Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ճարտարապետ Գագիկ Սուխուդյանը հիշեցրեց, որ մեր երկիրը կոչվում է Հայաստանի Հանրապետություն, այլ ոչ թե Հայաստանի «Էլիտար» Հանրապետություն: Երեկ նույնպես Երեւանի Հանրապետության հրապարակում առաջիկայում կառուցվելիք 7 հարկանի հյուրանոցի նախագծի մասին իրենց դժգոհությունը հայտնեցին ինչպես ճարտարապետը, այնպես էլ բնապահպանները:
«Ճարտարապետների միությունը միանշանակ դեմ է Հանրապետության հրապարակում նոր հյուրանոցի կառուցմանը: Մենք ոտնձգություն ենք կատարում ճարտարապետ Թամանյանի ժառանգության դեմ: Մյուս կողմից՝ հասկանալի չէ, թե ինչ քմահաճույք է այստեղ հյուրանոց կառուցելը, եթե կարելի է նույն ներդրումներով այն կառուցել Երեւանի արվարձաններից մեկում: Ազատ տարածություն չէ, ծանրաբեռնված է, քաղաքաշինական սխալ է այստեղ հյուրանոց կառուցելը: Բացի այն, որ կխեղաթյուրվի Հանրապետության հրապարակի տեսքը, սա կխանգարի նաեւ տրանսպորտի արդեն իսկ լարված շարժին»,- ասաց ճարտարապետ Սուխուդյանը:
Բանախոսները եւս մեկ անգամ կրկնեցին հայտնի այն արտահայտությունը, որ «Երեւանը երեւանցու համար չէ»: Այսինքն՝ երեւանցին ապրում է մի քաղաքում, որտեղ սնկի պես ամեն օր էլիտար շենքեր են բուսնում: Բուսնելուց բացի, հին շենքեր են ներկվում, եւ, ինչպես Սուխուդյանը նկատեց, դրանով իսկ քաղաքային իշխանությունները մազ են ներկում, բայց քաղաքի «օրգանները» հիվանդ են:
«Ըստ լեգենդի՝ Անին քանդվելուց առաջ բարոյալքվել է, քանի որ շահն է խոսել Անիում: Երեւա՛ն, Անին հիշիր ու մտածիր, արդյո՞ք գերեզման չես փորում քեզ համար»,- իր խոսքում ասաց «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը:
Ըստ նրա՝ ներկայումս Երեւանի կենտրոնում գործում է 17 հյուրանոց, եւ 4 հյուրանոց էլ դեռ նախատեսվում է կառուցվել: «Ո՞րն է այս ամենի նպատակահարմարությունը,- հարցնում է բնապահպանը:- Մեր քաղաքը դրանց կարիքը չունի: Երեւանը էկոլոգիական աղետի առաջ է կանգնած, բարձրանում են նաեւ սեյսմիկ ռիսկերը, եւ վերջիվերջո, մարդկանց առողջությունն է վտանգի տակ դրվում: Մեզ դիմում են բազմաթիվ մարդիկ: Բակերի կառուցապատման ժամանակ քիչ է մնում՝ վերամբարձ կռունկները մտնեն բնակարաններ: Այս պահին փոքր կենտրոնի երեք բակերում կյանքի եւ մահու պայքար է. դրանք են` Կողբացի-Պուշկին, Նալբանդյան 104, Աբովյան-Սայաթ-Նովա եւ Աբովյան-Թումանյան բակերը»:
Կարինե Դանիելյանը եւս մեկ անգամ նշեց, որ իրենք թե՛ նախկին եւ թե՛ ներկայիս քաղաքապետերին առաջարկել են ստեղծել էկոլոգիական խորհուրդ: «Բայց մերժեցին: Մենք պահանջում ենք լսումներ: Սա արդեն համաքաղաքային խնդիր է: Վերջապես պետք է հաշվի առնվի բնակչության կարծիքը, թե՞ ոչ»,- հավելեց նա:
Էկոլոգիական-հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանն էլ իր խոսքում նշեց, որ արդեն վաղուց կորցրել ենք Երեւանի դեմքն ու դիմագիծը:
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ