Փոխարժեքներ
26 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.06 |
EUR | ⚊ | € 411.07 |
RUB | ⚊ | ₽ 3.98 |
GBP | ⚊ | £ 496.46 |
GEL | ⚊ | ₾ 141.27 |
Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի կինոռեժիսուրայի բաժնի այս տարվա շրջանավարտ, 22-ամյա Լիլիթ Մովսիսյանը հասցրել է 19 տարեկանում՝ դեռ ուսանող, լիամետրաժ ֆիլմ նկարել, 21-ում վայելել իր առաջին այդ ֆիլմի՝ «Մոխրամանի» պրեմիերան:
Ամերիկյան «Սանդանս» կինոփառատոնում այս տարի համաշխարհային յուրօրինակ նախագծի «Կյանքը մեկ օրում» 90 րոպեանոց ֆիլմը բացվեց Լիլիթի նկարահանած կադրերով: Ինստիտուտում սովորելիս կարճամետրաժ 8 ֆիլմ է արել: Պորտալարը կինոյում են կտրել. մայրն ավելի քան 30 տարվա դիմահարդար Էմմա Մովսիսյանն է, հայրը՝ դերասան Ռազմիկ Արոյանը. «7 տարեկան էի, «Թթենին» էի նայում, ասացի՝ մամ, երանի այսպիսի հայր ունենայի, մամաս ասաց՝ երեւի պահը եկել է, որ իմանաս, ինքը քո հայրն է: Այդ օրվանից իրեն տեսնելու որոշումը իմն էր՝ չուզեցի, չսիրեցի, չներեցի: Ներելու այդ մեծ զգացումն ապրեցի 21 տարեկանում, հանդիպեցի եւ կորցրեցի մեկ ամիս անց՝ մահացավ: Խնդրել էր, որ հասցնեմ իրեն նկարել իմ ֆիլմում, ցավոք, չհասցրի»:
- Ի՞նչ դեր կտայիր իրեն:
- Ամենասիրելի հայրիկի դերը:
- Կարելի՞ է համարել, որ առաջին խաղարկային ֆիլմն ամենաերիտասարդ տարիքում նկարահանած ռեժիսորն ես հայկական կինոյի պատմության մեջ:
- Չգիտեմ: Համենայն դեպս, «Մոխրամանը» նկարել եմ ինստիտուտից դուրս, բոլորից անկախ: Երկու տարի ձգվեց թողարկումը՝ ես հասունացել էի, ինքը նույնն էր մնացել: Պրեմիերան մի քիչ մեծ ռիսկ էր, որովհետեւ ես արդեն ուրիշ կերպ էի մտածում, իսկ ֆիլմս մտածում էր այնպես, ինչպես 19 տարեկան Լիլիթը:
- Ի՞նչը կփոխեիր ֆիլմում:
- Ոչինչ չէի փոխի... կամ չէի նկարի:
- Դիպլոմայինդ ի՞նչ թեմայով էր:
- Թեման ծնվեց այդ պրեմիերայից հետո՝ ոնց են մարդուն փորձում կոտրել հենց առաջին քայլից, ու ո՞րն է իր ընտրությունը՝ չարանա՞լ, թե՞ շարունակել այն ճանապարհով, որի համար եկել է: Կա արվեստագետ, որը ստեղծագործում է կռվելու համար, ոնց որ ասում են՝ ինչ-որ մեկի ինադու, մյուսը՝ ապրեցնելու համար:
- Քոնը «ինադու՞ն» էր:
- Չէ՝ ապրեցնելունը: Վերջերս մի անծանոթ երիտասարդ ինձ գրեց, որ ընկերուհին ֆիլմի պրեմիրեայից մի քանի օր առաջ ինքնասպան էր եղել, ասում էր. «Ափսոս, որ չհասցրեց ֆիլմը տեսնել, գուցե դա տեղի չունենար»: Այդպիսի իրական գնահատական ոչ մի կինոգետ կամ լրագրող չէր կարող տալ: Չնայած, մի տեսակ մեղավոր եմ զգում, որ ուշացել եմ:
- Քո ասածներից զգում եմ, որ փորձել են կոտրել քեզ:
- Մեր լրագրողները, կինոգետները, երբ մարդը ինչ-որ մի բան սխալ է ասել կամ արել, արագ գրում են դրա մասին ` մտածելով իրենց փառքի եւ ոչ թե այդ մարդու մասին:
- Ֆի՞լմն էին քննադատել, թե՞ քեզ:
- Միայն մի խորհուրդ կտայի կինոգետներին՝ անձնականը չմտցնել իրենց հոդվածների մեջ, իսկույն դուրս է ցցվում ու շատ ծիծաղելի է:
- Դու դե՞մ ես, որ քո կամ որեւէ մեկի սխալների մասին գրվի:
- Դեմ չեմ: Ես մի կինոռեժիսորի գրած բավական հետաքրքիր հոդված էլ գտա: Գրել էր եւ իմ սխալների, եւ այն լավ կողմերի մասին, որ տեսել է իմ մեջ: Գուցե սխալներիդ մասին կարդալը ցավեցնող է, բայց ես շատ շնորհակալ եմ իրեն, շատ օգտակար էր. Դիանա Կարդումյան է նրա անունը: Անձնական կամ սեփական ճաշակից ելնող ոչ մի բան չկար ու ռեժիսորական խանդ էլ չկար:
- Եթե սերիալ առաջարկեն, կնկարե՞ս:
- Եղել է առաջարկ: Ինձ ասացին` երեք օրվա մեջ պետք է հինգ սերիայի սցենար գրես: Երեք օրվա ժամկետն ինձ համար կատաստրոֆիկ զարմանալի էր թվում, բայց օգնեց ընկերներիցս Անի Գեմարմազյանը, որը նաեւ «Մոխրամանի» եւ նոր ֆիլմիս խմբագիրն է: Երբ իմացա, որ ներկայացրածս հինգ սերիան պետք է դառնա հիսուն սերիա, հասկացա, որ չեմ ուզում... Կարծում եմ, հիմա մեր խեղճ հանդիսատեսին, ինչպես նաեւ ստեղծագործողներին, գցել են երկու ծայրահեղությունների մեջ:
- Այսինքն, սերիալներ ու փառատոնային ֆիլմե՞ր:
- Այո: Այն ռեժիսորները, որոնք միայն փառատոնային ֆիլմեր են նկարում, կարծում եմ, որ երբեմն ձախ ձեռքով աջ ականջն են քորում: Այսինքն, երբ սպառվում է ամենակարեւորը, հանդիսատեսին զարմացնելու համար սկսում են դառնալ անհասկանալի:
- Կինոարտադրողը պիտի հաշվի՞ նստի, թե ինչ տեսակ ֆիլմ է ուզում հասարակությունը:
- Հիմա մեր հասարակության մեծ մասը ուզում է լուծված խաչբառ: Ես չեմ գնի լուծված խաչբառ: Ես հիմար չեմ, բայց այսօր մարդիկ չեն ուզում մտածել, որովհետեւ սովորել են հասարակ մտքերին ու շատ էժան ծամվող արտադրությանը:
- Երեւանում սիրելի մի բան ունե՞ս:
- Միայն սիրելի մարդիկ… Ինչ-որ մեկը 300 հազար դոլարանոց մեքենա է քշում, իսկ երիտասարդներին՝ կինո նկարելու համար, տարեկան երեք հազար դոլար է տրամադրվում, ծիծաղելի է, որովհետեւ ցանկացած պետության՝ պատմության մեջ մնալու միակ ձեւը մշակույթն է: Իհարկե, կարող ես Հիտլերի նման վարվել, բայց հետո քեզ լավ չեն հիշելու:
- Մեր այս հարցազրույցն ավարտող ի՞նչ վերջաբան կառաջարկես:
- Ցանկացած վերջ նոր սկիզբ է: Ինձ համար՝ 1+1=3 նոր ֆիլմս, որովհետեւ ես դպրոցում մաթեմատիկայի դասերին կինո էի նկարում, դա այն ճշմարտությունն է, որն ինձնից ոչ ոք չի խլելու: Այսօր երիտասարդների գործելու տարածքը նման է ականապատ դաշտի, որտեղ մեկ ոտքի տեղ կա, որ դնես ու չպայթես: Նայում ես շուրջդ, քեզ նման այլ երիտասարդներ էլ կան, չես ուզում ոտքդ դնել, որ իրենց էլ տեղ մնա: Ուզում եմ՝ իրար չխանգարենք ու փորձենք օգնել, ուժեղ սերունդ լինենք: Եվ բոլոր կինոգետներին եմ ուղղում իմ խոսքը, հայկական կինոն ապրելու է, կա ու կլինի: Որ ասում եք` հայկական կինոն մահացած է, մոռացեք, չեք հասնելու:
Հարցազրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ