կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-14 22:09
Առանց Կատեգորիա

ԿԱՊԻՏԱԼ. Հայերը մեքենաներից նախընտրում են էժանը

ԿԱՊԻՏԱԼ. Հայերը մեքենաներից նախընտրում են էժանը

Ավտոմեքենաների առևտուրն ապրիլին կրճատվել է: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2011թ. ապրիլին ավտոմեքենաների առուծախը 2010թ. նույն ամսվա համեմատ կրճատվել է մոտ 7%-ով, իսկ 2011թ. մարտի նկատմամբ՝ մոտ 15%-ով: Ընդ որում՝ այս շուկան 2008թ. ճգնաժամի հետևանքով բավական մեծ կորուստներ արձանագրեց, մասնավորապես՝ կտրուկ կրճատվեցին ավտոմեքենաների ներկրման ծավալները։

2008թ. Հայաստան է ներկրվել մոտ 42 հազ. ավտոմեքենա, 2009թ.՝ ընդամենը 17 հազ.: Սակայն 2010թ. ավտոշուկան կրկին սկսեց աշխուժանալ, և ներկրման ծավալները մոտ 20%-ով աճեցին: Բացի ներկրման ծավալներից՝ աճում էր ներքին առևտրաշրջանառության մեջ ավտոմեքենաների բաժինը, մասնավորապես՝ 2011թ. առաջին եռամսյակում 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ այն ավելի քան 40%-ով աճել էր, ինչը կազմում էր ներքին ապրանքաշրջանառության 4.8%-ը, ընդ որում՝ 2009թ. այդ ցուցանիշը կազմել է 3.2%, իսկ 2010թ.՝ 3.7%:

Ապրիլին այն արդեն հասել է 4.02%-ի: 2011թ. առաջին եռամսյակում ավտոմեքենաների ներմուծումը, 2010թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատ, ավելի քան 2 անգամ աճել է` կազմելով 7 հազ. ավտոմեքենա: Հատկանշական է, որ 2011թ. ավտոմեքենաների միջին մաքսային արժեքը կազմել է $8000, 2010թ. այն եղել է $9747, այսինքն` շարունակվում են ներմուծվել համեմատաբար էժան մեքենաներ, և դրանց գինը տարեցտարի նվազում է:

Կարելի է ենթադրել, որ բարձր մաքսատուրքերն այնքան էլ չեն խոչընդոտում ավտոմեքենաների ներկրումը, ինչի համար հիմք է ծառայում ներկրման ծավալների աճը, սակայն փաստն այն է, որ արդյունքում այլընտրանք է դառնում էժան ավտոմեքենան, ինչը, իր հերթին, լուրջ վնաս է հասցնում շրջակա միջավայրին: Ինչ վերաբերում է բանկային համակարգի «վերաբերմունքին» այս ոլորտի նկատմամբ, ապա փաստենք, որ ավտովարկերը համարվում են ամենաշատ պահանջարկ վայելող վարկատեսակներից մեկը, և տարեցտարի դրանց տեսակարար կշիռն ավելանում է։

Չնայած այս ամենին՝ դրանց տրամադրման պայմանները դեռևս բավական խիստ են։ Վարկերը հիմնականում տրամադրվում են մինչև 3 տարի մարման ժամկետով, կանխավճարը հիմնականում կազմում է մեքենայի արժեքի 30%-ը, տոկոսադրույքները տատանվում են 15-20%-ի սահմաններում: Իսկ ռուսական մեքենաների համար վարկը նույնիսկ հասնում է 22%-ի:

Հավելենք, որ բանկերը հիմնականում վարկավորում են նոր մեքենաների ձեռքբերումը։ Մասնավորապես՝ դրանք պետք է արտադրված լինեն ոչ ուշ, քան 2005թ.։ Սա ինչ-որ տեղ բնական է, քանի որ հին մեքենաների վարկավորումը բավական ռիսկային է: Հավելենք, որ Հայաստանում կա մոտ 450 հազ. ավտոմեքենա: Իսկ մաքսազերծումը, ԱԱՀ-ի, մաքսատուրքերի և բնապահպանական վճարների հետ միասին, մեքենայի ներկրման արժեքը ավելացնում է 32%-ով: