կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-07 12:31
Իրավական

Հերթական մանյովրը՝ Քեթրինի Միհրանի ղեկավարած կառույցում

Հերթական մանյովրը՝ Քեթրինի Միհրանի ղեկավարած կառույցում

Մինչ երկրի գլխավոր հարկադիր կատարողն իր հանգիստն է վայելում, ԴԱՀԿ ծառայությունը սովորականի պես աչքի է ընկնում իր պարտաճանաչությամբ, եթե, իհարկե խոսքը վերաբերվում է վտարմանն ու քաղաքացիների գույքի կամ հաշիվների վրա կալանք դնելուն:

Yerkir.am-ն օրեր առաջ անդրաձարձել էր բանկի նախկին աշխատակից Արմեն Խաչատրյանի խնդրանքին: Վերջինս, վարկային կազմակերպությունում գրավադնելով իր բնակարանը, չէր կարողացել մարել պարտքը, արդյունքում բնակարանը ԴԱՀԿ-ում դրվել էր աճուրդի և վաճառվել գնահատված արժեքից երկու անգամ ցածր գնով:

Քաղաքացին սեփական սխալը ոչ մեկի վրա չէր բարդել, ոչ էլ քննադատել էր բնակարանը կես գնով վաճառելու խայտառակ գործարքն իրականացրած մարմնին: Մարդը, համաձայնության գալով նոր բնակարանատիրոջ հետ, պարզապես ԴԱՀԿ-ից ու նրա պետից մի քանի օր ժամանակ էր խնդրել՝ անչափահաս երեխաների համար նոր կացարան գտնելու ու գույքը տեղափոխելու համար: Խաչատրյանը Միհրան Պողոսյանից ժամանակ էր խնդրել այն լիիրավ իրավունքով, որ ԴԱՀԿ-ն նույնպես ուշացրել էր իր բնակարանի վաճառքից գոյացած գումարի մնացորդի փոխանցումը, որով էլ ինքը նախատեսում էր լուծել ժամանակավոր կացարանի հարցը:

Հիշեցնենք, որ yerkir.am-ին ԴԱՀԿ-ից հայտնել էին, որ քաղաքացուն ժամանակին ծանուցում է ուղարկվել կոնկրետ օրվա վերաբերյալ, իսկ գումարը օգոստոսի 5-ին արդեն փոխանցվել է քաղաքացու կողմից ներկայացված հաշվեհամարին և մինչև երեկո, ամենայն հավանականությամբ, գումարը կնստի հաշվին: Խաչատրյանն էլ հաստատել էր, որ գումարն արդեն բանկում է և, որ առավոտյան ինքը հավանաբար այն կարող է ստանալ: Սակայն հաջորդ օրը, բանկ այցելելով, քաղաքացին պարզել է, որ ԴԱՀԿ-ն ոչ ավել ոչ պակաս կալանք է դրել իր հաշվի վրա և ԴԱՀԿ-ի փոխանցած գումարը հնարավոր չէ ստանալ: Պարզվել է, որ պատճառը իր կողմից երկու տարի առաջ կատարած ճանապարհատրանսպորտային խախտման համար նախատեսված 30 հազար դրամ տուգանքը չվճարելն է, որի մասին ԴԱՀԿ-ն երբևէ չի ծանուցել:

Եվ մինչ քաղաքացին կպարզեր, թե ի՞նչ տուգանքի մասին է խոսքը, ԴԱՀԿ օպերատիվ աշխատակիցներն իրեն վտարել են տանից:

Անչափահաս երեխաների հետ դրսում հայտնված քաղաքացին այսքանից հետո անգամ չի զղջում, որ տարիներ առաջ կառավարության ներկայացրած գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրի շրջանակներում գրավադրել է բնակարանն ու արտերկրից Հայաստան պարարտանյութ ներկրելով՝ «տակ տվել»:

«Ես ինչ արել իմ՝ երկրիս համար եմ արել: Կառավարությունը մի ոտքով ճանապարհ է բացում, որ քաղաքացին ներդրումներ անի, մյուս ոտքով տշում ա սեփական տանից»,-ասաց վիրավորված քաղաքացին:

Նա հայտնեց, որ նույն օրը վճարել է 2013թ-ի տուգանքը, սակայն մինչ այժմ հաշվի վրայից կալանքը չի հանվել: Այս ամենի հետ կապված բնականաբար ԴԱՀԿ-ն կպատճառաբանի, որ այստեղ որևէ միտում չկա, և որ ամեն ինչ ավտոմատ եղանակով է կատարվում: Երևի նույն «ավտոմատ եղանակով» էլ գոյացել են ԴԱՀԿ-ի Միհրանի միլիոնները, որոնց մասին մամուլը բազմիցս բարձրաձայնել է: Այս պաշտոնյայի անվան հետ է կապված «Ֆրեշ» սուպերմարկետների ցանցը, Ծաղկաձորի «Կեչառիս» հյուրանոցային համալիրը, «Քեթրին գրուպ» ընկերությունը, «Кавказская пленница» ռեստորանների ցանցը:

Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ նրան է պատկանում Հայաստան՝բանանի ներկրման մենաշնորհը: Իր անվան հետ կապված բիզնեսների մասին խոսելիս մի առիթով Միհրան Պողոսյանը հայտարարել է, որ որպես պետական պաշտոնյա ոչ մի բիզնես չունի, իսկ ինչ վերաբերում է իր ընտանիքի անդամներին, ապա իր կինը ևս բիզնես չունի, իսկ իր երեխաները՝ տասնչորս, տասնհինգ և չորս տարեկան են: Հետքարարական է, որ Միհրան Պողոսյանն իր երեխաների՝ անչափահաս լինելու մասին «հիշում է», երբ խոսքը բիզնեսին է վերաբերվում, իսկ երբ հերթը հասնում է երեխային մեքենայի ղեկը վստահելուն, հայրը մոռանում է այդ մասին:

Ասում են, Քեթրինի Միհրանի՝ արտերկրում սովորող 14-ամյա որդին Հայաստանում գտնվելու ընթացքում Երևանում( և ոչ միայն) հաճախ է վարում բիզնես չունեցող հոր «Պորշ Կայեն» մակնիշի մեքենան ու դրա համար երբևէ չի տուգանվում: Կամ էլ ի՞նչ գիտենք, գուցե տուգանվել է, բայց այդ մասին ԴԱՀԿ-ն «մոռացել» է ծանուցել շեֆին, ինչպես տանից զրկված մեր հերոսի դեպքում, երբ 2 տարի տուգանքի մասին չծանուցելուց հետո քաղաքացու հաշվի վրա կալանք դրվեց: