կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-19 10:12
Առանց Կատեգորիա

Արտաքին քաղաքական հերթական սխալը

Արտաքին քաղաքական հերթական սխալը

2000-ականների սկզբներին Հայաստանը եւ Ադրբեջանը (գուցե պատահական զուգադիպությամբ, գուցե միմյանցից հետ չմնալու համար) ցանկություն հայտնեցին դառնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) ոչ մշտական անդամ: ՄԱԿ-ի ԱԽ-ն ունի մշտական հինգ անդամ՝ Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, ինչպես նաեւ ոչ մշտական 10 անդամ, որոնք ընտրվում են երկու տարի ժամկետով:

Վերջերս հայտնի դարձավ, որ Հայաստանը այլեւս չի ցանկանում քվեարկվել 2012-2013թթ. ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ դառնալու համար, մինչդեռ Ադրբեջանը լուրջ դիվանագիտական աշխատանքներ է տանում այդ ուղղությամբ: Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, որ այդ հարցում Բաքուն ակնկալում է պաշտոնական Մոսկվայի աջակցությունը: Էլմար Մամեդյարովն ասել է, որ անդամակցության հնարավորությունն արդեն քննարկել է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ:

Ավելի վաղ՝ այս տարվա մայիսի վերջերին, Մամեդյարովը, մասնակցելով ՄԱԿ-ում Իսլամական համագործակցության կազմակերպություն անդամ երկրների ներկայացուցիչների նիստին, այդ կառույցի անդամ 57 երկրների դիվանագետներին տեղեկացրել է Ադրբեջանի ցանկությունների մասին՝ հորդորելով հոկտեմբերին կայանալիք ընտրություններում սատարել Բաքվին:

Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի 23 երկրներ կարող էին պայքարել 2012-2013թթ. ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ դառնալու համար: Այսօր այդ տեղի համար պայքարում են այդ խմբի միայն երեք երկրներ՝ Ադրբեջանը, Հունգարիան եւ Սլովենիան:

Հայաստանի հրաժարումից հետո Ադրբեջանը ընտրվելու որոշ հնարավորություններ ունի, թեեւ այդ հնարավորությունները նվազ են: Հայաստանի արտաքին քաղաքական սխալն այն էր, որ պետք է պայքարեր այն տեղի համար, որի համար այսօր պայքարում են Ադրբեջանը եւ Եվրոպական Միության երկու անդամներ: Պայքարել ոչ միայն ընտրվել փորձելու, այլեւ խոչընդոտելու Ադրբեջանի հնարավոր անդամակցությանը:

Ակնհայտ է, որ երբ ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ դառնալու համար պայքարում են Հայաստանն ու Ադրբեջանը, ապա երկուսից որեւէ մեկի ընտրվելու հավանականությունը գրեթե անհավանական է: Հայաստանն ու Ադրբեջանը ունեն, պայմանականորեն ասենք, իրենց բարեկամ երկրների խմբերը, որոնք, որպեսզի չնեղացնեն երկուսին էլ, քվեարկելու էին Հունգարիայի կամ Սլովենիայի օգտին: Եվ պատահական չէ, որ Մամեդյարովն արդեն ակնկալում է Ռուսաստանի օժանդակությունը: Միջազգային կառույցներում, այդ թվում` ՄԱԿ-ում, Հայաստանն ու Ռուսաստանը, որպես ռազմավարական դաշնակիցներ, սովորաբար միմյանց աջակցում են: Այսօր, երբ Հայաստանը հանել է իր թեկնածությունը, Ռուսաստանը այլեւս բարդույթներ չի ունենա քվեարկելու հենց Ադրբեջանի օգտին: Նույնը վերաբերում է արաբական եւ մահմեդական երկրներին, որոնք, գերակշիռ մեծամասնությամբ, հաշվի առնելով կրոնական համերաշխությունը, քվեարկում են Ադրբեջանի օգտին, սակայն նրանց մեջ կային երկրներ, որոնք շեղվում էին, երբ ընտրությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ էր: Այսօր, երբ Հայաստանը այլեւս չի պայքարում ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամության համար, Լիբանանը, Սիրիան կամ Եգիպտոսը Ռուսաստանի նման այլեւս տատանվելու խնդիր չունեն:

Եվ այս հարցում հենց Հայաստանը օգնեց՝ իր «ոչ նախաձեռնողական» կեցվածքով: Ու հիմա հայ դիվանագետների ու լոբբիստների համար շատ դժվար է ու ինչ-որ տեղ՝ ոչ կոռեկտ, բարեկամ երկրներին համոզել, որ նրանք դեմ քվեարկեն Ադրբեջանին: Իշխանությունները հայտարարում են, թե իրենք վարում են արտաքին նախաձեռնողական քաղաքականություն: Պետք է նկատել, որ «նախաձեռնողական» բառը չի կարող արտահայտել տվյալ երկրի արտաքին քաղաքականության ուղղությունը կամ առաջնահերթությունը: Որեւէ երկրի արտաքին քաղաքականություն կարող է լինել եվրոպամետ, ամերիկամետ, ռուսամետ, թուրքամետ, փոխլրացված, չեզոք եւ այլն: Այս տերմիններով արտահայտվում է երկրի արտաքին քաղաքականության բովանդակութունը, ուղղությունը, առաջնահերթությունը: Մինչդեռ «նախաձեռնողականը» ընդամենը տեխնիկական բառ է, որն արտահայտում է ոչ թե արտաքին քաղաքականության բովանդակություն կամ ուղղություն, այլ ակտիվություն, միջոց: Նախաձեռնողական կարող է լինել որեւէ երկրի ինչպես եվրոպամետ, ռուսամետ, թուրքամետ, փոխլրացված, այնպես էլ բովանդակային առումով ամեն քաղաքականություն:

Այս նրբությունը փորձեցի ներկայացնել՝ ցույց տալու, որ Հայաստանի այսօրվա արտաքին քաղաքականությունը բովանդակային առումով ոչ միայն չունի անուն, այլեւ արտաքին քաղաքականություն իրականացնելու իմաստով, հաշվի առնելով ՄԱԿ-ում հոկտեմբերին սպասվելիք քվեարկությունը, նախաձեռնողական չէ՝ հակառակ իշխանական պնդումների:

Թաթուլ ՀԱԿՈԲՅԱՆ