կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-27 15:34
Քաղաքական

Արձանագրությունների վերադարձը ոչինչ չի նշանակում

Արձանագրությունների վերադարձը ոչինչ չի նշանակում

ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, հաշվի առնելով Ադրբեջանի ոչ կառուցողական կեցվածքը, կանխատեսելի ապագայում Ղարաբաղյան հարցում որեւէ առաջընթաց չի տեսնում: Այդ հանգամանքն էլ դաշնակցական գործչին հիմք է տալիս ենթադրելու, որ առաջընթաց չի կարելի ակնկալել նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում` հակառակ նրան, որ Թուրքիան փորձում է ցույց տալ` իբր հայ-թուրքական արձանագրությունները տակավին պահում է օրակարգում:

 

Արձանագրությունների վերադարձը Թուրքիայի խորհրդարան, ըստ Կ. Մանոյանի, ոչինչ չի նշանակում, քանի որ այդ արձանագրությունները նախկինում էլ օրակարգում էին, սակայն չէին վավերացվում:

 

«Իրենք վավերացման ուղղությամբ նույնիսկ նվազագույնը չէին անում, այնինչ անհրաժեշտ էր, որ փաստաթղթերի վավերացումն անպայման ունենար խորհրդարանի համապատասխան հանձնաժողովի տեսակետը: Օրակարգում պահելով` Թուրքիան պարզապես ուզում է ստեղծել տպավորություն, թե իբր կա գործընթաց, իսկ այդ գործընթացը ենթադրում է Հայաստանի վրա այլ պետությունների կողմից ճնշում, որպեսզի մենք մեր ստորագրությունը հետ չվերցնենք»,- նշեց դաշնակցական գործիչը` շեշտելով, որ Թուրքիան արձանագրությունները օրակարգ է վերադարձրել հենց այդ խնդիրը լուծելու համար:

 

«Պարզ է, որ նրանք ո'չ մտադրություն եւ ո'չ էլ ցանկություն ունեն այդ արձանագրությունները վավերացնել, քանի որ նույնիսկ Հայաստանի այդքան բարյացակամ ու զիջողական կեցվածքի դիմաց Թուրքիան շարունակում է նախապայմաններով խոսել Հայաստանի հետ»,- նշեց նա: