Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նոյեմբերի 10-ի Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանն իր գործելակերպով հիշեցնում է «Ալ Քաիդա»-ին և «Իսլամական պետությանը»՝ նշելով, որ Արցախի բնակչության նկատմամբ ցեղասպան քաղաքականության դրսևորում էր 2022 թվականի մարտին աննախադեպ ցրտի պայմաններում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը բնական գազով ապահովող միակ խողովակի պայթեցումը և դրա վերականգնման տևական խոչընդոտումը:
«Նույն ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները գիշերային ժամերին ուժեղ լուսարձակներով լուսավորում էին Լեռնային Ղարաբաղի մի շարք հայկական գյուղերի կոնկրետ բնակարաններ, թաղամասեր, սպառնալիքներ տեղալով՝բնակիչներին կոչ անում հեռանալ իրենց տներից, ու կրակոցներով զուգորդված իսլամական աղոթքի հրավեր, «ազան» միացնում գերհզոր բարձրախոսներով: Եվ հիմա այս գործելակերպի հեղինակները ուզում են Հայաստանին մեղադրել հակաիսլամական գործելակերպի մեջ, մինչդեռ իսլամական կրոնի և քաղաքակրթության նկատմամբ մեր հարգանքը աներկբա է: Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը եղբայրական զգացմունքներ ու գործընկերային հարաբերություններ ունի տասնյակ իսլամական երկրների ու ժողովուրդների հետ, մինչդեռ Ադրբեջանն իր վերոհիշյալ գործելակերպով հիշեցնում է իսլամը վարկաբեկող «Ալ Քաիդա»-ին և «Իսլամական պետությանը»»,- շեշտել էր Նիկոլ Փաշինյանը:
Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատասխանել է Նիկոլ Փաշինյանի նաև այս հայտարարությանը: Մասնավորապես, Բաքվում ընդունելով Արևելյան գործընկերության հարցերով Եվրամիության (ԵՄ) հատուկ բանագնաց Դիրկ Շյուբելին, նա ասել է, որ ՀՀ ղեկավարության խոսքերը հակասում են նրանց գործողություններին և պլաններին, և, որ երկիմաստությունը կամ այն պահպանելու ցանկությունը բնավ չի օգնում գործին:
«Եթե Հայաստանը խաղաղություն է ուզում, պետք է հրաժարվի շատ վտանգավոր հռետորաբանությունից։ՀՀ պետական դեմքերը վերջերս Ադրբեջանը համեմատել են «Իսլամական պետության» և Ալ-Քաիդայի հետ: Իմ կարծիքով, դա շատ վտանգավոր հռետորաբանություն է: Երբ Փաշինյանը նման բաներ է ասում, պետք է հասկանա՝ մենք դա լսում ենք,ևմտածի՝ ինչպիսին կարող է լինել մեր արձագանքը»,- հավելել է Ադրբեջանի նախագահը։
«Տառացիորեն երեկ ես հեռախոսազրույց ունեցա պետքարտուղար Բլինկենի հետ։ Մենք քաջ գիտակցում ենք, որ երկու ճանապարհ պետք է լինի, և պետք չէ դրանք խառնել։ Սակայն Հայաստանում արված հայտարարությունները խիստ հակասական են։ Նրանք ասում են, որ ճանաչում են մեր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Ոչ միայն խոսում են,այլև փաստաթղթեր են ստորագրում Պրահայում և Սոչիում։ Սա նշանակում է ինքնիշխանություն՝ մեր ողջ տարածքի նկատմամբ։ Մենք բոլորս հասկանում ենք, թե ինչ է ինքնիշխանությունը։ Միաժամանակ նրանք ցանկանում են խաղաղության համաձայնագրում ներառել Ադրբեջանում հայկական փոքրամասնությանը վերաբերող հարցեր։
Դա տեղի չի ունենա։ Դա անհնար է: Մենք սրան չենք համաձայնի։
Ուստի մեզ անհրաժեշտ է Հայաստանի կառավարության շատ հստակ դիրքորոշումն իր օրակարգի վերաբերյալ։ Վերջերս ասացի, որ եթե իրենք խաղաղություն են ուզում, մենք էլ խաղաղություն կուզենք։ Եթե նրանք խաղաղություն չեն ուզում, ապա դա իրենց ընտրությունն է։
Մենք երեսուն տարի խաղաղություն չունենք, և Հայաստանը չպետք է մոռանա, թե ինչպես է դա ավարտվում»,-ասել է Ալիևը:
Հրապարակման պատրաստեց 168.am-ը