կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-26 20:06
Քաղաքական

Էդվարդ Նալբանդյանը խոսել է հայ-թուրքական արձանագրությունների մասին

Էդվարդ Նալբանդյանը խոսել է հայ-թուրքական արձանագրությունների մասին

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկեկացնում են, որ ապրիլի 26-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ֆինլանդիայի հեղինակավոր «Պաասիկիվի» արտաքին քաղաքական ընկերակցության պատվիրակությանը, որի կազմում էին Ֆինլանդիայի քաղաքական և հասարակական գործիչներ, դիվանագետներ և վերլուծաբաններ։

 

Նալբանդյանը հյուրերին ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, տարբեր երկրների և տարածաշրջանների հետ գործընկերային հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերը, տարածաշրջանային խնդիրների և դրանց կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը։

 

Նախարարը պատասխանել է նաև ներկաների բազմաթիվ հարցերի։ Պատասխանելով հարցերից մեկին` նախարար Նալբանդյանն անդրադարձել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի պնդմանը, թե Ցյուրիխում արձանագրությունների ստորագրման արարողությանն իր չհնչեցված ելույթի և ապրիլի 23-ի Թուրքիայի վարչապետի հայտարարության բովանդակությունը նույնն է։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ միգուցե Դավութօղլուն մոռանում է, որ 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում կային այլ մասնակիցներ, ովքեր կարող են հիշեցնել՝ ինչ է տեղի ունեցել իրականում։ «Հիշեցնեմ, որ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Ցյուրիխում արձանագրությունների ստորագրման արարողության բոլոր ելույթ ունեցողները պետք է նախապես տրամադրեին իրենց ելույթների տեքստերը։ Թուրքիան խախտեց այդ պայմանավորվածությունը։ Եվ դա էր պատճառը, որ ստորագրման արարողությունը հետաձգվեց այնքան, մինչև թուրքական կողմը ստիպված եղավ տրամադրել իր ելույթի տեքստը։ Ստորագրման արարողության բոլոր մասնակից երկրների ներկայացուցիչները անընդունելի համարեցին թուրքական կողմի ելույթի տեքստը և առաջարկեցին արարողությունը անցկացնել առանց ելույթների, և Թուրքիայի արտգործնախարարն ստիպված եղավ դրան համաձայնել։ Դա էր պատճառը, որ արարողությունը տեղի ունեցավ շուրջ երեք ժամ ուշացումով: Ավելին՝ ներկա արտգործնախարարները ստորագրման արարողությունից անմիջապես հետո հանդես եկան հրապարակային մեկնաբանություններով՝ ընդգծելով, որ ստորագրումից հետո արված որևէ հայտարարություն չի կարող ազդեցություն ունենալ արձանագրություններում ամրագրված պայմանավորվածությունների վրա։ Եթե թուրքական կողմը կարծում է, որ այսօր կարելի է վերակենդանացնել այն, ինչ մերժվել է բոլորի կողմից չորս ու կես տարի առաջ, ապա դա ապարդյուն է և անհեռանկարային։ Իմիջիայլոց, նույնը ես ասացի Թուրքիայի արտգործնախարարին՝ անցյալ տարվա դեկտեմբերին՝ Երևանում»,- շեշտել է նախարար Նալբանդյանը։

 

ԱԳ նախարարը նաև հավելել է. «Զարհուրելի կլիներ պատկերացնել, որ Հոլոքոստի, Կամբոջայի, Ռուանդայի, մարդկության դեմ այլ ոճիրների իրականացնողներին կարելի է զոհերի հետ նույն հարթության վրա դնել։ Դեռ 99 տարի առաջ՝ 1915թ. մայիսի 24-ի հատուկ հռչակագրով Ռուսաստանը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, նախազգուշացրեցին հայ ժողովրդի դեմ կոտորածներ իրականացնողներին, որ նրանք պատասխանատվության կենթարկվեն «մարդկության և քաղաքակրթության դեմ գործած՝ Թուրքիայի այս նոր հանցագործությունների համար»: Ասվածը արդիական է միջազգային հանրության համար՝ կանխարգելելու նոր ցեղասպանություններ, մարդկության դեմ նոր հանցագործություններ»: