Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եկեղեցին մերժում է երևույթը` մեղքը, ընդունելով մեղավորին, և անկախ նրանից, թե մարդն ինչ կողմնորոշում ունի, մենք կարևորում ենք մարդուն, և եկեղեցին իր դռները չի փակում ոչ մեկի առջև. լրագրողների հետ զրույցում ասաց Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի համակարգող տեր Եսայի քահանա Արթենյանը՝ խոսելով աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնի այցի ու ԼԳԲՏ համայնքի մասին եկեղեցու դիրքորոշման մասին:
Տեր Եսային նշեց, որ եկեղեցու դիրքորոշումը երբեք չի փոխվել, և իրենց մտահոգությունն այն է, որ եկեղեցու դիրքորոշումը հաճախ աղավաղված է ներկայացվում՝ այդ կերպ առիթ փնտրելով քննադատելու ոչ միայն եկեղեցուն, այլև այն խավին կամ կազմակերպություններին, որոնք ավելի պահպանողական դիրքորոշում ունեն:
«Ոչ ոք թող եկեղեցուց ավելի մտահոգված չլինի որևէ անձի հոգևոր, բարոյական կերպարի, խնամքի և հոգատարության առումով: Այսինքն՝ մենք նոր չէ, որ այս երևույթին առնչվում ենք, և որևէ դեպք չեք կարող արձանագրել, որ մարդն իր այս կամ այն կողմնորոշման համար հռչակվի «կործանված»: Ընդհակառակը` մեր գործն այս դեպքում մարդկանց հետ է, նրանց հոգեխնամությունն ու ճիշտ ճանապարհին բերելը»,- ասաց տեր Եսային:
Նրա խոսքով՝ Էլթոն Ջոնի հայտարարությունը, թե օգնելու է Հայաստանի ԼԳԲՏ համայնքին, մտահոգիչ է այն առումով, որ Հայաստանում կան մի շարք կազմակերպություններ, որոնք կարող են հովանավորել նման շարժումները: Այդ կազմակերպությունները, քահանայի խոսքով, իբրև թե ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների իրավունքներն են պաշտպանում, բայց այդ քողի տակ քարոզչություն են իրականացնում: «Եկեղեցուց լավ ոչ ոք այդ մարդկանց իրավունքները պաշտպանել չի կարող, սակայն պաշտպանել` չի նշանակում ծափահարել ու ասել, որ եթե դուք այդպիսին եք, մենք ձեզ ընդունում ենք այնպիսին, ինչպիսին կաք, ուրեմն՝ շարունակեք ձեր գործունեությունն ու քարոզչություն արեք: Ոչ, մենք մարդուն ընդունում ենք այնպիսին, ինչպիսիսն որ կա՝ օգնելով, որ նա հետ դառնա այդ ճանապարհից»,- ասաց տեր հայրը:
Հարցին` իսկ եթե մարդը չի ուզում հետ դառնալ այդ ճանապարհից, այդ դեպքում եկեղեցին ի՞նչ դիրքորոշում ունի, քահանան պատասխանեց, որ, միևնույն է, եկեղեցին չի մերժում նրանց: «Յուրաքանչյուրը պատասխանատու է իր խղճի առաջ, Աստված` իրենց հետ: Մեր առջև ծառացած մարտահրավերներից մեկն էլ այն է, որ մեղքը դառնում է սովորական բան»,- նշեց տեր Եսային:
Մեկ այլ հարցի` ի՞նչ պետք է անել պաշտոնական այցերի դեպքում, արգելե՞լ նման այցերը և չընդունե՞լ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին, տեր հայրը պատասխանեց, որ, ոչ, արգելել չի կարելի, պարզապես պետք է զգուշանալ, որ քարոզչություն չլինի: «Չնայած, մյուս կողմից, այցն ինքնին քարոզչություն է: Բնականաբար, սահմանները փակել չենք կարող, և ես չեմ կարծում, որ պետք է վախենալ նման երևույթներից, ուղղակի հնարավորության դեպքում պետք է արգելել քարոզը»,- ասաց նա:
Դիտարկմանը, որ հաճախ են հնչում կարծիքներ, թե եկեղեցին առաջին հերթին պետք է իր միջից հեռացնի համասեռամոլներին, տեր Եսային պատասխանեց, որ դրանք բամբասանքներ են: Նրա խոսքով՝ եկեղեցին իր ներսում չունի համասեռամոլության դեմ պայքարի խնդիր, քանի որ նման երևույթներ չկան եկեղեցու մեջ, եզակի դեպք է տեղի ունեցել, որի համար էլ կարգալույծ է եղել հոգևորականը: