Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ Սարգսյան-Ալիև հանդիպման ժամանակ Հայաստանն իր գիծն առաջ տարավ, իսկ Ադրբեջանն էլի իր հին երգը երգեց. այսօր լրագրողներին ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը:
Նա նշեց նաև, որ նախագահների երեկվա հանդիպման վերաբերյալ` ադրբեջանական ԶԼՄ-ների արձագանքը չեզոք է եղել և ասել` հիասթափված կամ ոգևորված են ադրբեջանական ԶԼՄ-ները, սխալ կլինի: Ի տարբերություն ադրբեջանական ԶԼՄ-ների, մեր լրատվամիջոցների արձագանքը բազմազան էր` նախագահի քայլը ողջունելուց մինչև «գնում է, որ հող հանձնի» մեկնաբանությամբ: Ինչ վերաբերում է ռուսական ԶԼՄ-ներին, ապա նրանք էլ, ըստ մասնագետի, ողջունում էին նախագահների քայլը, քանի որ Ռուսաստանին ներկա պահին ձեռնտու չէ հայ-ադրբեջանական իրավիճակի սրումը:
«Ռուսաստանն, առհասարակ, փորձեց երկու կողմերին ցույց տալ, որ տարածաշրջանում հարցերն ինքն է լուծում, քանի որ բավականին արագ կազմակերպեց հանդիպումը, որի կայանալու վերաբերյալ կասկածներ կային` ապրիլյան դեպքերից հետո: Ադրբեջանը մի բան հասկացավ, որ ինչքան էլ միլիոններ ծախսի սպառազինության վրա, միևնույն է, իր բանակի առջև դրված հարցերը չեն կարողանում լուծել: Հիմա վիճակը մի փոքր օդի մեջ կախված է, սակայն դա չի նշանակում, որ սրացում չի լինի», -ասաց Քոչարյանը:
Ըստ նրա` հայկական կողմին մնում է միայն վերլուծել ապրիլյան դեպքերը, համապատասխան ենթադրություններն անել և ուղղել սխալները:
Ապրիլին, ըստ մասնագետի, միասնականություն կար թե' ԶԼՄ-ներում, թե' համացանցում, որը հիմա թուլացել է, և սրանից փորձում է օգտվել Ադրբեջանը: «Չգիտեմ` երբ կլինի հաջորդ պատերազմը, բայց մենք պետք է հստակ գիտակցենք, որ Ադրբեջանը ցանկացած պահի պատրաստ է դիմել սպառազինությանը»,- ասաց Քոչարյանը: