կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-27 16:06
Հասարակություն

Ի՞նչ են թաքցնում

Ի՞նչ են թաքցնում

Արթուր Խաչատրյանի կինը` Գոհար Կարապետյանը, հղիության 37-րդ շաբաթում կորցրել է երեխային, եւ մինչ օրս ծնողներն այդպես էլ չեն կարողանում պարզել, թե ով կամ ինչն է պատճառը:

Գոհար Կարապետյանը հաշվառվել է թիվ 2 ծննդատանը, նրա բժիշկը եղել է կանանց կոնսուլտացիայի բաժնի վարիչ Պետրոսյան Մարինա Կամոեւնան: Գ. Կարապետյանն ամեն ամիս կանոնավոր այցելել է ստուգման եւ հղիության 9 ամիսների ընթացքում երբեւէ չի վարակվել վիրուսային հիվանդությամբ:

«Դեկտեմբերի 27-ին գնացինք Մ. Պետրոսյանի մոտ, ով ասաց, որ անհրաժեշտ է դոպլեր անել, քանի որ երեխայի քաշը մտահոգիչ է: Գնացինք հանրապետական հիվանդանոց, որտեղ էլ պարզ դարձավ, որ պտուղը մահացել է»,- պատմեց Ա. Խաչատրյանը:

Շուրջ 2 ամիս անց` 2011-ի փետրվարի 19-ին, Արաբկիր բժշկական կենտրոնից ամուսինները ստանում են հերձման պատասխանը, ըստ որի` պտղի մահվան պատճառը հավանական վիրուսային ինֆեկցիան է: Այնուհետեւ ամուսինները դիմում են ոստիկանություն: Ոստիկանության ավագ լեյտենանտ Ա. Ս. Մխիթարյանը որոշում է ընդունում քրեական գործի հարուցումը մերժել` հանցագործության դեպքի բացակայության հիմքով, այն դեպքում, երբ բժիշկ Մ. Պետրոսյանը նույնպես իր ցուցմունքում նշել է, որ Գոհար Կարապետյանի հղիության ընթացքում «ախտաբանական շեղումներ չեն հայտնաբերվել»:

ԵՐԿԻՐ-ը հարցում է ուղարկել ՀՀ ոստիկանություն` պարզելու, թե որքանով է իրավական քրեական գործ չհարուցելը, նույնիսկ եթե մահվան պատճառ է նշվում հավանական վիրուսային ինֆեկցիան:

Մենք հետեւում ենք այս գործին եւ հետագայում կանդրադառնանք ավելի մանրամասն: