կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-29 11:12
Առանց Կատեգորիա

Գտնե՛լ մեղավորին

Գտնե՛լ մեղավորին

Արթուր Խաչատրյանի կինը` Գոհար Կարապետյանը հղիության 37-րդ շաբաթում կորցրել է երեխային, եւ մինչ օրս ծնողներն այդպես էլ չեն կարողանում պարզել, թե ով կամ ինչն է պատճառը:

Գոհար Կարապետյանը հաշվառվել է թիվ 2 ծննդատանը, նրա բժիշկը եղել է Կանանց կոնսուլտացիայի բաժնի վարիչ Մարինա Պետրոսյանը: Գ. Կարապետյանն ամեն ամիս կանոնավոր կերպով այցելել է ստուգման եւ հղիության 9 ամսիների ընթացքում երբեւէ չի վարակվել վիրուսային եւ ոչ մի հիվանդությամբ: 2010թ. դեկտեմբերի 24-ին ամուսիններով գնացել են հերթական բժշկական քննություն անցնելու` սոնոգրաֆիայի եւ պտղի սրտի աշխատանքի ստուգման:

«Սոնոգրաֆիստը նախ անկետայում լրացրեց, որ պտուղը 37-ի փոխարեն` 34 շաբաթական է, այսինքն` նա եւ բուժող բժիշկը տարբեր թվեր են ասում: Հետո ասաց, որ պտղի քաշը 2 կգ է` այն դեպքում, երբ պետք է լիներ 2,5 կգ: Բժիշկը մեզ հանգստացրեց` ասելով, որ, ճիշտ է, դա խնդիր է, բայց լուծելի»,- պատմեց Արթուր Խաչատրյանը:

Այնուհետեւ նրանք գնացել են կոնսուլտացիայի բաժին` հաջորդ ստուգման համար, սակայն ո՛չ բուժող բժիշկը` Մարինա Պետրոսյանը, ո՛չ էլ բաժնի որեւէ աշխատակից տեղում չեն եղել: «Դեկտեմբերի 27-ին գնացինք Մ. Պետրոսյանի մոտ, ով ասաց, թե անհրաժեշտ է դոպլեր անել, քանի որ երեխայի քաշը մտահոգիչ է»,- պատմեց Ա. Խաչատրյանը: Այնուհետեւ վերջինս կնոջը տանում է Հանրապետական հիվանդանոց, որտեղ էլ պարզ է դառնում, որ պտուղը մահացել է:

Գոհար Կարապետյանը նշեց, որ իր բժիշկն այդպես էլ ոչ մի անգամ չի բարձրացել իր մոտ` որպիսությունը ճշտելու: «Այնքան անմարդկային էին վերաբերվում մեզ. երբ պտուղը պետք է հեռացնեին, ինչ-որ սուր գործիքներ բերեցին ներս, եւ երբ հարցրի, թե ինչի համար են դրանք, բժիշկները սկսեցին մանրամասնորեն պատմել, թե որ գործիքով երեխայի որ մասն են կտրելու»,- պատմում էր տիկին Կարապետյանը:

Նրա հավաստմամբ` հիվանդասենյակում դեկտեմբերի վերջին անգամ ջեռուցում չի եղել, եւ հիվանդի խնամողներն իրենք են էլեկտրական սալիկ տարել հիվանդանոց:

Այժմ ծնողներին մի բան է հետաքրքրում` ի՞նչն է եղել պատճառը, որ առողջ պտուղը հանկարծ մահացել է: «Մենք կարծում ենք, որ եթե բժիշկն է մեղավոր, ուրեմն պետք է պատժվի, որ կրկին նման դեպքեր չլինեն»,- ասում է Ա. Խաչատրյանը` ավելացնելով, որ անձնական ներքին խոսակցությունների ժամանակ բոլոր բժիշկներն էլ երեխայի կորստի պատճառ են համարել բժշկի սխալը, որը, սակայն, հնարավոր չէ ապացուցել:

Շուրջ 2 ամիս անց` 2011-ի փետրվարի 19-ին, Արաբկիր բժշկական կենտրոնից ամուսինները ստանում են հերձման պատասխանը, ըստ որի` «ենթադրյալ ախտաբանաանատոմիական ախտորոշումը` ներարգանդային վիրուսաբակտերային վարակն» է պտղի մահվան պատճառը: Եվ սա այն դեպքում, երբ Գոհար Կարապետյանը հղիության ընթացքում երբեւիցե չի հիվանդացել:

Հերձման արդյունքներից ստացված ինֆորմացիայից էլ հիասթափված` նրանք դիմում են ոստիկանություն` հույսը դնելով դատական բժշկի անաչառ փորձաքննության վրա: Այն, որ Գոհար Կարապետյանը չի վարակվել վիրուսային եւ ոչ մի հիվանդությամբ, փաստում է նաեւ Մարինա Պետրոսյանը` ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի քննչական գլխավոր վարչության կենտրոնական քննչական բաժնում տված բացատրության մեջ: Ըստ Մ. Պետրոսյանի բացատրության` սահմանված ժամկետներում կատարվել է 7 նախածննդյան այցելություն, 2 անգամ թերապեւտի հետազոտություն, 2 անգամ արյան եւ մեզի ընդհանուր քննություն, արյան կենսաքիմիական քննություն, հետազոտություն սիֆիլիսի նկատմամբ` RPR արյան խմբի եւ ռեզուս գործոնի որոշում, 2 անգամ կարդիոտախոգրաֆիա (ԿՏԳ)` գերձայնային հետազոտություններ հղիության 14, 21 եւ 34 շաբաթական ժամկետներում: «Ախտաբանական շեղումներ չեն հայտնաբերվել: «Պտղի մահը հավանական առաջացել է ներարգանդային վիրուսի հետեւանքով»,- նշված է բացատրության մեջ:

Ուշագրավ է հանգամանքը, որ կենտրոնական քննչական բաժնի որոշման մեջ նշված է, որ ներկայումս չկան ներարգանդային ինֆեկցիայի հայտնաբերման հավաստի մեթոդներ: Գործի առիթով ոստիկանության ավագ լեյտենանտ Ա. Ս. Մխիթարյանը որոշում է ընդունել քրեական գործի հարուցումը մերժել` հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Ամուսինները որոշման դեմ բողոքել են, քանի որ, ինչպես հավաստիացնում է Արթուր Խաչատրյանը, որոշումը պարունակում է փաստական, ժամանակագրական սխալներ եւ նաեւ պնդում, որը հիմնավորված չէ եւ չի համապատասխանում իրականությանը:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ