Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն իրոք ճիշտ էր, երբ ԱԺ ամբիոնից երիցս կրկնեց` ոչ եւ եւս մեկ անգամ ոչ… Մարդն ասում էր, որ այս արձանագրությունների մեջ երեք հատ նախապայման չկա, որ եզան տակ հորթ չկա ու նման բաներ: Շատ էլ թե ինքը գնաց Ցյուրիխ ու այնտեղ ստորագրեց դրանք: Այսօր արդեն բանից պարզվեց, որ ոչ միայն նախապայմաններ ու հորթեր չկան, այլեւ արձանագրություններ` առհասարակ: Քլինթոնը, Լավրովը, Դավութօղլուն ու մյուսներն էլ, որ այդ օրն իր կողքին էին, ընդամենը միրաժ էին ու հիմա վերջնականապես ցնդեցին, եւ հայ-թուրքական կոշմարը մի երկար ժամանակով դադարեց:
Բայց, այնուամենայնիվ, եթե արձանագրությունների թուրքական օրինակները մեռան այդ երկրի խորհրդարանում, ապա մեր խորհրդարանում դրանք դարձան պաշտամունքի առարկայի պես մի բան, որ մեզ ներկայանում են որպես ՀՀԿ ղեկավարի ու այս հարցում նրան անսահմանորեն աջակցած Լեւոն Տեր-Պետրոսյանի համատեղ գործունեության ամենալուրջ նվաճում:
Թուրքերը միշտ ասում էին` այդ արձանագրությունները պետք են ոչ թե մեզ, այլ հայերին: Այդ հայերն են սոված եւ ցանկանում են օր առաջ բացել սահմանը: Բայց մենք, չգիտես ինչու, ականջ էինք կախում արեւմտյան քաղաքակիրթ խոսքերին, որոնցով, ըստ էության, նույն բանն էր ասվում, բայց այնպես լղոզված, որ մեզ արդեն Արեւմուտքի պարտնյոր էինք երեւակայում:
Հետաքրքիրն այս ողջ պատմության մեջ այն է, որ նույնիսկ ադրբեջանցի վերլուծաբանները ճիշտ դուրս եկան՝ ասելով` հայերը ցանկանում են բացել ոչ այն սահմանը: Նրանք նկատի ունեին այն հանգամանքը, որ առանց հայ-ադրբեջանական հակամարտության լուծման, առանց հայ-ադրբեջանական սահմանի բացման հնարավոր չէ բացել հայ-թուրքական սահմանը: Բայց մեզ համար նույնիսկ դա ահազանգ չեղավ, եւ Սերժ Սարգսյանը, ես սա չեմ դադարի կրկնել, Լեւոն Տեր-Պետրոսյանի հորդորով ասեմ, թե թելադրանքով, նույնիսկ փակ սահմանով գնաց Թուրքիա: Թուրքիայի ղեկավարությանն, իհարկե, այդ անակնկալ այցը բավական ուրախացրեց, ու նրանք ազիզ հյուրերին այնպիսի պատիվներ տվեցին, որ ասելու չի: Մնացածն արդեն հայտնի է: Գյուլի գալուց ի վեր փողոցից ստեպ-ստեպ տուն գնացող եւ միտինգները դադարեցնող Լեւոն Տեր-Պետրոսյանը, հետո` 2009թ. հոկտեմբերի 9-ի ՀՅԴ կազմակերպած ցույցի եւ երթի մասին, ասես մսից պոկելով, կասի` տպավորիչ էր:
Բայց պե՞տք էր արդյոք համազգային խնդրի շուրջ այդպես միասնանալ կարողացող ժողովրդի աչքի առաջ հաջորդ օրը նստել սեղանի շուրջ եւ Դավութօղլուի հետ ստորագրել մի թուղթ, որ հատուկ նպատակով գործածվող ռուլոնի պիտի վերածվեր Թուրքիայի հաջորդ խորհրդարանի կես րոպեանոց քվեարկությամբ: Ի պատիվ Սերժ Սարգսյանի, պետք է ասեմ, որ նա առաջինը սկսեց արձանագրությունների վավերացման կասեցման գործընթացը: Սակայն ինչպե՞ս այդ արեցինք մենք, եւ ինչպես արեց այդ Թուրքիայի խորհրդարանը: Էլ Սահմանադրական դատարանից թուղթ բերել, էլ կոալիցիայի ներկայացուցիչների խրոխտ ելույթներ, էլ ձեւականություն, թե կոալիցիան է դիմում Սերժ Սարգսյանին խնդրանք-աղաչանքով` կասեցնել արձանագրությունների վավերացման գործընթացը, որովհետեւ իրենց ձեռքը կկոտրվի այդպիսի մի բանի կողմ քվեարկելուց:
Իսկ թուրքե՞րը… Մեկ էլ իմացանք, որ արձանագրություններն արդեն նրանց խորհրդարանում չեն: Կարող է, իհարկե, հարց առաջանալ, իսկ ի՞նչ կանեն նրանք այդ փաստաթղթերի իրենց օրինակները: Երեւի մի տեղ, այնուամենայնիվ, կպահեն: Որովհետեւ, եթե բան է, մեր ակնարկած միրաժները կամ նրանց հետնորդները նորից կանգնեն իրենց գլխավերեւում եւ հայ-թուրքական խաղեր տան, կարող են մեջտեղ բերել ու մի նոր բայաթի սկսել` մեր օրենսդրությամբ, որպեսզի մեկ անգամ մերժված փաստաթղթերը նորից դրվեն շրջանառության մեջ, պետք է անցնեն այս-այս-այս փուլերը, մինչեւ նորից հասնեն մեջլիս:
Այ այստեղ բիոմասսան կարող է դարձյալ առաջ ընկնել ու նախագահին խնդրել, որ թույլ տա վավերացման գործընթաց սկսել` ջհանդամը, թե իրենց ձեռքը չի կոտրվի: Եվ որպեսզի նման բան չլինի, ՀՀ նախագահին հստակ առաջարկ է արվում` քայլ անել եւ ավելի ուժեղ քայլ, քան թուրքերն արեցին` հետ կանչել Հայաստանի ստորագրությունը եւ գալիք ստարտներում Հայաստանի համար գոնե հավասար պայմաններ ապահովել:
Այո, համաձայն ենք ոմանց պնդումներին, որ եզան տակ այլեւս հորթեր չկան, որ այլեւս նախապայմաններ չկան եւ, առհասարակ, թուրքական ուղղությամբ այլեւս ոչինչ չկա: Չենք կարողանում միայն հասկանալ, թե այդ «բեզդելուշկաներն» ինչու ենք պահում մեր խորհրդարանում: Ի՞նչ անենք, արտահերթ խորհրդարանական ընտրություննե՞ր, որ մեր նորընտիր խորհրդարանն էլ թուրքերի հանգույն դագաղի մեջ դրած դուրս բերի դրանք խորհրդարանից, թե՞ ընտրենք նախագահի ինստիտուտը բարձրացնող ճանապարհը` հետ կանչենք ստորագրությունը: Նման բան կարող է անել ուզածդ օրինակարգ նախագահ եւ նրան չի համարձակվի խոչընդոտել նույնիսկ տարածաշրջանի ամենաերկխոսող ընդդիմությունը:
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ