կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-27 19:21
Հասարակություն

Նորից զոհ` խաղաղ պայմաններում

Նորից զոհ` խաղաղ պայմաններում

Մասիսի Նորաբաց գյուղից բանակ զորակոչված Տիգրան Համբարձումյանը չորս ամսից պետք է զորացրվեր, բայց…

«Երկու օր առաջ` կեսօրին, Տիգրանս զանգահարել է տուն, մոր, մորաքրոջ հետ է խոսել, շատ լավ տրամադրություն է ունեցել: Մորը խնդրել է լիցքավորել բջջայինի համարը: Գիշերը զորամասից զանգահարեցին, հետաքրքրվում էին` արդյոք, Տիգրանս տո՞ւն է եկել: Զարմացանք, հետո երբ իմացանք չկա, անհանգստացանք եւ լուսադեմին գնացինք Կապան, որտեղ ծառայում էր»,- պատմեց զինվորի հայրը` Բենիկ Համբարձումյանը:

Արդեն Կապանում պարզվում է, որ Տիգրանի դին հայտնաբերվել է զորամասից մոտ 100 մետր հեռավորության վրա` երակները կտրած, գլուխը գայլերի կողմից հոշոտված: Դիակի կողքին էլ «հայտնաբերվել է» ածելի:

Նախնական վարկած է առաջ քաշվել ինքնասպանությունը, բայց ծնողները հասցրել են պարզել, որ Տիգրանն այդ օրը վիճաբանել է հրամանատարների հետ:

«Վիճաբանություն է եղել, եւ Տիգրանը լքել է զորամասի սահմանները, բայց դա չի նշանակում, որ նա այնքան թուլակամ տղա էր, որ ինքնասպանություն գործեր»,- ասում էին համագյուղացիները եւ վստահեցնում, որ պինդ եւ շատ կենսախինդ երիտասարդ էր:

Չնայած զինդատախազության առաջ քաշած վարկածին` ծնողները վստահ են, որ ածելին այդտեղ հետո է հայտնվել, երբ արդեն ամեն ինչ վերջացած է եղել: