| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող պաղեստինյան ՖԱԹՀ կուսակցության միջազգային հարցերով համակարգող Նաբիլ Շաասի ղեկավարած պատվիրակությանն այսօր ՀՅԴ Բյուրոյի «Քրիստափոր Միքայելյան» կենտրոնում ընդունել են ՀՅԴ ներկայացուցիչները` ՀՅԴ Բյուրոյի անդամ Լեւոն Մկրտչյանի եւ ԱԺ պատգամավոր Միքայել Մանուկյանի գլխավորությամբ:
Լեւոն Մկրտչյանը, ողջունելով հյուրերին, հույս է հայտնել, որ Հայաստան կատարած այցը կնպաստի երկու երկրների հարաբերությունների պաշտոնականացմանը: Նաբիլ Շաասը նկատել է, որ իրենց ցանկությունն է՝ երկու բարեկամ երկրներում փոխադարձաբար բացել դեսպանատներ, եւ ՀՅԴ ներկայացուցիչներին ներկայացրել է արաբա-իսրայելական հակամարտության ներկայիս փուլը, նաեւ նշել, որ սեպտեմբերին Պաղեստինը դիմելու է ՄԱԿ-ին` իր անկախությունը ճանաչելու խնդրանքով:
Լեւոն Մկրտչյանը նշել է, որ ՀՅԴ-ն պատրաստ է միջազգային ցանկացած ատյանում աջակցել պաղեստինցիների պայքարին:
Անդրադարձ է եղել նաեւ Արցախի հարցի բանակցային ներկա հանգրվանին, Պաղեստինում եւ Երուսաղեմում հայության իրավունքներին առնչվող հարցերին, ինչպես նաեւ երկու կուսակցությունների համագործակցությունը սերտացնելու հնարավորություններին:
Նաբիլ Շաասը ՀՅԴ ներկայացուցիչներին պաշտոնապես հրավիրել է Պաղեստին:
Մինչ հանդիպումը ՖԱԹՀ կուսակցության պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ եւ հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին, նաեւ եղել է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: