կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-18 11:16
Աշխարհ

Քադաֆին շատ հիվանդ է եւ պատրաստ է լքել երկիրը

Քադաֆին շատ հիվանդ է եւ պատրաստ է լքել երկիրը

Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին շատ հիվանդ է եւ պատրաստ է լքել երկիրն ու իշխանությունը փոխանցել արդարադատության նախարար Մուհամեդ Ալքամոդին. տեղեկացնում է Albawaba գործակալությունը` վկայակոչելով զինված ուժերի աղբյուր:

«Հարավաֆրիկյան երկու Airbus ինքնաթիռներ վայրէջք են կատարել Տրիպոլիի միջազգային օդանավակայնում, որոնցով Քադաֆին, նրա ընտանիքը եւ կառավարության մի քանի անդամներ մեկնելու են Վենեսուելա»,- հայտնել է աղբյուրը:

Սակայն Լիբիայի առաջնորդն այդ ամենին համաձայնել է մի պայմանով` կրակի դադարեցում եւ ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերում երկրից:

Գործակալությունը նշում է, որ հավանորեն Քադաֆին այդ որոշումը կայացրել է թունիսյան Ջերբա կղզում ապստամբների ներկայացուցիչների հետ բանակցություններից հետո, որոնց մասնակցել է նաեւ Հուգո Չավեսի ներկայացուցիչը: Սակայն ապստամբները հերքում բանակցությունների անցկացման փաստը:

Այլ աղբյուրների համաձայն` Քադաֆին լուրջ հիվանդ է եւ շտապ բուժօգնության կարիք ունի: Նրանց խոսքերով` Ջամահիրիայի առաջնորդն իր գլխավոր օգնական Բաշիր Սալեհին ուղարկել է Մալի եւ Ջերբա կղզի` բրիտանական եւ ֆրանսիական կառավարությունների ներկայացուցիչների հետ հանդիպման` «Լիբիայից Քադաֆիի եւ նրա ընտանիքի դուրսբերման հարցը քննարկելու»: