Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Մայիսի 7-ին Երևանում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի, Եվրոպական Միության և համագործակցության նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, իսպանականը՝ Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի պետքարտուղար Ֆերնանդո Վալենսուելան (Fernando Valenzuela):
Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցները քննարկեցին հայ-իսպանական երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ, մտքեր փոխանակեցին առևտրատնտեսական, գիտակրթական և այլ ոլորտներում համագործակցության հետագա խորացման հեռանկարների վերաբերյալ:
Անդրադառնալով ՀՀ-ԵՄ համագործակցության ներկա փուլին և զարգացման հեռանկարներին՝ հայկական կողմը ներկայացրեց ՀՀ կառավարության կողմից կազմված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և կարևորեց Իսպանիայի կողմից համաձայնագրի շուտափույթ վավերացումը:
Կողմերը քննարկեցին նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, ինչպես նաև՝ այդ գործընթացում ԵՄ անդամ երկրների աջակցությունը:
Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Կարևորվեց նաև բազմակողմ ձևաչափով միջազգային կառույցներում երկու բարեկամ երկրների միջև փոխգործակցությունը:
Իսպանական պատվիրակությանն ընդունեց նաև ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ով հյուրերի խնդրանքով ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը միտված ջանքերը և բանակցային գործընթացի շուրջ վերջին զարգացումները:
Անդրադարձ կատարվեց նաև ԵՄ շրջանակներում Իսպանիայի հետ համագործակցությանը: