կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-02 18:52
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուրեմն լսի՛, Սաքո, ուսադիրներդ պոկելու եմ․ Իշխան Սաղաթելյանը՝ ոստիկանների ու օլիգարխների թիկնազորի մասին

30 փողոց առավոտից փակվել է, պաշտոնական տվյալով՝ 244, իրականում 300 հոգի բերման է ենթարկվել, գրեթե բոլորն արդեն ազատ են արձակվել, այս պահին Ֆրանսիայի հրապարակում են՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում երեկոյան հավաքի ժամանակ։

Այսօր ոստիկանությունն իր սահմանն անցել է, փաստեց նա, ՊՊԾ-ի ղեկավար Սաքո Հովհաննիսյանը, որ 1 տարի առաջ քացի էր տալիս քաղաքացիներին, ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանի մազերն էր քաշում, այսօր կրկին գերազանցել է իր լիազորություները՝ քացի տալով լրագրողին։

«Ուրեմն լսի՛, Սաքո, եթե դու գերազանցում ես քո լիազորությունները, դիմում ես ապօրինի միջոցների, ուրեմն ես քեզ այս հրապարակից այս ժողովրդի անունից խոստանում եմ՝ ուսադիրներդ պոկելու եմ ու պատժվելու ես դրա համար»,-խոստացավ Իշխան Սաղաթելյանը։

Մենք ոստիկանության հետ հարց չունենք, ասաց նա, բայց ոստիկանության մեջ կան մարդիկ, ովքեր բացահայտ բռնության են ենթարկել քաղաքացիներին․ այդ մարդկանց լկտի պահվածքի համար, ասաց, պատասխանատվություն կրում են օլիգարխները։

«Մեր տեղեկություններով, քանի որ ոստիկանության ուժերը չեն հերիքում ճնշել մարդկանց արդար բողոքը և ցասումը, որոշ օլիգարխներ ոստիկանության համազգեստով իրենց ախրաննիկներին ուղարկում են ժողովրդին ճնշելու։ Մեկ անգամ ևս զգուշացնում եմ՝ մենք խաղաղ անհնազանդության բողոքի միջոցով հասնելու ենք այս չարիքի հեռացմանը։ Նրանք, ովքեր գերազանցել են իրենց լիազորությունները՝ հատ-հատ պատասխան են տալու»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Երբ մեր քաղաքացիները փողոց էին փակում, նշեց նա, մի հոգի, որ, ըստ տեղեկությունների, Գռզոյի շրջապատից է, քաղաքացուն ակնհայտ բոլորի առաջ հարվածում է, իսկ ոստիկանները ուժ են կիրառում ոչ թե հարվածողի, այլ հարվածված քաղաքացու հանդեպ։

«Նիկո՛լ, գիտեմ՝ քո հույսը էդ օլիգարխներն են, բայց դա քեզ չի փրկելու։ Կրկին կոչ եմ անում՝ ամեն  մեկը գտնվի իր տեղում և որևէ մեկը չմտածի, որ կարող է քաղաքացիների դեմ բռնություն կիրառի ու մարսի»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Չնայած այդ բոլոր ճնշումներին դուք փայլուն եք, դիմեց նա ցուցարարներին, դուք հրաշք եք, դուք բոլորի առջև դրված խնդիրը իրականացրել եք։

«Նաև ուսանողները հիացրին իրենց պահվածքով՝ դասադուլ եղել է, մեր ուսանողները միացել են այս պայքարին և այսօր էլ գտնվում են հրապարակում»,-նշեց Իշխան Սաղաթելյանը։

Նա դիմեց միջազգային հանրությանը՝ պահանջելով, որ այսօրվա դեպքերին դեսպանատներն ու միջազգային կազմակերպությունները արձագանքեն։ Նաև նշեց, որ Հայաստանում գոյություն ունի մարդու իրավունքների պաշտպան, որ Նիկոլի պաշտպանն է, ոչ թե մարդու իրավունքների, դեռ շանս ունի ապացուցեու, որ նման ինստիտուտ կա Հայաստանում։

Մանրամասն՝ տեսանյութում․