Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը եւս այն քաղաքական գործիչներից է, ովքեր երկխոսությունն ու բանավեճը գերադասում են առճակատումից: «Բանակցելու ճանապարհով լուծումներ փնտրելն, անկասկած, նախապատվելի է, քան առճակատման ճանապարհով գնալը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նա` հավելելով, որ ողջունում է իշխանության եւ կոնգրեսի միջեւ սկսված երկխոսությունը:
Ավելին, նախկին պաշտոնյան նշեց, որ քաղաքական իրականության մեջ առաջին անգամ մենք ականատես ենք լինում որակապես նոր քաղաքական պրոցեսի, երբ քաղաքական իշխանությունն արտախորհրդարանական ազդեցիկ ընդդիմադիր ուժին նույնպես հնարավորություն է տալիս ազդեցություն ունենալ քաղաքական պրոցեսների վրա, փորձում է առճակատումը փողոցներից ու հրապարակներից տեղափոխել բանակցային սեղանի շուրջը:
Երկխոսողների նկատմամբ բանախոսի այս խիստ բարեհաճ վերաբերմունքը շարժեց լրագրողներից մեկի հետաքրքրությունը. Խոսրով Հարությունյանը թերեւս այն միակ կուսակցության ղեկավարն է, ով, երկխոսության գործընթացին չմասնակցելով հանդերձ, այնուամենայնիվ, մյուսների նման չի չարախոսում: «Չե՞ք խանդում» հարցին Խ. Հարությունյանը պատասխանեց, որ պարտադիր չէ ուղղակի լինել ղեկի մոտ, սա էլ մասնակցության ձեւ է` «հանրային կարծիք ձեւավորելով` փորձել նպաստել այն գործընթացներին, որոնք օգտակար են քաղաքական կյանքի բնականոն զարգացմանը, առավել եւս, եթե խոսքը գնում է իրենց պես համեստ կարողությունների տեր կուսակցությունների մասին»:
Ինչ վերաբերում է հարցին, թե, ըստ էության, ինչի՞ շուրջ են բանակցում ՀԱԿ-ն ու իշխանությունը, Խոսրով Հարությունյանը նկատեց, որ այնպիսի տպավորություն է, կարծես բուն պրոցեսն ավելի կարեւոր է, քան արդյունքը: «Շատ էական է, որ մենք ունենք պրոցես, երբ իշխանությունն ու ընդդիմությունը նստած բանակցում են, ավելի կարեւոր, քան այն, թե արդյո՞ք այդ բանավեճի արդյունքում ինչ-որ մի բանի կարելի է հանգել»,- նշեց կուսակցապետը` հավելելով, որ անկասկած շատ լավ կլիներ, եթե այս ամենը բերեր մի դրական «պրոդուկտի», բայց իր համար անհամեմատ կարեւոր է բուն գործընթացը, եւ թե' ընդդիմությունը, թե', առավել եւս, իշխանությունը, անկասկած, դրվատանքի են արժանի:
Այսքան դրվատանքի խոսքեր լսելուց հետո Խոսրով Հարությունյանից չէինք կարող չհետաքրքրվել` արդյոք իսկապես հավատո՞ւմ է ՀԱԿ-ի անկեղծությանը: «Ես ինքս իմ շատ հստակ պատկերացումն ունեմ թե' ՀԱԿ-ի, թե' ՀԱԿ-ում գործող անձանց ու քաղաքական ուժրի մասին, բայց մեզանից որեւէ մեկը պետք է շատ խնամքով ու մտահոգ վերաբերվի այս պրոցեսին: Ես ձեզ խորհուրդ կտայի առայժմ ձեռնպահ մնալ պրոցեսը խաթարող որեւէ, գուցեեւ արդարացի մեկնաբանությունից: Օրինակ` երբ ինձ ասում են, որ եթե Տիգրան Առաքելյանի նկատմամբ խափանման միջոցը չփոխվի, ապա մենք կփաստենք, որ ունենք քաղբանտարկյալ, դա ինձ համար առնվազն անհասկանալի է: Անկասկած, այստեղ շահարկումներ կան, բայց, մեծ իմաստով, գուցե ես ցանկալին փորձում եմ ներկայացնել որպես իրականությո՞ւն: Ես կուզենայի, որ ՀԱԿ-ն այս գործընթացում բոլորիս մոտ ստեղծեր տպավորություն, որ ինքը պակաս մտահոգ չի հանրային կյանքի զարգացումներով»,- ԵՐԿԻՐ-ի հարցին ի պատասխան` ասաց նա: