Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-11-11 18:30
Առանց Կատեգորիա

Երկու գաղտնի այց` մեկը` Ռուսաստան, մյուսը` Հայաստան

Երկու գաղտնի այց` մեկը` Ռուսաստան, մյուսը` Հայաստան

Հայտնի է, որ գաղտնի այցով (համենայն դեպս, պատկան որեւէ մարմին այդ այցի մասին խուսափեց պարզաբանում տալ) Հայաստան է ժամանել ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար, Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին: Երեւանում նա տեղավորվել էր «Գոլդեն թյուլիփ» հյուրանոցում: Ժիրինովսկու այցի մասին մանրամասներ մեզ չհաջողվեց պարզել ո'չ պատգամավորի մամուլի գրասենյակից, ո'չ էլ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մամուլի քարտուղարությունից:

 

Այսօր էլ ռուսական Эхо Москвы-ին տեղեկություն հրապարակեց, համաձայն որի՝ շաբաթ օրը Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը գաղտնի այցելել է Մոսկվա: Այն, որ նա բանակցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա ասել է, որ երկու երկրների առաջնորդները քննարկել են առևտրա-տնտեսական հարաբերություններ: Նշենք, որ Յանուկովիչի այցից տեղյակ չի եղել անգամ ռուսական պետական հեռուստաընկերությունը:

 

Ինչպիսի զուգատիպություն. շաբաթ օրը երկու ազդեցիկ քաղաքական գործիչներ (ամենեւին համեմատություն չենք ուզում անել) ինչ-որ պատճառներով որոշում են գաղտնի այցեր կատարել. Յանուկովիչն ընտրում է Ռուսաստանը, իսկ Ժիրինովսկին՝ Հայաստանը:

 

Այն, որ Յանուկովիչը ցանկացել է գաղտնի բանակցել Վլադիմիր Պուտինի հետ, ավելի քան հասկանալի է: Ուկրաինան չի ցանկանում հրաժարվել ո'չ ՄՄ-ից, ո'չ էլ ԵՄ-ից, և այս փուլում Յանուկովիչի գերխնդիրն է մեղմել Պուտինի զայրույթը՝ կապված նոյեմբերին Վիլնյուսում ստորագրվելիք Ասոցացման համաձայնագրի հետ: Հաշվի առնելով Պուտինի կոշտ դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ  (Մինսկի գագաթաժողովում նա նշել է, որ Ուկրաինան չի կարող խաղալ երկու լարերի վրա և պետք է ընտրություն կատարի)` կարելի է նույնիսկ ենթադրել, որ Յանուկովիչը կցանկանա հրաժարվել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրից: Նման կարծիքի առիթ է տալիս նաև վերջերս Ուկրաինայի նախագահի կողմից Կիևում ընթացող ֆորումի ժամանակ արված հայտարարությունը. «Ուկրանան չի կարող թույլ տալ, որ ԵՄ-ի հետ համագործակցության պայմանները խոչընդոտեն Կիևի՝ ՄՄ-ի երկրների հետ հարաբերությունների խորացմանը: Ուկրաինան հետաքրքրված է եվրասիական երկրների հետ հարաբերությունների խորացմամբ»:

 

Իսկ ահա Ժիրինովսկիի այցի նպատակները միանգամայն անհասկանալի են: Հայաստանը հայտնել է ՄՄ-ին միանալու իր հստակ պատրաստակամությունը և, կարծես, լիովին երես թեքել ԵՄ-ից: Պարզ է, որ ռուսական կողմը ոչ մի մտավախություն չունի` Հայաստանի հետ կապված: Իսկ Սերժ Սարգսյանի՝ ՄՄ-ին Հայաստանի միանալու գործընթացն արագացնելու խնդրանքը վերջ դրեց բոլոր կասկածներին: Այդ դեպքում ո՞րն է խնդիրը: Իսկ գուցե անհանգստանալու պատճառ, այդուհանդերձ, ունի Հայաստանը, և Ժիրինովսկին հատուկ առաքելությամբ է ժամանել (որքան մեր որոշ ընդդիմադիրների ընդդիմադիր հռչակելու անկեղծությանն ենք հավատում, այնքան էլ` Ժիրինովսկու)՝ հասկացնելու, որ ղազախա-բելառուսական տանդեմը կարող է ինչ-որ կերպ ազդել Հայաստանի ՝ ՄՄ-ին միանալու գործընթացի վրա, եւ փորձելու լուծումներ գտնել: Հաշվի առնելով ռուսական Առաջին ալիքով վերջերս հեռարձակված սկանդալային տեսանյութը՝ այդ տարբերակն այնքան էլ հեռու չէ իրականությունից, եւ Հայաստանի գործերը, ստացվում է, այդքան էլ հարթ չեն ընթանում:

 

Անի Սահակյան