կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-27 10:13
Հասարակություն

Քաղաքը ռաբիս է լսում

Քաղաքը ռաբիս է լսում

Քաղաքը ջազ է լսում. ամեն առավոտ լսելով այս արտահայտությունը ռադիոեթերներից եւ տնից դուրս գալով փողոց` համոզվում ես, որ մեր քաղաքը ոչ թե ջազ է լսում, այլ հակառակը` քաղաքը ռաբիս է լսում: Ամեն օր երթուղայիններում, սրճարաններում, փողոցում և, վերջապես, հեռուստաէկրանից լսելով Թաթուլի, Սպիտակցի Հայկոյի, Վլեի ու այլոց մատուցած «արվեստը»` համոզվում ես, որ մեր քաղաքը աստիճանաբար փոխում է դեմքը, ճաշակը:

Ռաբիս երաժշտություն մատուցողների պաստառներն ամենուր են, էլ չենք խոսում ձայնասկավառակների վաճառակետերի մասին, ուր ռաբիսի արքաների մի ամբողջ պատկերասրահ կա, եւ որտեղից հիմնականում հենց նման տիպի երաժշտություն է հնչում:

Հասարակության մեջ ռաբիսի երկրպագուների մասին պատկերացումները, կարծում ենք, համապատասխանում են իրականությանը՝ հատիկ-հատիկ բաժանած «չոլկայով», սեւ հագուստով, «ճշտի բացատրական բառարանը մշտապես գրպանում պահած» եւ արդուզարդի անպակաս պարագա` սպիտակ «Նիվայով» մի երիտասարդ, ում ուղեղում և լեզվի ծայրին մշտապես «երկիրը երկիր չի» արտահայտությունն է:

Բոլորս ջանք ու եռանդ չենք խնայում փնովելով ռաբիսը, սակայն մի պահ թվում է, որ այս երաժշտական ոճը լսող անհատներն էլ են հասկանում ու ընդունում, որ դա վատ է, բայց ի՞նչ արած` սիրում են ու շարունակում լսել: Եվ մեր «կոմերցիոն» հեռուստաընկերություններն էլ, տեսնելով այս պահանջարկը, եթերը հեղեղել են ադրբեջանա-թուրքական այդ կլկլոցով: Իսկ սա էլ, իր հերթին, հասարակական ճաշակ է ձևավորում:

Հանրահայտ ճշմարտություն է նաև, որ ցածրորակը, անճաշակը միշտ էլ ավելի ագրեսիվ է լինում, մանավանդ թողտվության պայմաններում: Արդյունքում՝ ագրեսիվ ռաբիսը երթուղայինների ու տաքսիների, սրճարանների ու հեռուստաեթերի անբաժանելի մասն է, իսկ ջազն ու ռոքը, օրինակ, հնչում են միայն ռադիոներով կամ ակումբներում, այն էլ միայն փակ տարածքներում, որ հանկարծ չխանգարի ռաբիս լսողներին:

Այս ամենից հետո, կարող ենք միայն մի բան ասել ` համայն հայությունն է ռաբիս լսում: