կարևոր
1702 դիտում, 1 ամիս առաջ - 2024-09-27 20:29
Քաղաքական

Նիկոլն ու Աննան հայրենասեր են, բայց նրանց հայրենիքը Հայաստանը չէ․ Արմենուհի Կյուրեղյան․ Օragir.news

Նիկոլն ու Աննան հայրենասեր են, բայց նրանց հայրենիքը Հայաստանը չէ․ Արմենուհի Կյուրեղյան․ Օragir.news

Օragir.newsզրուցել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հետ։ Կայքը գրում է․

Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակներում ջերմ շփումներ է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կնոջ՝ Էմինե Էրդողանի հետ։ Հիշեցնենք, որ Էրդողանի կինը 44-օրյա պատերազմից հետո այցելել էր բռնազավթված Շուշի և Վարանդա, անհարգալից արտահայտվել ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների մասին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ անելով «նրանց մաս-մաս փոխանակել ականապատված դաշտերի քարտեզների հետ»։

Փաշինյանը նույնպես երջանկացել էր թուրք գործընկերոջ հետ հանդիպումից, համենայնդեպս այդ մասին են վկայում Փաշինյան-Էրդողան հանդիպումից տարածված կադրերը, որոնցում Փաշինյանի դեմքին լայն ժպիտ էր նկատվել։ Հանդիպման ժամանակ Էրդողանը Նիկոլ Փաշինյանին իր հեղինակած գիրքն էր նվիրել, որը կառավարության ղեկավարը ամուր սեղմել էր իր կրծքին։

Oragir.News-ի հետ զրույցում Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը նշեց՝ երբևիցե չի կասկածել, որ այն ամենն, ինչ արվում է գործող իշխանությունների կողմից, դա թուրք-ադրբեջանական տանդեմի ուղիղ պատվերն է ու նրանց ծրագրի իրականացումը։ Նրա խոսքով՝ Նյու Յորքում Էրդողանի և նրա կնոջ հետ Նիկոլ Փաշինյանի ու Աննա Հակոբյանի ջերմ շփումները վկայում են իր ասածի ճշմարտացիությունը։

«Ըստ էության, օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Հայաստանի շահերից չի բխում, որ ինքն այսքան հայրենասեր է։ Հիմա այդ նկարը, որտեղ ինքը երջանիկ ժպիտով ու մինչև ականջները բաց բերանով գրկել էր Էրդողանի գիրքը, դա վառ ապացույցն է այն բանի, որ այո՛, ինքը հայրենասեր է, բայց այստեղ խնդիրն այն է, թե որն է իր հայրենիքը։ Այդ նկարը ցույց է տալիս, թե որն է իր հայրենիքը, և որ հայրենիքի հայրենասերն է ինքը։ Նույնը կարող ենք ասել նրա կնոջ՝ Աննա Հակոբյանի և Էրդողանի կնոջ համատեղ լուսանկարի մասին։ Դա վկայում է այն մասին, որ իրենք այդ մարդկանց հետ համատեղ ծրագիր են իրականացնում ու շատ ուրախ են, որ իրենց ծրագիրը կյանքի է կոչվում, շատ ուրախ են, որ այդ ծրագիրն օր օրի կյանքի է կոչվում»,- շեշտում է նա։

Ընդդիմադիր պատգամավորի դիտարկմամբ՝ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիներն այդ համատեղ ծրագրի մի մասն են կազմում, իսկ Հայաստանի գործող իշխանություններն առհասարակ չեն մտածում նրանց հայրենադարձման մասին․ «Դուք մտածո՞ւմ էիք, որ այս իշխանությունները երբևիցե մտածելու են մեր ռազմագերիների վերադարձի մասին, մտածելու են Արցախի մեր ռազմաքաղաքական ղեկավարության հայրենադարձման մասին, Արցախի բնակչության վերադարձի ու ինքնորոշման իրավունքի իրականացման մասին։ Ո՛չ, նրանք եկել են հակառակն անելու, եկել են ծրագրավորված անելու ու ցավոք ցրտի դեռ կարողանում են անել։ Նրանք իրականացնում են ծրագիր ու այդ ծրագրի իրականացումն իրենց երջանկացնում է, իրենք եկել են հենց այդ ծրագիրն իրականացնելու»։

Oragir.News-ի հարցին, թե ինչո՞ւ հանրությունն այս ամենին նորմալ վերաբերվում և չի ընդվզում՝ Արմենուհի Կյուրեղյանը պատասխանեց, որ այնքան էլ համաձայն չէ, որ հանրությունն այս ամենին նորմալ է վերաբերվում։ Նրա համոզմամբ՝ վաղուց արդեն ժամանակն է, որ հանրությունը ոտքի կանգներ, բռունքը խփեր սեղանին՝ ներկայիս իշխանությանը հեռացնելու համար․ «Սակայն երևի թե մեր հանրության ուղեղներն այնքան են այլ թեմաներով լցրել, որ ժամանակ էր պետք, որ մարդիկ այդ ամենից թոթափվեին։ Բայց որ սկսել են թոթափվել, սկսել են ոտքի կանգնել, դա միանշանակ է, դրա մասին է վկայում «Սրբազան շարժմանը» օրեցօր միացող նոր մարդկանց թիվը»։

Արմենուհի Կյուրեղյանը հավելեց նաև՝ հույս ունի, որ հանրությունն օրերից մի օր ոտքի կկանգնի և այս իշխանություններին դուրս կշպրտի։ Նա ասաց, որ դա պետք է լինի համառ ու երկար աշխատանքի արդյունքում՝ վստահություն հայտնելով, որ դա դա անշուշտ կլինի։ «Ես անուղղելի լավատես եմ և երբեք հույսս չեմ կտրում, որ հանրության ուշքի գալու արդյունքում այս իշխանությունները կհեռացվեն»,- եզրափակեց նա։