կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-15 23:08
Առանց Կատեգորիա

ԿԱՊԻՏԱԼ. Փոքր բիզնեսի մեծ խնդիրները

ԿԱՊԻՏԱԼ. Փոքր բիզնեսի մեծ խնդիրները

Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) զարգացումը դարձել է հիմնախնդիր, քանի որ ձեռնարկվող քայլերն ըստ էության ակնկալվող արդյունքները չեն տալիս։ Հատկապես լուրջ խնդիրներ են հարուցում հարկային քաղաքականության կոշտությունը, անբարենպաստ մրցակցային պայմանները, խոշոր բիզնեսի ճնշումները, փոքր բիզնեսին ուղղված  ինովացիոն թույլ ազդակները։

ՓՄՁ ոլորտը ֆորմալ առումով գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում: Մասնավորապես՝ հունիսի 8-ին Վիեննայում կայացած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ելույթում նշել էր, որ առանց փոքր և միջին գործարարության զարգացման չի կարող լինել միջին խավ, իսկ առանց վերջինիս զարգացման` քաղաքացիական հասարակություն: Այդ նպատակի իրագործման համար նախատեսվում են որոշակի փոփոխություններ, որոնցից հատկապես կարևոր է  ներդրումային բարենպաստ միջավայրի ձևավորումը: 

Այդուհանդերձ, 2002-ից սկսած՝ ՓՄՁ ոլորտի զարգացման ռազմավարական առաջնորդություններն էականորեն չեն փոխվել: Մասնավորապես՝ 2002թ., 2003թ. ռազմավարական ծրագրերում հիմնական խնդիրները հանդիսանում էին ՓՄՁ սուբյեկտների արտաքին տնտեսական գործունեության ընդլայնումը, ներդրումային բարենպաստ միջավայրի ստեղծումը, նոր տեխնոլոգիաների ներդրումը և այլն: 2011թ. ռազմավարությամ մեջ  արտացոլված խնդիրները և նպատակները նույնատիպ են, այսինքն՝ կարելի է անուղղակիորեն եզրակացնել, որ 10 տարվա մեջ ոլորտը առաջընթաց չի ապրում, և առկա խնդիրներն այդպես էլ մնում են չլուծված: Հետաքրքիր է, որ բյուջեից ոլորտին հատկացվող աջակցությունը ևս չի փոխվում, մասնավորապես՝ և՛ 2010թ., և՛ 2011թ. ռազմավարություններով ոլորտին տրամադրվել է Դ150 մլն, ընդ որում՝ այս գումարը հիմնականում ուղղվելու է սկսնակ ձեռնարկությունների օժանդակությանը:

Սակայն ՓՄՁ ոլորտը տնտեսության շարժիչ ուժերից մեկն է հանդիսանում, մասնավորապես՝ 2010թ. ՓՄՁ-ների տեսակարար կշիռը ՀՆԱ-ում կազմել է 41.7%, իսկ 2009թ. այս ցուցանիշը եղել է 42.5%: Այն էական դերակատարում ունի նաև բյուջեի համալրման տեսանկյունից, մասնավորապես՝ 2010թ. բյուջեի հարկային եկամուտների մեջ սրանց տեսակարար կշիռը կազմել է 26.8%, ոլորտում ներգրավվածների 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն $2600 է, ընդ որում` այս ցուցանիշը ճգնաժամից հետո մոտ $1000-ով պակասել է:  ՓՄՁ ոլորտի 2011թ. զարգացման ռազմավարական  ծրագիրը նախատեսում է 3 հիմնական թիրախներ` արտահանման զարգացում, տարածաշրջանում փոքր և միջին բիզնեսի զարգացում, նորաստեղծ ՓՄՁ-ների աջակցություն:

Ինչ վերաբերում է արտահանման խթանմանը և ներդրումային միջավայրի բարելավմանը, ապա փաստենք, որ արտահանումը ո՛չ ծավալային, ո՛չ տեսականու առումով լուրջ փոփոխություններ չի կրում, իսկ ներդրումները կրճատվում են: