով):

5. Սովորեցրեք երեխային պատմել իր խնդիրների մասին: Միասին քննարկեք վիճահարույց իրավիճակները, որոնք առաջացել են տարեկիցների շրջանում կամ մեծահասակների հետ: Անկեղծորեն հետաքրքրվեք նրա կարծիքով, միայն այդ կերպ կարող եք կյանքի նկատմամբ ճիշտ վերաբերմունք ձևավորել: Փորձեք իրավիճակն օբյեկտիվորեն գնահատել. «միշտ ձեր երեխան իրավացի, իսկ ուրիշները` սխալ» դիրքորոշումը ճիշտ չէ:

6. Հաճախակի զրուցեք երեխայի հետ: Խոսքի զարգացումը նաև լավ սովորելու գրավականն է: Եթե գնացել եք թատրոն, թող պատմի տեսածը, տպավորությունները: Նրան ուշադիր լսեք, հարցեր տվեք, որպեսզի երեխան հասկանա, որ դա, իրոք, ձեզ հետաքրքիր է: Միասին ֆանտաստիկ պատմություններ հորինեք իրերի, առարկաների, բնության երևույթների վերաբերյալ: Ձեր երեխան պետք է կարողանա հորինել ու ստեղծագործել:

7. Պատասխանեք երեխայի յուրաքանչյուր հարցին: Միայն այդ դեպքում երեխաների ճանաչողական հետաքրքրությունը չի մարի: Հաճախակի դիմեք նաև տեղեկատու գրքերին (ասենք` բառարաններ ու հանրագիտարաններ): Սովորեցրեք նրանց ինքնուրույն օգտվել դրանցից, ոչ թե սպասել, թե դուք ինչպես կբացատրեք իր հարցը:

8. Փորձեք գոնե մեկ-մեկ աշխարհին նայել նրա աչքերով: Աշխարհին ուրիշի աչքերով նայելը փոխըմբռնման հիմքն է: Իսկ դա նշանակում է երեխայի անհատականության հետ հաշվի նստել, հասկացնել, որ մարդիկ տարբեր են լինում և իրավունք ունեն տարբեր լինելու:

9. Հաճախակի գովեք ու հիացեք ձեր բալիկով: Նրա բողոքներին ի պատասխան` հաճախ ասացեք, որ ամեն ինչ կլինի, պարզապես պետք է փորձել: Ինքներդ էլ հավատացեք, որ ձեր երեխան ամեն ինչ կարող է, պարզապես պետք է նրան օգնել: Խրախուսեք խոսքով, ժպիտով, քնքշանքով, ոչ թե բավարարվեք նոր իր կամ քաղցրավենիք գնելով:

10. Ձեր երեխաների հետ հարաբերություններն արգելքների վրա չպիտի հենվեն: Համաձայնեք, որ դրանք միշտ չէ, որ ճիշտ են լինում: Բացատրեք, որ ձեր պահանջները հիմնավորված են, եթե հնարավոր է, առաջարկեք այլընտրանքային տարբերակ: Երեխայի հանդեպ հարգալից վերաբերմունք ձևավորեք ձեր մեջ` հիմա և ապագայում: Ձեր պահանջները ձևակերպելիս երբեք մի առաջնորդվեք «եթե»-ով: Երեխան շուտ է յուրացնում «դու` ինձ, ես` քեզ» դիրքորոշումը: