Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Թերթի տեղեկություններով` ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը ցանկանում է առաջիկա խորհրդարանական ընտրություններում Քանաքեռ-Զեյթուն համայնքն ընդգրկող ընտրատարածքում առաջադրել իր թեկնածությունը: Այդ նպատակով նա վերջին ամիսներին իրեն պատկանող «Քեթրին» ընկերության միջոցով այդ համայնքում սկսել է լայնածավալ գործունեություններ, այդ թվում` բարեգործական ակցիաներ իրականացնել:
ԴԱՀԿ պետը նշանակվում է նախագահի հրամանով, եւ չի բացառվում, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո Մ. Պողոսյանն այլեւս չպաշտոնավարի:
ԴԱՀԿ մամուլի ծառայությունից երեկ մեր թղթակցի հետ զրույցում բացառել են Մ. Պողոսյանի առաջադրման հնարավորությունը: Մեր տեղեկություններով, սակայն, վերջինս փորձում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից դրա համար համաձայնություն ստանալ: Եվ, ամենայն հավանականությամբ, կստանա` հաշվի առնելով նրա «անբռնազբոս» վարքագծի նկատմամբ իշխանության մշտական բարեհաճությունը:
Հիշեցնենք, որ հենց Մ. Պողոսյանի պատճառով անցած տարի պաշտոնանկ արվեց ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը, ով համարձակվել էր Միհրանին նկատողություն անել այն բանի համար, որ վերջինս աշխատասենյակում ծեծել էր իր աշխատակիցներից մեկին:
Իսկ ընդամենը օրեր առաջ «Առավոտ» թերթում հրապարակվել էին լուսանկարներ, որտեղ ԴԱՀԿ աշխատակիցները ամբողջ Հալաբյան փողոցի երթեւեկությունը դադարեցնում են «Քեթրինի Միհրանի» համար ճանապարհ բացելու նպատակով:
Ինչ վերաբերում է Քանաքեռ-Զեյթուն համայնքին, ապա ներկայումս այն ընդգրկող ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է ԲՀԿ անդամ Աշոտ Տոնոյանը: Կարծիք կա, որ նա այլեւս չի առաջադրվի: Այդ ընտրատարածքում ցանկանում է առաջադրվել նաեւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ներկայիս ղեկավար Արայիկ Քոթանջյանը: