կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-20 13:15
Հասարակություն

Նախարարություն ունենք` աշխարհը չունի

Նախարարություն ունենք` աշխարհը չունի

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ներկայացուցիչներից ձևավորված թիմի անդամների հետ. տեղեկացնում է ՀՀ ԿԳ նախարարությունը:

Հանդիպման ընթացքում նախարարն ասել է, որ ՄԱԿ-ը և ՄԱԿ-ի գործակալությունները վերջին երկու տարիների ընթացքում կրթության և գիտության նախարարության համար դարձել են կարևորագույն գործընկերներ: Որպես օրինակ` նախարարը նշել է «ՀՀ կրթության և գիտության նախարարության հաղորդակցության ռազմավարությունը», որն իրականացվում է և արդեն տվել է որոշակի արդյունքներ:

Աշոտյանը տեղեկացրել է, որ սոցիոլոգիական վերջին հարցումների արդյունքում ԿԳՆ-ն առաջատարների շարքում է` գործունեության հրապարակայնության ու թափանցիկության, տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման ու օգտագործման չափանիշներով:

«Նախարարությունն օգտագործում է տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած հնարավոր բոլոր գործիքները` կրթության ոլորտի թափանցիկության և հաշվետվողականության ապահովման համար»,- ասել է նախարարը:

Անդրադառնալով ԿԳՆ աշխատակազմի կարողությունների գնահատման ու զարգացման մշակվող ծրագրին` նախարարը կարևորել է երկու պայման. աշխատանքներն ավարտել սեղմ ժամկետում և ստեղծել որակյալ ծրագիր: «Կրթության ոլորտում իրականացվող լայնածավալ բարեփոխումները ենթադրում են, որ պետք է հզորացվեն նաև նախարարության աշխատակազմի կարողությունները, որոնք հիմքեր կստեղծեն ինչպես իրականացվող գործընթացների արդյունավետության, այնպես էլ հասարակական ընկալումներում նախարարության հեղինակության բարձրացման համար»,- նշել է նախարարը:

Նա ընդգծել է, որ կարողությունների հզորացման գործընթաց նախաձեռնել է նաև ՀՀ կառավարությունը, և վստահություն է հայտնել, որ ծրագրերը միմյանց լրացնելով տալու են ցանկալի արդյունք:

Թիմը նախարարին է ներկայացրել արդեն իրականացված բազային զեկույցի արդյունքները և հետագա գործողությունների պլանը: Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համագործակցության արդյունավետության բարձրացման հետ կապված այլ հարցեր: