Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կոռուպցիան Հայաստանի տնտեսության զարգացմանը խոչընդոտող հիմնական գործոնն է։ Նման կարծիք է հայտնել Հայաստանում և Վրաստանում KPMG ընկերության ղեկավար Էնրյու Կոկշելը «ԱրմԻնֆոյին» տված հարցազրույցում։
Ըստ նրա՝ Հայաստանում կոռուպցիայի բնորոշ գիծը բիզնեսի եկամուտների թերի հայտարարագրումը և հարկերից խուսափելն է, ինչը թույլ չի տալիս մշակել և իրականացնել հայաստանյան ենթակառուցվածքների բարելավման ծրագրերը, ինչպես նաև սահմանափակում է օտարերկրյա ներդրումների հոսքը դեպի Հայաստանի տնտեսության։
Կոկշելը նկատել է, որ Հայաստանում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված միջազգային ծրագրերը զգալի արդյունքներ չեն արձանագրել։ «Իրականում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել»,- ասել է նա՝ ավելացնելով, որ համաձայն միջազգային հետազոտությունների՝ այսօր Հայաստանը դասվում է կոռումպացվածության ամենավատ վարկանիշ ունեցող երկրների շարքին։
Կոկշելն առաջարկել է երկրում կոռուպցիայի մակարդակի նվազեցման երկու միջոց։ Նրանցից առաջինը լայնորեն կիրառվում է Վրաստանում, որտեղ իշխանությունը պաշտոնանկ է արել մեծ թվով պաշտոնատար անձանց ու անհատների, որոնք երբևէ ներգրավված են եղել կոռուպցիոն գործընթացների մեջ։ Երկրորդ մեթոդը ենթադրում է կոռուպցիայի քայլ առ քայլ, աստիճանական կրճատումը՝ ստեղծելով կոռումպացված հարաբերություններում ներգրավված անձանց վերահսկման հստակ մեխանիզմ։
KPMG-ի կառավարչի կարծիքով` կարևոր է նաև, որ կառավարությունը ցույց տա, թե որքան լրջորեն է տրամադրված պայքարել կոռուպցիայի դեմ, այդ թվում՝ կոռումպացված պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելով։ Նա նաև նկատել է, որ կոռուպցիայի բարձր մակարդակն այսօր բնորոշ է շատ երկրների։ «Այս խնդիրը դժվար է լուծել, քանի որ այս կամ այն կերպ ազդում է միջազգային հանրության շատ -շատ ներկայացուցիչների շահերի վրա։ Դրա լուծումը պահանջում է քաղաքական կամքի դրսևորում»,-ասել է նա։
Կոշելը հաստատել է, որ իսկապես կան փորձեր՝ տնտեսավարողների կողմից բիզնեսը Հայաստանից Վրաստան տեղափոխելու: Մեկնաբանելով Հայաստանի գործարար միջավայրում կատարվող գործընթացները` նա նշել է, որ որոշ հայ գործարարներ, որոնք մտադիր են տեղափոխել իրենց բիզնեսը Վրաստան, դիմել են իրենց ընկերությանը՝ համապատասխան խորհրդակցություն ստանալու համար։
Կոկշելը նշել է, որ Վրաստանում բիզնեսի համար ստեղծված են ավելի նպաստավոր պայմաններ, քան Հայաստանում։ Մասնավորապես՝ կոռուպցիայի մակարդակը Վրաստանում ավելի ցածր է, հարկային բեռն ավելի թեթև է, բյուրոկրատական քաշքշուկը՝ ավելի քիչ։