Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցությունը տարածել է հայտարարություն, որում, մասնավորապես, ասված է.
«2011 թվականի օգոստոսի 14-ին տեղի ունեցած ՀՌԱԿ արտահերթ համագումարի պատգամավորներն իրենց բողոքի ձայնն են բարձրացնում ՀՌԱԿ հանրապետական վարչության անդամ, 46 տարվա մանկավարժական վաստակ, բազմաթիվ պատվոգրեր եւ կառավարական պարգեւներ ունեցող Հայրենուհի Գեւորգյանի հանդեպ Արագածոտնի մարզի մանկավարժական ոլորտի պատասխանատու պետական պաշտոնյաների իրականացրած հաշվեհարդարի կապակցությամբ:
Աշտարակի Գրիգոր Ղափանցյանի անվան դպրոցում տիրող մասսայական դրամահավաքի, ուռճացած աշխատակազմի, ուսուցիչների ցածր դրույքաչափի, անվճար տրվող դասագրքերի վաճառքի դեմ է պայքարել տարիներ շարունակ Հայրենուհի Գեւորգյանը եւ այսօր «արժանացել» քրեական պատասխանատվության եւ հեռացվել դպրոցից:
ՀՌԱԿ համագումարի պատգամավորները իրենց ընկերոջ` Հայրենուհի Գեւորգյանի հանդեպ իրականացրած գործողությունները որակում են ստալինյան ժամանակներին հարիր գործելաոճ, հետեւաբար կոչ ենք անում պատկան մարմիններին դադարեցնել կոռուպցիայի եւ հովանավորչության դեմ պայքարող, հարյուրից ավելի ուսուցիչներ վերապատրաստած, աշակերտների եւ ծնողների հարգանքը վայելող Հայրենուհի Գեւորգյանի հանդեպ իրականացվող հետապնդումները:
ՀՌԱԿ-ը շարունակելու է հետեւել գործի ընթացքին եւ անել ամեն հնարավորը, որպեսզի վերականգնվեն ՀՀ ազնիվ քաղաքացի Հայրենուհի Գեւորգյանի ոտնահարված իրավունքները»: